Արդյոք ՔՊ-ում կան թևեր՝ քոչարյանական, սիմոնյանական:
ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, երբ թևեր լինեն, մտածելու շատ բան կլինի:
«Անդրանիկ Քոչարյանի թևը պաշտպանության և անվտանգության հանձնաժողովն է, որում մենք աշխատում ենք։ Երբ թևեր առաջանան, մեր պետությունը շատ մտածելու տեղիք ունի»,- ասաց նա։
Հարցին՝ կա՞ որևէ առիթ և պատճառ, որ Սիսակ Գաբրիելյանը, Հրաչ Հակոբյանը, Արմեն Փամբուխչյանը և այլք կարող էին դժգոհություններ ունենալ իրենից:
«Ես ղեկավարում եմ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովը, որտեղ երկրի անվտանգության վերաբերող բազմաթիվ հարցեր են քննարկվել, բազմաթիվ պաշտոնյաների անուններ են հնչել, բայց դա հանրային չի եղել։ Դուք ասում եք Արմեն Փամբուխչյան, ես նրա հետ վերջին անգամ շփում եմ ունեցել, երբ նա ղեկավարում էր ԱԻՆ-ը։
Որպես Երևանի փոխքաղաքապետ նրա հետ հեռախոսազրույց եմ ունեցել մեկ անգամ, երբ Արմեն Խաչատրյանի հետ գտնվում էինք «Արագած» ռազմարդյունաբերության գործարանում և խնդիր կար, ես զանգել եմ նրան, ասել եմ՝ խնդիր կա, ինչ-որ չինովնիկ չի տալիս թույլտվություն, որ 300 մ հեռավորության վրա միանան հոսանքի, ասեց՝ կլուծենք։ Մեկ ամիս անց օգնականիս ասել եմ կապվի, տես՝ հոսանքը միացավ ենթակայանին, աշխատանքները ավարտվա՞ծ են, ինձ զեկուցեցին, որ հակառակ որոշում են կայացրել, ոչ միայն միացված չի, այլ պետք է միանա Զովունի գյուղի ենթակայանին, դա արդեն վերջն էր»,- ասաց Քոչարյանը։
Խոսելով իր անվան շուրջ վերջին օրերին տարածվող խոսակցություններին՝ Քոչարյանը նշեց․
«Լուրերը պատահական չեն լինում, ինձ միամիտ մարդու տեղ եք դրել, տեսեք՝ ինչ կառույցների ղեկավար եմ, «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, Քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողով, 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով, ինձ պատահական կարող են բան ասե՞լ։
Հանգիստ մնացեք, թե ինչ նպատակ ուներ արտահոսքը, պատահական չէ։ Ամեն տեղ էլ կարա կռիվ ընկնի, կարևորը ձեռնամարտի կամ կրակոցի չվերածվի, սա պառլամենտ է»։