Իմ տեղեկություններով՝ հայկական կողմը պատրաստ է Խաղաղության պայմանագիր ստորագրել անգամ ԿՈՊ-29-ի ժամանակ. Ղևոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը շարունակում է պնդել, որ Հայաստանը ԿՈՊ-29-ը կլիմայական համաժողովին մասնակցելու համար պետք է նախապայման առաջադրի, այն է՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձը:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում՝ արձագանքելով վերջին շրջանում ամենաակտուալ ու քննարկվող հարցերից մեկին՝ արդյոք պե՞տք է Հայաստանը գնա Բաքու, թե՞ ոչ:

«Շարունակում եմ մնալ նույն կարծիքին, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանում հայ գերիներ կան, ՀՀ-ն չի կարող ներկա գտնվել Բաքվում ինչ-որ միջոցառման, ելույթ ունենալ, կամ կարող է ներկա գտնվել և ելույթ ունենալ այն պայմանով, որ դրանից հետո նա գերիների հետ է վերադառնալու ՀՀ: Ես հույս ունեմ, որ ՀՀ-ն այս ամիսների ընթացքում փորձել է ճշգրտել՝ կա՞ արդյոք նման հնարավորություն, այսինքն՝ Բաքուն համաձա՞յն է բավարարել այդ նախապայմանը, և եթե համաձայն է, ապա, կարծում եմ, ՀՀ մասնակցությունը ոչ միայն կարելի է, այլև պարտադիր: Իսկ եթե չի համաձայնվել, ապա, եթե ես լինեի որոշում կայացնողը, կհրաժարվեի մասնակցությունից»,- ասում է Ղևոնդյանը:

Հարցադրմանը՝ իսկ ի՞նչ կարող է տալ Բաքվում ԿՈՊ29-ին մասնակցությունը Խաղաղության համաձայնագրի համատեքստում՝ հաշվի առնելով նաև վերջին շրջանում Արևմուտքից Ադրբեջանին ուղղված այն կոչերն ու ազդակները, որ Կլիմայական համաժողովը լավ հնարավորություն է ՀՀ-ի հետ խաղաղության հասնելու առումով, զրուցակիցն ասում է.

«Եթե ՀՀ-ն ԿՈՊ29-ին մասնակցի, իհարկե, իմ նշած պայմանով, ապա Խաղաղության պայմանագրի հարցում հնարավոր է որոշակի առաջընթաց: Նշեմ, որ, իմ տեղեկություններով, հայկական կողմը պատրաստ է արդեն համաձայնեցված կետերով Խաղաղության պայմանագիր ստորագրել անգամ ԿՈՊ-29-ի ժամանակ Բաքվում, եթե, իհարկե, Ադրբեջանը համաձայնի: Այսինքն՝ կա որոշակի հավանականություն, որ Ադրբեջանի համաձայնության դեպքում Խաղաղության պայմանագիրը կնքվի հենց ԿՈՊ-29-ի ժամանակ: Իհարկե, պայմանագիրը ամբողջական չի լինելու, լինելու են միայն այն կետերը, որոնք արդեն համաձայնեցված են, որովհետև ակնհայտ է, որ մնացած կետերը, որոնք դեռևս համաձայնեցված չեն, կարճ ժամանականում հնարավոր չի լինի ի մի բերել»:

Անդրադառնալով դիտարկմանը՝ ՀՀ-ն ամեն անգամ հիշեցնում է, որ պատրաստ է անգամ հենց այսօր ստորագրել պայմանագիրը, սակայն Բաքվում համաձայն չեն՝ Ղևոնդյանը նկատում է՝ այդ հայտարարությունները, ինչպես նաև այն, որ պայմանագրի 80-90 տոկոսը համաձայնեցված է, ուղղված են միջազգային հանրությանը. «Այն, որ պայմանագիրը 80-90 տոկոսով համաձայնեցված է, Ադրբեջանը լավ գիտի, բայց միջազգային հանրությանը կառուցողական երևալու և ՀՀ-ի պատրաստակամությունը ևս մեկ անգամ ի ցույց դնելու համար անհրաժեշտ է անընդհատ հիշեցնել դրա մասին, որ ՀՀ-ն այն կողմն է, որ պատրաստ է օր առաջ կնքել խաղաղություն»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահի կողմից կանոնակարգի հաստատմանը, ապա դա, ըստ զրուցակցի, խաղաղության ճանապարհին ևս մեկ քայլ է, որն ամբողջական կլինի այն ժամանակ, երբ Կանոնակարգի հիման վրա կտեսնենք գործողություններ հողի վրա. «Պետք է նշել, որ, այնուամենայնիվ, սա խաղաղությանը միտված քայլ է և ցույց է տալիս, որ գոնե այս հարցում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղղակի բանակցությունները արդյունավետ են»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ