Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան ուշադիր հետևում է խաղաղության հասնելու Բաքվի և Երևանի ջանքերին։
«Մենք ուզում ենք որքան հնարավոր է շուտ լավ լուր ստանալ այս ուղղությամբ, նախքան ինչ-որ մեկը կփորձի սաբոտաժի ենթարկել գործընթացը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ չհստակեցնելով, թե ինչ սաբոտաժի և ում կողմից սաբոտաժի մասին է խոսքը։
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը վստահ է, որ խոսքը Ռուսաստանի մասին է։ Նա դա բացատրում է ռուս-ադրբեջանական պայմանավորվածությամբ և Ռուսաստանի տարածաշրջանային շահերով։
«Տարածաշրջանում խաղաղության հաստատումից հետո Ռուսաստանը՝ որպես առնվազն ռազմաքաղաքական գործոն, անելիք չունի»,- ասաց Առաքելյանը։
Էրդողանը նշել էր նաև, որ Անկարան կշարունակի «համակարգված աշխատել ադրբեջանցի եղբայրների հետ՝ կայուն խաղաղության հասնելու համար»։
Առաքելյանի կարծիքով՝ այսպիսով Թուրքիայի նախագահը հասկացնում է Ադրբեջանին, որ Թուրքիան հաշվի առնելու է Ադրբեջանի շահերը, սակայն Ադրբեջանն էլ Թուրքիայի շահերը պետք է հաշվի առնի։
Քաղաքագետի կարծիքով՝ տարածաշրջանի խաղաղության ու կայուն զարգացման բանալին ոչ թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն է, այլ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների։ «Եթե իսկապես Թուրքիան ունի այդ կամքը՝ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, ապա դրանից հետո այլևս հօդս են ցնդում ՌԴ-ի տարածաշրջանային քաղաքականությունն ու ռազմավարությունը՝ ձգձգել խաղաղության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը», — ասաց Էդգար Առաքելյանը։
Անդրադառնալով Վրաստանում կատարվող իրադարձություններին՝Առաքելյանը նշեց, որ Արևմուտքն, ըստ էության, աշխատելու է գործող իշխանության հետ, ճնշելու են վերջիններիս, որպեսզի ԵՄ-ին անդամակցելու օրակարգը հետ բերվի, առավել ևս, որ իշխանությունները ևս այդպիսի խոստումներ են տվել ընտրողներին և կիրառում են այդ հռետորաբանությունը։
Մանրամասն՝ տեսանյութում