Ալիևը ստորագրել է Կանոնակարգը, սակայն Բաքվում կարող են խորամանկ քայլի դիմել. Դալլաքյանը մանրամասնել է՝ ինչ կարող է լինել

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիրը, որով հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության Կանոնակարգը:

Հոկտեմբերի 23-ին էլ ՀՀ Ազգային ժողովն էր ընդունել Կանոնակարգը վավերացնելու նախագիծը: ՀՀ նախագահն էլ ստորագրել է համապատասխան օրենքը։

Հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը ՀՀ իշխանությանը մեղադրում է Կանոնակարգը վավերացնելու շտապողականության համար, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համարում են, թե Կանոնակարգն ամբողջությամբ հակասահմանադրական է և չեն մասնակցել քվեարկությանը:

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում չի բացառում, որ Ալիևի որոշմանը նպաստել են արևմտյան ճնշումները, ինչպես նաև՝ ԱՄՆ նախագահի նամակն ու ԵԽ բանաձևը։

«Գուցե այս պահին առկա ճնշումների ներքո գնաց այդ քայլին։ Բայդենի նամակից բացի՝ այլ բանի մասին մենք տեղյակ չենք, սակայն Ալիևին երևի նաև սանկցիաներով են նախազգուշացրել։ Եթե ուշադիր հետևենք, կտեսնենք, որ ՀՀ վարչապետին ու Ալիևին ուղղված Բայդենի նամակները բովանդակային առումով տարբերություն ունեն: Վարչապետի նամակում գրված է. «Դուք հանձնառու եք խաղաղությանը», իսկ Ալիևինն ասվում է. «Սա Ձեզ համար լավագույն միջոցն է ԿՈՊ29-ից առաջ ապացուցել, որ ցանկանում եք գնալ խաղաղության, և հորդորում ենք մինչև տարեվերջ գնալ դրան»։ Այսինքն՝ հիմա այս քայլով Ալիևը փորձում է իր կապերը նաև Արևմուտքի հետ չկորցնել»,- կարծիք է հայտնում նա։

Կանոնակարգի վավերացման գործընթացը Ադրբեջանում լինում է միայն խորհրդարանի միջոցով, Սահմանադրական դատարանն անելիք չունի, նկատում է Դալլաքյանը։

«Իրանում դրա հետ կապված կոնկրետ օրինակ կա․ Սովետական միության հետ Իրանը նմանատիպ պայմանագիր պետք է կնքեր, նախագահն այն ընդունել էր, բայց խորհրդարանին զգուշացրել էին, որ մերժեն, չվավերացնեն։ Հիմա Ալիևը հաստատել է, բայց գուցե խորհրդարանը չընդունի։ Այսինքն՝ Ալիևն ասի՝ մեր երկիրը դեմոկրատական է, ես հաստատել եմ, խորհրդարանը չի վավերացնում։ Երկու տարբերակ կարող ենք ունենալ․ վավերացնեն Կանոնակարգը, բայց հետաձգեն Խաղաղության պայմանագրի ստորագրումը, կամ էլ ստորագրեն պայմանագիրը, բայց երկարացնեն Կանոնակարգի վավերացումը։ Չնայած մենք Ադրբեջանի ստորագրած փաստաթղթերին ևս չենք վստահում»,- ընդգծում է նա։

Ընդհանուր առմամբ, ըստ Դալլաքյանի, Ալիևի կողմից նման քայլի գնալը պետք չէ բուռն կերպով ողջունել, որովհետև, միևնույն է, Ադրբեջանը խաղաղության չի գնալու: Սակայն սա կարևոր է նրանով, որ ևս մեկ անգամ դրական տեսանկյունից ցույց է տալիս Արևմուտքի օգնությունը դեպի Հայաստան։

Միևնույն ժամանակ զրուցակիցը չի բացառում Ալիևի կողմից Կանոնակարգի հաստատման գործընթացը Ռուսաստանին վերագրելը․ «Հնարավոր է՝ մեր ընդդիմությունն ասի՝ տեսաք, Պուտինը ԲՐԻԿՍ-ում ճնշեց Ալիևին։ Նման դեպք մենք ունեցել ենք նաև մեր գերիների դեպքում․ երբ Արևմուտքը միջնորդությամբ գերիները վերադարձան Հայաստան, իսկ այստեղի ընդդիմությունը դա վերագրում էր Ռուսաստանին։ Այս պարագայում Ալիևի հաստատումը Ռուսաստանին չի մտահոգի, քանի որ Պուտինը գիտի՝ Ադրբեջանը չի գնում խաղաղության։ Իսկ Ռուսաստանը իր ներկայությունը տարածաշրջանում պետք է Ադրբեջանի միջոցով ապահովի։ Չկա կոնֆլիկտ, չկա Ռուսաստանը, այդ պատճառով նրան պետք է, որ կոնֆլիկտը Հայաստանի և Ադրբեջանի միջև մնա չլուծված»։

Քաղաքագետը նկատում է՝ եթե Ադրբեջանի խորհրդարանը չվավերացնի Կանոնակարգը, ապա գործընթացը վերադառնալու է սկզբնական կետ, երբ ի սկզբանե անընդհատ ձգձգվում էր Կանոնակարգի քննարկումն ու ընդունումը։

Մի կողմից Ալիևը իրեն ցույց է տալիս կոնստրուկտիվ, մյուս կողմից էլ Հայաստանի նկատմամբ վարում է առավելապաշտական բանակցություններ, ասում է նա․ «Ուստի մեր խնդիրն է արևմտյան մեր գործընկերների հետ կանգնել Ադրբեջանի կողքին, որովհետև գիտենք, որ Ադրբեջանը միայնակ չէ։ Ես այլ մտավախությունն էլ ունեմ․ հնարավոր է, որ Ադրբեջանի Սահմանադրական դատարանը Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչի իրենց Սահմանադրությանը հակասող, իսկ նշվել էր, որ եթե հետագայում Խաղաղության պայմանագրի մեջ համաձայնեցվի այլ սկզբունք, քան Ալմա-Աթան է, կգործի վերջինս։ Այսինքն՝ պետք է այնպես անել, որ Ադրբեջանն այդ ամենից չօգտվի ու ՀՀ տարածքից դուրս գալու ժամանակ չօգտագործի հորինած քարտեզները, այլ օրինական մեթոդներով գնա սահմանազատման»։

Մերի Խաչատրյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ