Այն ուժը, որը հակաեվրոպական նարատիվներ ուներ, չի հաղթահարել անցողիկ շեմը. Իոաննիսյանը մանրամասներ է հայտնում Վրաստանից

 

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92 %-ը:

Վրաստանի օրենքների համաձայն՝ մանդատները կբաշխվեն այն կուսակցությունների միջև, որոնք կհավաքեն փաստացի ձայների առնվազն 5%-ը։

Ըստ այդմ՝ Վրաստանի խորհրդարանում մանդատներ կունենան «Փոփոխությունների կոալիցիան», որը հավաքել է 11,04%, «Միասնություն՝ ազգային շարժումը»՝ ստացած 10,16% ձայներով, «Ուժեղ Վրաստան» միավորումը՝ 8,81%-ով, և «Վրաստանի համար»-ը՝ 7,77%-ով:

«Անկախ դիտորդ» դաշինքը՝ ի դեմս «Իրազեկ քաղաքացիների միավորման» ու «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի», դիտորդական առաքելություն է իրականացրել հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ խորհրդարան անցած բոլոր կուսակցությունները իրենց դրսևորում են որպես եվրոպամետ, Վրաստանը եվրոպական ուղղությամբ տանող:

Նրա հետ հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.

— Պարոն Իոաննիսյան, վերջին օրերին ամենաքննարկվողը Վրաստանի ընտրություններն էին և են, ինչպես նաև այն մտավախությունը, որ ձայների մեծամասնություն ստացած քաղաքական ուժը հետ է կանգնելու Եվրատլանտյան ինտեգրացիայի ճանապարհից և վերադառնալու է ռուսական ծիր: Որպես տեղում դիտորդական առաքելություն իրականացրած անձ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ընտրության արդյունքները և այս խոսակցությունները:

— Վրաստանում Եվրոպական ինտեգրացիան հանրային կոնսենսուս է վայելում մեծ հաշվով, որովհետև խորհրդարան անցած բոլոր 5 ուժերը, ըստ էության, եվրաինտեգրման օրակարգով են: Այո, իրենք երբեմն ունեն տարբեր պատկերացումներ եվրաինտեգրման մասին, եվրաինտեգրման արժեքային կոմպոնենտի մասին, սակայն բոլորը շատ հպարտ են բռնած՝ եվրոպական ճանապարհով, բոլորը աջակցում են եվրաինտեգրացիան: Նույն՝ իշխող «Վրացական երազանք»-ը, օրինակ, շատ հպարտ է և դրա մասին բազմիցս նշում է, որ Վրաստանը ԵՄ անդամի թեկնածություն և Եվրամիության հետ վիզաների ազատականացում ստացավ իրենց իշխանության օրոք: Կուսակցության դրոշի հիմնական բաղադրիչը ԵՄ դրոշն է, այսինքն՝ ամեն դեպքում հստակ է, որ Վրաստանի հանրության կամքը միարժեք պրոեվրոպական է: Արդեն 8-րդ օրն է՝ այստեղ ենք, ինձ համար միարժեք է, որ Վրաստանի հասարակությունը ուզում է գնալ դեպի Եվրոպա: Ըստ էության՝ այն ուժը, որը հստակ հակաեվրոպական և պրոռուսական նարատիվներ ուներ, մոտ 3 տոկոս է հավաքել և անցողիկ շեմը չի հաղթահարել:

— ԵՄ տարբեր պաշտոնյաներ կոչեր են հնչեցնում, որ Վրաստանի իշխանությունները պետք ուսումնասիրեն ընտրախախտումների դեպքերի մասին փաստերը: Ի՞նչ եք դուք արձանագրել ընտրախախտումների մասով:

— Ընտրախախտումները, որոնք տեսել ենք, մեզ էլ են մտահոգում: Կարծում ենք, որ այդ ընտրախախտումներով պետք է պատշաճ քննություններ լինեն: Քանակն ու ծավալը մտահոգիչ են:

— Եվրամիությունն այս պահին տարածաշրջանում ո՞ր երկրի վրա է առավել հենվում և, այսպես ասած, իր հույսերը կապում նրա հետ:

— Կարծում եմ, որ Վրաստանը և ՀՀ-ն այդ համատեքստում ոչ թե մրցակիցներ են, այլ շատ հստակ դաշնակիցներ, որովհետև ՀՀ-ն և Վրաստանը միասին շատ ավելի արժեքավոր են ԵՄ-ի համար և շատ ավելի մեծ մոտիվացիա են առաջացնում: Առնվազն ԵՄ ինտեգրացիան Վրաստանում հանրային պահանջ է, դա հստակ կարող եմ ասել:

— Իսկ ՀՀ-ում այդ պահանջը նույնքան մեծ ծավալներ ունի՞, թե՞ ոչ:

— Ինձ թվում է՝ ավելի քիչ:

— Ի՞նչ հետևություններ պիտի անի Հայաստանը հարևան երկրի ընտրություններից: Կա՞ն օրինակներ, որ կարելի է վերցնել:

— Վրաստանի ընտրություններից ինչ-որ օրինակներ կարելի է վերցնել: Մենք Վրաստանից ենք օրինակ վերցնում, հաջողությունների և սխալների վրա սովորում, Վրաստանն էլ մեզանից է վերցնում: Փորձի փոխանակումը ընտրությունների կոնտեքստում շատ վաղուց կա, ընդ որում՝ տարբեր մակարդակներում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ