Հայ-թուրքական հարաբերություններում հիմա ավելի շատ հաշտության լեզվով խոսելու ժամանակն է․ Էստուկյան

Հայաստանի ու Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները շուտով կհանդիպեն՝ գնահատելու Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման պայմանները, «Ազատությանը» հայտնել է հայ-թուրքական կարգավորման հարցով Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Ըստ նրա, սակայն, դեռ հանդիպման օր չի նշանակվել։

«Ինչպես նախկինում արել ենք, օրինակ, Մարգարայի կամրջի վերաբերյալ համատեղ հետազոտություն, շուտով նման հետազոտության համար հանդիպում կլինի Հայաստանի և Թուրքիայի միջգերատեսչական ներկայացուցիչների միջև, որպեսզի այս պայմանավորվածությունը իրագործենք, նկատի ունեմ՝ գնահատելու համար պայմանները, որոնք անհրաժեշտ են Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկման համար»,- ասել է Ռուբինյանը։

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Ակօս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ։

«Նման հանդիպումներում միշտ որոշումներ են կայացվում, բայց չեն կարողանում գործնական քայլեր ձեռնարկել։ Հիմա չգիտեմ՝ ինչ զարգացումներ կլինեն։ Հուսամ, որ կբացվի։ Այդ մեկը՝ Կարսի գնացքի ճամփան, մեր միակ ցամաքային ճամփան է։ Անշուշտ, դա անբավարար է, քանի որ կարևորը բեռնատար ինքնաշարժերի շարժն է, դրա համար պետք է ցամաքային ճամփան բացվի։ Ես ավելի կարևոր եմ համարում Մարգարայի անցակետով ճանապարհը, որովհետև այսօր բեռնափոխադրումների համար ցամաքային ճանապարհներն ավելի գործածական են, քան երկաթգծի»,- ասաց Բագրատ Էստուկյանը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը։ «Նրանք (Բլինքենը և Ֆիդանը) քննարկել են Հարավային Կովկասում արդարացի և կայուն խաղաղության հասնելու կարևորությունը՝ ուժեղացված փոխադարձ կապերով, որը օգուտ կբերի բոլորին տարածաշրջանում»,- ասվում է հայտարարության մեջ:

Այս մասին Բագրատ Էստուկյանն ասաց, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոր-նոր մերժեց «3+3» ձևաչափի գործնականությունը։

«Ըստ իս՝ տեղին է այդ հաստատումը, որովհետև կարևորը հակադրված կողմերի երկխոսությունն է, երրորդ երկրների միջամտությունը միշտ հարցական կարծիքներ է ստեղծում»,- ասաց Բագրատ Էստուկյանը։

Անդրադառնալով նաև հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունները որքանով են հակազդում հայ-ռուսական հարաբերություններին, Բագրատ Էստուկյանն ասաց, որ չի կարծում, թե ուղղակի ազդեցություն ունենան, որովհետև Հայաստանը և Ռուսաստանը շատ երկար տարիների հարաբերություններ ունեցող երկու պետություններ են՝ նկատի ունենալով նաև Խորհրդային Միության տարիները։

«Հետևաբար հայ-թուրքական հարաբերությունները ազդեցություն չունեն հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Բայց մյուս կողմից էլ՝ Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահները արդեն ահագին հարցերում համաձայնության եկած կողմեր են, հետևաբար կկարողանան հակահայ որոշ քայլեր ձևավորել, բայց ներկայումս այդ ընթացքը չէ։ Հիմա ավելի հաշտության լեզվով խոսելու ժամանակն է»,- նշեց Բագրատ Էստուկյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ