Երբ Լևոն Քոչարյանի հայրը պատրաստվում էր վերադարձնել «ազատագրված հողերը»՝ քանդելով ԼՂՀ «բուֆերային գոտին», «լոլո՞» էր կարդում, թե՞ հավատում էր Ալիևին

Նախկին նախագահի որդի Լևոն Քոչարյանը հայրիկի դիմախաղը մի պահ կրկնօրինակելով՝ «բերանը ծռելով», ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ժամանակ «լոլոներ կարդալու» մեջ էր մեղադրում ՀՀ վարչապետին սահմանազատման գործընթացի մասին հարց հղելիս՝ միաժամանակ ԱԺ-ի վավերացրած կանոնակարգը համարելով «սխալ ստորագրված բան»։

«Խոսքը 5-րդ կետի մասին ա, երբ որ խոսք ա գնում հատվածային սահմանազատման մասին։ …Կանոնակարգում գրված ա, որ հատվածական սահմանազատումն արվում ա առանց վերջնականի, ու կոնկրետ հողի վրա փոփոխությունները արվում են մինչև վերջնական համաձայնեցումը։ Հիմա ասենք, հաջորդ սահմանազատումը արվում ա Տիգրանաշենում, ու հայ զինվորը հետ ա քաշվում ինչ-որ մի կետ, հետո, երբ որ հերթը հասնում ա Ջերմուկին, որտեղ մեր սուվերեն տարածքում ա գտնվում Ադրբեջանը, ու իրանք դա ուղղակի չեն անում՝ պրոցեսը դանդաղեցնում են։ Բայց մենք փաստացի, ինչպես Տավուշում ենք հետ քաշվել, նույն ձևով հետ ենք քաշված լինում այստեղ»,- նշեց Քոչարյանն ու հավելեց՝ «լոլոներ պետք չէ այստեղ կարդալ, խնդրում եմ կոնկրետ»։ Որդի Քոչարյանին, ի դեպ, հետաքրքրում էր, թե ո՞րն է Ադրբեջանին կուրորեն հավատալու պատճառը, «արդյո՞ք արցախահայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանւթյունն է, արդյո՞ք այն է, որ հավակնություններ ունեն մեր սուվերեն տարածքների նկատմամբ, թե՞ այն է, երբ դուք կանոնակարգ եք ընդունում, իսկ Ադրբեջանում խոսում են «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալուց։ Ի՞նչ պատասխան եք տալու ՀՀ քաղաքացուն, երբ լինեն այս ցավալի վտանգները»։

Ի պատասխան՝ Փաշինյանը հեգնեց՝ «ես հասկանում եմ, որ գուցե «Կիկոսի մահը» այն քիչ գրքերից է, որոնք դուք կարդացել եք, բայց կանոնակարգում ձեր նկարագրած մեխանիզմներն ամենևին էլ այդպիսին չեն»։ Նաև հավելեց՝ «կանոնակարգում արձանագրված է ոչ միայն հատվածական սահմանազատում, այլև սահմանազատման գործընթացն ըստ էության ավարտվում է ամբողջական սահմանազատման գործընթացով»։

«Կիկոսի մահը», ինչպես գիտենք, հեքիաթի հերոսուհու պեսիմիստական, եթե չասենք՝ հիվանդ երևակայության մասին է՝ ապագայի վերաբերյալ ողբերգական սցենարներ բեմադրելու և սեփական բեմադրածի վրա ողբալու մասին։

Անշուշտ, ինչպես ցանկացած անհատ, այնպես էլ Լևոն Քոչարյանն իրավունք ունի անհանգստանալու և կամ «փիս-փիս» կանխատեսումներ անելու սահմանազատման գործընթացի և առհասարակ իր ապագայի մասով, այդ թվում՝ Կիկոսի մոր երևակայության մոտիվներով։ Երևակայելը, այո, նույնպես նրա անօտարելի իրավունքն է։ Բայց երիտքաղգործչին առաջարկում ենք երևակայելու և անհանգստանալու արանքում հիշել, որ ինքը որդին է այն սուբյեկտի, որի օրոք բանակցվել են ԼՂՀ-ի և ՀՀ-ի ապագային առնչվող «կարգավորման» այնպիսի տարբերակներ, որոնք դժվար է որևէ հեքիաթի սցենարի հետ համեմատելը, առավել ևս՝ հեքիաթային համարելը։

Արդ, որդի Քոչարյանը թող աչքի անցկացնի հայր Քոչարյանի օրոք բանակցված այդ փաստաթղթերը, համոզված ենք՝ բազում կետեր ու դրույթներ կգտնի դրանց մեջ, որոնք «բա որ հանկարծ…» ոճի կասկածներ հայտնելու և հայրիկի «հանցավոր նաիվության» վրա զարմանալու տեղիք կտան։

Մի փոքրիկ «սպռավոչկա» Լևոն Քոչարյանի համար՝ ուսումնասիրությունն սկսեք ԼՂՀ խնդրի կարգավորման «Մեղրիի տարբերակ»-ից ու հատուկ կանգ առեք այս դրույթի վրա. «Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը (1988 թ. եղած սահմաններում) փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը (1988 թ. եղած սահմաններում) փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը»: «Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի և Շահումյանի գրավյալ տարածքները (1988 թ. եղած սահմաններում) անհապաղ փոխանցվում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքական և վարչական վերահսկողության ներքո»: Ի դեպ, Լ. Քոչարյանը թող հարցնի հայրիկին՝ «Ղազախի գրավյալ տարածք» ասելով ի՞նչ է նկատի առնվել։ Կարո՞ղ է պատահմամբ դրանք ընդգրկում են նաև Տավուշի մարզին սահմանակից գյուղերը։

Եթե «Մեղրիի տարբերակ»-ի դրույթներին, իրագործման հաջորդականությանը ծանոթանալուց հետո Լ. Քոչարյանի բանականությունն ի վիճակի լինի այլ փաստաթուղթ ուսումնասիրելու, ապա կարող է միանգամից անցնել «Մադրիդյան սկզբունքներին»։ Կարգավորման մի փաստաթուղթ, որում Սերժ Սարգսյանի նախագահության օրոք տեղի ունեցած բանակցությունների ընթացքում երեք տասնյակից ավելի փոփոխություններ են կատարվել (երևի խմբագրվել է «լոլոների» մի մասը)։ Ամենասյուրը, թերևս, կարգավորման այս պլանում վերաբերում էր Լ. Քոչարյանի ծննդավայրի վերջնական կարգավիճակին, այդ նպատակով կազմակերպվելիք հանրաքվեին, որով, փաստորեն, առ ոչինչ է համարվել ԼՂ-ի 1991 թվականի հանրաքվեն։

Եթե Լ. Քոչարյանն իրոք ադեկվատ մարդ է, ապա պետք է ԼՂ խնդրի կարգավորման խրոնոլոգիան վերհիշելուց հետո հանգի հետևյալ հարցադրումներին՝ պապան տեսնես ի՞նչ հիմքով ա սենց կորուրեն հավատացել Ալիևին, որ բանակցել ա ազատագրված հողերը հանձնելու, բուֆերային գոտին կազմաքանդելու և ապառազմականացնելու շուրջ, ի՞նչն ա եղել պատճառը՝ Բաքվում, Սումգաիթում և այլուր հայերի նկատմամբ ադրբեջանցիների վայրագություննե՞րը, ցեղասպանությո՞ւնը, Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնություննե՞րը՝ Սևանում «ոտքերը թրջելու» և «Էրիվան» մտնելու իղձի տեսքով։ Եվ հետո՝ ի՞նչ պատասխան էր պապան տալու ՀՀ քաղաքացիներին, ավելի ճիշտ՝ ի՞նչ լոլոներ էր կարդալու, եթե բանակցված էս տարբերակները Ալիևի համաձայնության դեպքում իրականություն դառնային…

Հ.Գ. Հիմնավոր կասկածներ ունենք, որ իր նախագահության շրջանում կամ դրանից առաջ Ռոբերտ Քոչարյանի սեղանի գիրքը եղել է «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» անավարտ վեպը…

Հ. Մանուկյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ