ՀՀ ԱԳ նախկին նախարար, «սրբազան շարժումը» ողջունած, Վազգեն Գալստանյանին էլ վարչապետի թեկնածու «առաջադրած» Վարդան Օսկանյանն իր հիմնադրած «Համախմբում» կուսակցության 2023 թվական ֆինանսական միջոցների աղբյուրների, ծախսերի, գույքի մասին հաշվետվությունը չի ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ խախտելով օրենքի պահանջը։ Նախկին նախարարի այս օրինազանցությունը ստիպել է ԿԿՀ-ին արձանագրություն կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Ազդարար» հարթակում հրապարակված արձանագրությունից։ Օգոստոսի 26-ին, ըստ այդմ, ԿԿՀ-ն գրավոր ծանուցմամբ հայտնել է նշված օրը ներկայանալ Հանձնաժողով՝ արձանագրություն կազմելու նպատակով, սակայն պատվիրված ծրարով ուղարկված ծանուցմանը երկշաբաթյա ժամկետում հետադարձ ծանուցում չի ստացել։ ԿԿՀ-ն էլ ծանուցումը օրենքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակել է «Ազդարար» հարթակում, միաժամանակ ծանուցումն ուղարկել է Երևանի քաղաքապետին։ Նախկին նախարարը նորեն չի հաճել Հանձնաժողով ներկայանալ, չի ապահովել իր ներկայացուցչի ներկայանալը, ինչպես նաև մինչև արձանագրություն կազմելը չի ներկայացրել միջնորդություն այն հետաձգելու համար, ուստի համապատասխան արձանագրությունը կազմվել է առանց վերջինիս։
Օսկանյանը հաշվառված է Երևանի Կենտրոն վարչական շրջանում, Դեմիրճյան փողոցում։
Հոկտեմբերի 28-ին, ժամը 12։30-ին, Օսկանյանը պետք է անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով ներկայանար ԿԿՀ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությանը մասնակցելու։ Նրա չներկայանալը, ինչպես նշված է ծանուցման մեջ, արգելք չէ գործի քննություն իրականացնելու համար։
Նշենք, որ ՀՀ իշխանություններից «թաքնվող» նախկին նախարարը ԿԿՀ չէր ներկայացրել նաև կուսակցության 2022 թվականի հաշվետվությունը, ԿԿՀ-ն էլ վերջինիս նկատմամբ կիրառել էր վարչական տույժ՝ 40 հազար դրամի չափով։ Քաղաքական պարապուրդի մատնված կուսակցության տարեկան հաշվետվությունները չհրապարակելը Օսկանյանի մոտ կարծես «խրոնիկ» բնույթ է կրում։ Գուցե նախկին նախարարը պատկան մարմիններից թաքցնելու բա՞ն ունի։ Ի դեպ, կուսակցության մասնավորապես 2019, 2020 թթ. տարեկան հաշվետվություններում ծայրից ծայր զրոներ են…
«Համախմբում»-ը, հիշեցնենք, ստեղծվեց 2016-ին, ապրիլյան քառօրյայից հետո, 2017 թ. ԱԺ ընտրությունների նախաշեմին։ Պետռեգիստրի վերջին տվյալներով՝ դրա 100 տոկոս շահառուն նախկին նախարարն է, որը ժամանակ առ ժամանակ «վերլուծական» ժանրի տեսաուղերձներ է հրապարակում ու հորդորում իշխանությանը անել կամ չանել այս կամ այն բանը։
ԼՂՀ բռնի հայաթափումից հետո ԼՂ հարցով տարիներ շարունակ բանակցած Օսկանյանը, նկատենք, «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբ» է ստեղծել և փորձում է զբաղվել ԼՂ հայերի վերադարձի և այլ իրավունքների հարցերով։
Տարօրինակ է, որ սեփական երկրի օրենքը չհարգող և որպես կուսակցության ղեկավար պարտավորությունները չկատարող անձը որոշել է այլոց իրավունքների հարցերով զբաղվել։ Նկատենք՝ օրերս Օսկանյանի նախաձեռնած այս հանձնախումբը հայտարարություն էր տարածել և ողջունել Եվրպական խրհրդարանի՝ «Ադրբեջանում իրավիճակը, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտումները և հարաբերությունները Հայաստանի հետ» բանաձևը։ Հայտարարությանը կից հրապարակվել է նաև հանձնախմբի անդամների լուսանկարները, որոնցում, Օսկանյանից բացի, պատկերված են ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, ԼՂՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը և ևս չորս անդամ։
Հ. Մ.