Երբ Գյումրու քաղաքապետի պաշտոնական հրաժարականը լինի, ՔՊ-ն հայտարարություն կանի. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին

Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի պաշտոնական հրաժարականի մասին տեղեկություն դեռ չկա, սակայն քաղաքում վերջին շաբաթներին ստեղծված իրավիճակն ու «Բալասանյան» դաշինքի՝ մանդատները վայր դնելու վերաբերյալ շրջանառվող լուրերը հաշվի առնելով՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը վարչության նիստ է գումարել և քննարկել այս հարցի հնարավոր հանգուցալուծումը:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը:

«Պրոցեսը քաղաքական է, և մեր քաղաքական թիմը թեկնածուի մասով որոշում է կայացել: Ես այս պահին իրավասու չեմ այդ մասին ուղիղ խոսել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտոնական հայտարարությամբ հանդես կգա»,- ասաց նա:

Հարցին՝ չի՞ հերքում, որ ինքն է Գյումրու քաղաքապետի թեկնածուն, Սարուխանյանը նշեց՝ կուսակցությունը հստակ մոտեցում ունի, տարածքային կազմակերպությունների նախագահները դիտարկվում են որպես տվյալ համայնքում քաղաքական թիմի առաջնորդ, ընտրություններում՝ ՔՊ թեկնածու:

Նշենք, որ Կարեն Սարուխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության նախագահն է:

Հարցին՝ արդյո՞ք քաղաքապետի հրաժարականը Գյումրին կոլապսի կտանի, նա ասաց՝ եթե կենսական նշանակության բաժինների ղեկավարները ևս հրաժարվեն իրենց պաշտոններից, որոշ ժամանակ խնդիրներ կառաջանան:

«Եթե նման բան եղավ, դա կլինի «Բալասանյան» դաշինքի վերաբերմունքը Գյումրու և մեր քաղաքի բնակիչների հանդեպ: Ես պարզ ասեմ՝ խոսքը, օրինակ, կոմունալ ծառայություններին, աղբահանությանը, տրանսպորտին է վերաբերում: Եթե նման բան եղավ, դա մեր կողմից կգնահատվի վերաբերմունք գյումրեցիների հանդեպ: Բայց չեմ պատկերացնում, որ կլինի, որովհետև մինչև պաշտոնակատարի նշանակումը, ժամանակ է պետք, եթե քաղաքապետը հրաժարական է տալիս, փոխքաղաքապետներն էլ են դուրս գալիս, 20-25 օր քաղաքը անկառավարելի վիճակում է մնալու: Ներքին համոզմունք ունեմ, որ սիրում են իրենց քաղաքը և չեն թողնի, որ կենսական կարևորության օղակները չաշխատեն, համենայն դեպս գյումրեցին նման վերաբերմունքի արժանի չէ»,- նշեց Սարուխանյանը:

Եթե իրադարձությունները զարգանան այնպես, որ Սարուխանյանը դառնա Գյումրու քաղաքապետ, հաջողելո՞ւ է արդյոք այս պաշտոնում: Մեզ հետ զրույցում պատգամավորը շեշտեց՝ միանշանակ:

«Հաջողելու եմ, ծնունդով գյումրեցի եմ, այստեղ եմ մեծացել, դպրոց հաճախել, բարեկամներ, հարազատներ, ընկերներ ունեմ: Իմ սրտի քաղաքն է: Իմ ուսանողական տարիներին՝ ազատ օրերին, ես Երևանից Գյումրի եմ եկել, միանշանակ հաջողելու եմ»,- համոզմունք հայտնեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ, «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ