COP29-ի հնարավոր դրական դերակատարությունը գերագնահատում են և՛ Հայաստանը, և՛ արևմտյան գործընկերները. Արմինե Մարգարյան

 

«Հայկական ժամանակ»-ը «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանի հետ զրուցել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և դրա զարգացումների շուրջ:

Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.

— Տիկին Մարգարյան, հնարավոր համարո՞ւմ եք մինչև COP29-ը դրական տեղաշարժ հայ-ադրբեջանական բանակցային պրոցեսում, և հավանակա՞ն է՝ այն մեզ մոտեցնի խաղաղությանը, և դրա շրջանակում ստորագրվի որևէ փաստաթուղթ:

— Եթե դրական տեղաշարժ ասելով՝ մենք նկատի ունենք «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի ստորագրումը, ապա չեմ կարծում, որ COP29-ը մեզ մոտեցնելու է դրան: Դրա մասին են վկայում Ադրբեջանի կողմից առաջ քաշվող նախապայմանները: Առհասարակ, տպավորություն ունեմ, որ հայ-ադրբեջանական կարգավորման համար COP29-ի հնարավոր դրական դերակատարությունը գերագնահատվել է և՛ Հայաստանի, և՛ մեր արևմտյան գործընկերների կողմից: Այլ բառերով՝ հաշվարկը սխալ է եղել: Եվ հիմա, որքան էլ հնչեն Ադրբեջանում անցկացվելիք COP29-ը բոյկոտելու կոչեր, իրականությունն այն է, որ ավտորիտար, մարդու համընդհանուր իրավունքները կոպտորեն ոտնահարող, մեկ տարի առաջ էթնիկ զտում իրականացրած ռեժիմը հյուրընկալում է նման կարևորության միջոցառում: Արդյունքում, Ադրբեջանը նորից շահեկան իրավիճակում է, իսկ «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի առաջիկա ստորագրման հավանականությունը մնում է պարուրված մշուշով:

— Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն օրերս հայտարարել էր, որ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա էթնիկ զտում է՝ կոչ անելով բոյկոտել COP-29 համաժողովը: Ինչի՞ մասին են այս ազդակները. արդյո՞ք Արևմուտքը Բաքվին հիշեցնում է իր կարմիր գծերի մասին, որից հետո պատժամիջոցները, որոնց մասին այդքան խոսվում է, կմտնեն գործնական փուլ:

— Ես մշտապես ընդգծել եմ, որ Արցախում էթնիկ զտման փաստը գործիքայնացվելու է որպես ճնշման միջոց պաշտոնական Բաքվի դեմ՝ տարատեսակ ուժային կենտրոնների կողմից և տարատեսակ օրակարգեր առաջ մղելու համար: Ադրբեջանն էլ է դա լավ հասկանում: Ինչ վերաբերում է պատժամիջոցների՝ գործնական փուլ մտնելուն, ես այն միանգամայն իրատեսական եմ համարում: Բայց քանի դեռ ԵՄ-ն ադրբեջանական և/կամ ռուսական գազ է ներմուծում Ադրբեջանից, հնարավոր պատժամիջոցների ազդեցությունը պետք չէ գերագնահատել: Ի վերջո, չմոռանանք, որ Ադրբեջանը ռազմավարական գործընկերային հարաբերություններ ունի ԵՄ անդամ 10-ից ավել պետությունների հետ: Եթե սրան գումարենք նաև Ադրբեջանի կշիռը հակաարևմտյան տարածաշրջայնացման գործընթացներում, ապա ակներև է, որ Արևմուտքից կոնսոլիդացված և հետևողական քայլեր կպահանջվեն Եվրոպական խորհրդարանի՝ «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի ոտնահարման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևի տառին և ոգուն համահունչ քաղաքականություն վարելու համար:

— Հատկանշական էին օրերս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակները, որում կրկին խոսվում էր հնարավորինս կարճ ժամկետում խաղաղության հասնելու կարևորության մասին, ինչպես նաև կոչ էր արվում այս տարի ավարտին հասցնել պայմանագիրը: Կարո՞ղ ենք ասել, որ սա վերջնաժամկետի նման մի բան էր ԱՄՆ նախագահից, ի՞նչ սպասելիքներ ունենալ նաև այդ առումով:

— Ես այն չէի ձևակերպի որպես վերջնաժամկետ: Նախ, կուզենայի ընդգծել, որ և՛ վարչապետ Փաշինյանին, և՛ նախագահ Ալիևին ուղղված նամակների բովանդակությունը արտացոլում էր ամերիկյան կողմի պաշտոնական դիրքորոշումները, որոնք մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել են: Երկրորդ, Բայդենի վարչակազմը մեծ ջանքեր է գործադրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը հնարավոր դարձնելու համար: Հետևաբար, միանգամայն օրինաչափ է, որ հեռանալուց առաջ այն պետք է ինտենսիվացնի իր ջանքերը՝ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու և, ինչու չէ, նաև հաջողության դափնիները քաղելու համար: Ինչ վերաբերում է սպասելիքներին, ապա, կարծում եմ, թիվ մեկ կարևորության հարցն այն է, թե որքանով է ապագա վարչակազմը շարունակականություն ապահովելու հայ-ադրբեջանական գործընթացներում ակտիվ ներգրավվելու հարցում, այլ բառերով՝ որքանով է այս թեման մնալու առաջնահերթություն, այդ թվում՝ նաև ԱՄՆ արտաքին շահերի առումով:

— Կազանում ԲՐԻԿՍ-16-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ռուսական հարթակում հանդիպումները կարո՞ղ են որևէ դրական ազդակ հաղորդել բանակցային գործընթացին, թե՞ հակառակը:

— Հարթակների տարբերությունը կարող է ազդել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վրա և՛ դրական և՛ բացասական առումով, միայն այն պարագայում, եթե ընդունող կողմը, տարբեր գործիքների կիրարկմամբ, առաջ է մղում նաև իր օրակարգերը: Եթե այս տեսանկյունից դիտարկենք հարցը, ապա Արևմտյան համակարգից դուրս բանակցությունները չեն բխում հայկական կողմի շահերից, քանի որ Ռուսաստանն ու Ադրբեջանը, որպես բնական դաշնակիցներ, շարունակաբար պարտադրողական քաղաքականություն են վարում Հայաստանի հանդեպ: Միևնույն ժամանակ, տևական ժամանակ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ են բանակցում, իսկ Արևմուտքն էլ Ադրբեջանին կառուցողականության դաշտ բերելուն միտված հրապարակային հայտարարությունների, պատժամիջոցներ կիրառելու ահազանգի միջոցով աջակցում է բանակցային գործընթացին: Հետևաբար, BRICS-ի գագաթնաժողովի ընթացքում Փաշինյան-Ալիև հանդիպումն ու բանակցությունները ոչ այնքան տարբեր հարթակների մասին էր, որքան բարձրագույն մակարդակով դեմ առ դեմ նստելու և օրակարգային հարցեր քննարկելու մասին, ինչը միանգամայն դրական իրադարձություն է:

— Օդում շարունակում է կախված մնալ հարցը՝ հայկական կողմը պե՞տք է մասնակցի ԿՈՊ29-ին, թե՞ ոչ:

— Քանի դեռ պաշտոնական Բաքուն հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, պատանդառուներին և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անդամներին, Հայաստանը չի կարող մեկնել Բաքու և մասնակցել ԿՈՊ29-ին: Սա այն կարմիր գիծն է, որը խախտման ենթակա չէ: Բացի այդ, ԿՈՊ29-ին մեր մասնակցությունը չէ, որ պետք է որոշի բանակցային գործընթացի ճակատագիրը: Հաշվի առնելով հայկական կողմի կառուցողական և ճկուն մոտեցումները՝ բանակցային գործընթացում գնդակը ադրբեջանական դաշտում է: Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից միակ կառուցողական քայլը եղել է երկրի նախագահի կողմից հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը ստորագրելը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ