Իմ և Փաշինյանի միջև սեպ խրողների թիվը գնալով շատացել է, անիմաստ է. Անդրանիկ Քոչարյան

Աժ-ում լրագրողների հետ զրույցում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, թե իրեն հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու գործընթաց է սկսվել ՔՊ-ում, ասաց՝ ֆրակցիայում նման քննարկում չի եղել:

Իր մասին լուրերի արտահոսքը Քոչարյանը պատահական չհամարեց:

«Անթույլատրելի արտահոսք էր, և ես միամիտ մարդ չեմ, իհարկե, իմ մասին այդ արտահոսքը պատահական չէր»,- ասաց նա:

Քոչարյանը նաև նշեց, որ հակասություն չունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

«Պարոն Սիմոնյանն ԱԺ նախագահն է, ես՝ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը, պարզապես, երկրում տիրող անվտանգային իրավիճակն այնպիսին է, որ այս հանձնաժողովը շատ ակտիվ է, բնականաբար, եթե հանձնաժողովն ակտիվ է ու տալիս է բավականին արդյունավետ քննարկումներ ու արդյունքներ, հանձնաժողովի ու հանձնաժողովի նախագահի հեղինակությունը բարձրանում է։

Եթե ինչ-որ մարդկանց դա հուզում է՝ ինձ չի հուզում, որովհետև տարիներ շարունակ ես այս ալիքների վրայով եկել եմ, եղել եմ և՛ իշխանություն, և՛ ընդդիմություն, ամեն ինչի միջով անցել եմ և հիմա նստած եմ այն աթոռին, որին նստած է եղել Վազգեն Սարգսյանը»,- հայտարարեց նա:

Քոչարյանը նաև հայտարարեց, որ կուսակցությունում չպետք է իրենից վտանգ զգան:

«Ես ասել եմ մի անգամ՝ իմ և Փաշինյանի մեջ սեպ մի՛ խրեք, դա անիմաստ է. սեպ խրողների թիվը գնալով շատացել է»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ