Պետք է հնարավորություն ստեղծել, որ աշխատող մարդը հարստանա, ոչ թե յոլա գնա. Վարչապետ

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն՝ իրական Հայաստանն է: Այն Հայաստանը, որը գոյություն ունի դե յուրե և դե ֆակտո միառժամանակ և այդ գոյության դե յուրե և դե ֆակտո հատվածները անքակտելի են: Եվ այն իրականությունը, այն իրականությունն է, որը մենք ստեղծել ենք կամ պիտի ստեղծենք մեր աշխատանքի արդյունքում, միայն աշխատանքի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ։

«Կառավարության ու Ազգային ժողովի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների օրենքների և կարգավորումների առանցքային խնդիրներից մեկը պետք է լինի Հայաստանի Հանրապետության ավելի ու ավելի շատ քաղաքացիների համար օրինական աշխատանքով կամ գործունեությամբ հարստանալու հնարավորություն ստեղծել»,-նշեց նա:

Վարչապետը հայտարարել է, թե պետք է լուծել մեկ խնդիր՝ հնարավորություն ստեղծել, որ աշխատող, գործունեություն ծավալող ավելի ու ավելի շատ մարդ հարստանա. «Ոչ թե յոլա գնա, այլ հարստանա։ Մեր պետական կառավարման ամբողջ իմաստն ու նպատակը հետևյալն է, որպեսզի ավելի ու ավելի շատ մարդ յոլա գնա, և սա է մեր իրականության առանցքային բնորոշումը։ Մինչդեռ մենք մեր նպատակները պետք է ձևակերպենք, մեր խնդիրը լինի, որ ավելի ու ավելի շատ մարդ օրինական, մրցակցային աշխատանքով հարստանալու իրական հնարավորություն ունենա»։

Վարչապետը նշեց, որ պետությունը պետք է օրենսդրությունը, արտաքին ու ներքին քաղաքականությունը համապատասխանեցնի այս կարիքներին:

«Պետք է խոստովանենք, որ հիմնական բանը, որ վերջին 6-6.5 տարում իրար հետ արել ենք, խարխափումն է պատմական ու իրական հայաստանների արանքում։ Մեզնից առաջ ընդհանրապես խարխափում չի եղել, իսկ մենք մեր հիմնական ժամանակն ու էներգիան ծախսել ենք պատմական ու իրական հայաստանների արանքում խարխափելով։ Գուցե ցանկալիից ավելի ուշ, բայց այդ խարխափումն ավարտած է։ Կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունն որպես ռազմավարություն ընտրել են իրական Հայաստանի հայեցակարգը։ Վստահ եմ՝ աներկբայորեն ժողովուրդը նույնպես ընտրել է իրական Հայաստանը և առաջիկա պատեհ առիթով այդ ընտրությունը կվերահաստատի»,- ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ