Պետական պարտքի ավելացումն ուղղվում է կապիտալ ծախսերին, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտին․ ՀՀ ֆինանսների նախարար

2024 թվականի վերջում պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կանխատեսվում է 49,8 տոկոս, 2025 թվականի վերջում ակնկալվում է 53,5 տոկոս։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Բյուջեի պակասուրդը կլինի 5,5 տոկոս և պետական պարտքը կավելանա 2024 թվականի համեմատ։ Այս պահի դրությամբ՝ պետական պարտքը կազմում է 12,5 միլիարդ դոլար»,-ասել է Հովհաննիսյանը՝ նշելով որ Ֆինանսների նախարարը էական չի համարում պետական պարտքի բացարձակ մակարդակը, այլ կարևորում է դրա համեմատությունը Հայաստանի ՀՆԱ-ի հետ։

«Պետական պարտքը կարող է ավելանալ և պակասել՝ տարբեր կարիքներից ելնելով։ Այստեղ պետք է հետաքրքրի ոչ թե պետական պարտքի բացարձակ մակարդակը, այլ ընդհանրապես պետական բյուջեով նախատեսված ծախսերի արդյունավետությունը։

Եթե մեր եկամուտները և հնարավորությունները բավարար արագությամբ աճում են, պարտքի ավելացումը խնդիր չի:

Ֆինանսների նախարարությունն ունի վերլուծական կարողություններ՝ հաշվելու, թե պետական պարտքի որ մակարդակն է հնարավոր սպասարկել»,-ասել է Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ ահռելի աշխատանք է տարվում, որպեսզի այն ծրագրերը, որոնք իրականացվում են, լինեն ավելի արդյունավետ, չարվեն ծախսեր, որոնք արդյունք չեն տալիս կամ գուցե արդյունք տալիս են, բայց առաջնահերթ չեն:

Հովհաննիսյանը վստահեցրել է՝ արտաքին պարտքի ավելացումն ուղղվում է կապիտալ ծախսերին, մասնավորապես պաշտպանության ոլորտին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ