Տնային կալանքում գտնվող Գյումրու փոխքաղաքապետը դուրս եկավ «Բալասանյան» դաշինքի ցուցակից. ովքեր են մյուս 4 դիմումատուները

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը հոկտեմբերի 25-ին քննեց «Բալասանյան» դաշինքի ցուցակում որպես ավագանու թեկնածու ընդգրկված 5 անձից ստացված ինքնաբացարկի դիմումները:

Բոլոր դիմումները ներկայացվել էին նոտարական վավերացմամբ, ուստի դրանք հեղինակները նիստին ներկա չէին: Նրանցից ոչ մեկը գործող ավագանու անդամ չէր:

Եվս մեկ թեկնածու է մնում դաշինքի ցուցակում, ով ավագանու անդամ չէ, և ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել: Այսինքն, եթե «Բալասանյան» դաշինքը վայր դնի մանդատները, այդ մեկ թեկնածուն կստանա իր մանդատը, ևս 13-ը կմնա թափուր:

«Բալասանյան» դաշինքի ցուցակից սեփական դիմումների համաձայն դուրս եկողների ցանկում է նաև տնային կալանքում գտնվող Գյումրու փոխքաղաքապետ Սուրեն Ջանոյանը:

Ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել նաև Հովսեփ Մարտիրոսյանը, Մենուա Մկրտչյանը, Հասմիկ Սամսոնյանը, Հովիկ Հակոբյանը:

«Բալասանյան» դաշինքի կողմից մանդատները վայր դնելու վերաբերյալ արձանագրություն հանձնաժողովը դեռ չի ստացել:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ը իր բացակայությամբ տապալել էր Գյումրու ավագանու նիստը։ Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում էր կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, այնուհետ վերադարձել աշխատանքի:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը առաջիկայում հրաժարականի դիմում կներկայացնի՝ թողնելով քաղաքի կառավարումը:

Նրա հրաժարականի հետ միաժամանակ մանդատները վայր կդնեն «Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ