Մտավախություն ունեմ, որ կարող է կրկնվել Հոկտեմբերի 27-ը, վերջերս էլ ԱԱԾ-ն մի խումբ բացահայտեց. Անդրանիկ Քոչարյան

Հասարակությունը մեզ մեղադրում է, որ «Մարտի 1»-ի գործով կարծես ամեն ինչ արվել եւ ոչինչ չարվեց: Այս մասին, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Բայց այդ ոչինչ չանելը կապված է նրա հետ, թե մեր իրավական դաշտը, օրենսդրությունը ինչպես պետք է լուծեր այդ խնդիրները: Նույնը Հոկտեմբերի 27-ի դեպքում է: Վազգենը միշտ կա եւ նա միշտ հետապնդելու է չբացահայտված լինելու խնդիրը»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը չբացառեց, որ ապագայում կարող է կրկնվել «Հոկտեմբերի 27»-ը. «Վերջերս մի խումբ բացահայտեց ԱԱԾ-ն: Իսկ նախկինում ինչո՞ւ չէր բացահայտվում: Դուք գիտե՞ք, որ ինչ-որ պահի քննչական խմբում լավագույն քննիչները, որ իրենց աշխատանքի արդյունքում դուրս էին եկել կոնկրետ ուղղության վրա, հետագայում այդ քննիչների նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց: Սամվել Հովհաննիսյան եւ այլն: Նա հասել էր նրան, որ պարզ էր դառնում, որ եւ մեկուսարանում, եւ ԱԱԾ-ի հետ խնդիրներ են եղել: Այդ խնդիրները պետք էր բացահայտել, եւ առանց շոշափելի աջակցության նման գործողություն իրականացնել անհնար է:

Այո, Նաիրի Հունանյանն ու իր խումբը ունեցել են աջակցություն եւ դա բացահայտելը բացում է այն հարցի պատասխանը, որ այդ աջակիցները պատահական մարդիկ չէին կարող լինել»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ