Պուտինը Ադրբեջանի «պախանն» է․ չլինի ռուսական ազդեցությունը՝ Բաքուն կդառնա կառուցողական

«Հանուն հանրապետության» կուսակցության անդամ Առնոլդ Բլեյանը զգուշավոր լավատեսություն ունի, որ Ադրբեջանի հետ թեկուզ շրջանակային համաձայնագիր կստորագրվի մինչև տարեվերջ։ Միացյալ նահանգները իր ողջ գործիքակազմը չի գործարկել Ադրբեջանի դեմ ճնշումներում։ Բլեյանը հույս ունի, որ այուսհետ ավելի շատ գործիքներ կկիրառի ԱՄՆ-ն։

«Միացյալ նահանգների հեռացող վարչակազմը կարող է այնպիսի համաձայնություններ կնքել ՀՀ-ի հետ, որ Ադրբեջանի համար էլ ավելի կդժվարացնեն բանակցային դիրքը», — ասաց Բլեյանը։

Ըստ նրա՝ մինչև տարեվերջ Խաղաղության պայմանագիր կնքելու շանսերը շատ մեծ չեն, չնայած չի կարելի բացառել, որ Ալիևը կգնա դրան, ինչպես ստորագրեց սահմանազատման կանոնակարգը։

Եվրախորհրդարանի հակաադրբեջանական բանաձևին անդրադառնալով էլ Բլեյանը նշեց, թե չնայած դա ուղեցույց չէ, թե ինչպես է Եվրոպան իր քաղաքականությունը մշակելու, սակայն դա մի փաստաթուղթ է, որի հիման վրա գործադիրը կարող է կառուցել իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Բլեյանը նկատեց նաև, որ Եվրախորհրդարանը ԼՂ-ում կատարվածը էթնիկ զտում է որակել։ «Մարիա Զախարովան ասում էր՝ ու՞ր է այդ լուրջ միջազգային կառույցը, որ դա անվանել է էթնիկ զտում։ Խնդրեմ տիկին Զախարովա՝ ընթերցեք», — ասաց Առնոլդ Բլեյանը։

Անդրադառնալով COP29-ին Հայաստանի մասնակցությանը «Հանուն հանրապետության» կուսակցության ներկայացուցիչն ասաց, որ եթե խաղաղության պայմանագիրը պատրաստ լինի, պետք է գնալ։ «Վստահ եմ՝ պարոն Փաշինյանը պատրաստ է գնալ և ստորագրել այնտեղ, եթե դա է պահանջում պետական շահը։ Եթե պետք է գնանք, պարզապես մասնակցենք ու լեգիտիմացնենք միջոցառումը՝ առանց որևէ փաստաթղթի, ապա դա անընդունելի է։ Մենք կարող ենք մասնակցել արտգործնախարարի մակարդակով, եթե դրա դիմաց կկարողանանք էլի որոշ գերեվարված մեր հայրենակիցներին հետ բերել Հայաստան։ Պետք է հասկանանք, թե ինչ ենք ստանում դրա դիմաց», — ասաց Բլեյանը։

Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին Բլեյանը նոր կոնցեպտ առաջ բերեց․ «Հենց մենք կարողանանք հարաբերությունները կարգավորել Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ հարաբերությունները ավելի արագ կկարգավորվեն, որովհետև կարգավորելով հայ-թուրքական հարաբերությունները՝ դու նվազեցնում ես ռուսական ազդեցությունը, իսկ եթե չկա ռուսական ազդեցություն՝ Ադրբեջանը դառնում է շատ կառուցողական։ Ադրբեջանի հիմնական սպասարկուն և շահառուն ու պատռոնաժը, պախանը Ռուսաստանի Դաշնությունն է ՝ իր նախագահով», — ասաց Բլեյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ