ԲՐԻԿՍ-ը ոչ թե հարցեր լուծելու տեղ է, այլ՝ մոտեցումները ներկայացնելու, և որևէ մեկը Փաշինյանի ելույթին չհակադարձեց. Ռոբերտ Ղևոնդյան

«Այցելությունը դրական եմ գնահատում, որովհետև հաշվի առնելով, թե միջազգային համայնքի ինչպիսի ներկայացուցիչներ էին այնտեղ հավաքված, լավ է, որ Հայաստանը ևս ներկա էր»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կազան այցին և ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցությանը՝ ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը:

Փաշինյանը գագաթնաժողովի ընթացքում հանդես եկավ ելույթի խոսքով, որտեղ խոսեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ. «Մի կարևոր փաստ արձանագրենք, որ Մոսկվայից հետո ավելի լայն միջազգային անձնակազմով արարողության ժամանակ Հայաստանը ներկայացրեց տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ իր պատկերացումները: Ինչպես Մոսկվայում, այնպես էլ Կազանում որևէ մեկը նրան իր ելույթում չհակադարձեց, այսինքն Հայաստանի մոտեցումները՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի, նոյեմբերի 9-ի համաձայնագի 9-րդ կետի հետ կապված, փաստացի այդ սեղանի շուրջ ընդունելի էին՝ անկախ նրանից, թե դրանից հետո տարբեր գերատեսչությունների տարբեր ներկայացուցիչներ ինչ հայտարարություններ կանեն: Այս առումով կարծում եմ՝ այցելությունը որոշակիորեն արդարացված էր»,-նշեց Ղևոնդյանը:

Մեր այն հարցին, թե Հայաստանի կողմից նման հայտարարությունները կարող են նպաստել նրան, որ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցն ի վերջո դուրս գա օրակարգից՝ քաղաքագետն ասաց. «Ոչ մի րոպե Հայաստանն այդ հարցի մասին չպետք է մոռանա, կողմերը ցանկացած պահի դա կարող են առաջ քաշել, իսկ կողմերը Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանն են, ընդ որում գլխավոր կողմը հենց Ռուսաստանն է, որովհետև ամենամեծ շահն ինքն ունի: Բայց պետք է փաստերին նայենք, Մոսկվայում հնչած հայտարարությունը և դրա կրկնությունը Կազանում, կարելի է ասել, որ ամենաբարձր մակարդակով որևէ հակազդեցության չհանդիպեց: Ընդ որում՝ հաշվի առնելով, որ ԲՐԻԿՍ-ը փաստացի դարձել է մի կազմակերպություն, որտեղ կարծես թե գլխավոր հարցերի վերաբերյալ համախոհություն այլևս չկա: Ռուսաստանի փորձերը՝ ԲՐԻԿՍ-ը հակադրել Արևմուտքին, հավանության չարժանացավ մյուս ղեկավարների կողմից, այսինքն՝ ԲՐԻԿՍ-ը դառնում է խորհրդատվական ինչ-որ կառույց և այդ կառույցում շատ ավելի կարևոր է սեփական մոտեցումները ներկայացնել և հասկանալ մյուսների տրամադրությունները, քան կոնկրետ աշխատել, որովհետև աշխատանքի համար կարծես թե 100 տոկոսանոց համախոհություն չկա: Կազանում կայացած այս համաժողովի միակ ձեռքբերումը կարելի է համարել 13 պետությունների գործընկեր հռչակումը, ինչը խոշոր հաշվով որևէ էական փոփոխություն ԲՐԻԿՍ-ի աշխատանքի առումով չի բերի»:

Վարչապետ Փաշինյանն իր ելույթում նաև նշեց, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկում է արդեն իսկ կնքել խաղաղության համաձայնագիրը, որին սակայն Ադրբեջանի կողմից արձագանք չեղավ: Ղևոնդյանը խոսեց նաև այս փաստի մասին. «Ինչու Հայաստանի կողմից եղավ խաղաղության պամանագրի վերաբերյալ այս հայտարարությունը և ինչու Ադրբեջանի կողմից չեղավ ոչ մի արձագանք, որովհետև ստացվում է այնպես, որ ԲՐԻԿՍ-ը ոչ թե հարցեր լուծելու տեղ է, այլ՝ սեփական մոտեցումները ներկայացնելու: Հայաստանի համար կարևոր էր խոսել սեփական մոտեցումների մասին, և Հայաստանը ներկայացրեց դա, Ադրբեջանի համար կարևոր էր սեփական մոտեցումն այլ հարցերի վերաբերյալ, մասնավորապես օրինակ՝ իր տարածքում բազմաթիվ խաչմերուկներ, ճանապարհներ, միջանցքներ լինելու հարցի մասին, որոնք Ադրբեջանը պատրաստ է տրամադրել Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք հաղորդակցության համար և Ադրբեջանը դրա մասին խոսեց»:

Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին: Ղևոնդյանի խոսքով՝ Ադրբեջանը չի խոսում Սահմանադրության փոփոխության մասին այն պատճառով, որ Հայաստանը պատասխանի դրան կամ նախաձեռնի այդ փոփոխությունները, Ադրբեջանը խոսում է դրա մասին, քանի որ ցանկանում է ձգձգել խաղաղության գործընթացը. «Բաքուն ցանկանում է ճնշում գործադրել Հայաստանի վրա և ցանկանում է ցույց տալ, որ ինքը կառուցողական է, ուղղակի կա խնդիր և դա չի լուծվում: Խնդիրը Սահմանադրության մեջ չէ, իհարկե, այդ հայտարարություններին Հայաստանը պետք է պատասխանի, բայց դա ընթացակարգային նշանակություն ունի, ոչ թե խնդիրներ լուծելու նշանակություն: Հայաստանը գագաթնաժողովում ներկայացրեց իր մոտեցումները և այդպես էլ պետք է լիներ»:

Հայկական մեդիա տիրույթում շատ քննարկվեց նաև այն մասին, որ Փաշինյանն ու Ալիևը կողք կողքի էին նստած, ինչպես նաև տարածվեց մի լուսանկար, որտեղ Փաշինյանի դիմաց իբրև թե դրված էր ցուցանակ, որի վրա գրված էր Ադրբեջան: Անդրադառնալով այս քննարկումներին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները բացարձակապես բոլոր միջազգային հարթակներում իրար կողքի են լինում կանգնած կամ նստած, դա գալիս է նրանից, որ Հայաստան և Ադրբեջան անվանումների միջազգային տարբերակներն այբբենական կարգով հետևում են մեկը մյուսին և 30 տարի այդպես է եղել, դա նորություն չէ: Իհարկե, սխալ ռակուրսով նկարելը շատ պարզունակ մանիպուլյացիա է, որը կարող էր ծագել միայն պարզունակ մարդկանց գլխում, հասկանալի է, որ մարդիկ, ովքեր խորքային մանիպուլյացիա անել չեն կարող, փնտրում են նման իրավիճակներ և փորձում են այդտեղ ինչ-որ բան ստանալ: Հուսով եմ, որ Հայաստանի հանրությունն այսօր շատ ավելի գրագետ է և մեծ մտավոր ունակություններ ունի ու նման մանիպուլյացիաներն այսօր այլևս չեն աշխատում: Ընդհանուր առմամբ, նման բաները նորմալ են քաղաքական գործընթացներում, հատկապես այն կողմերի համար, ովքեր փնտրում են ամեն մի առիթ, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեն և նվազեցնեն իշխանության վարկանիշը»:

Գագաթնաժողովի շրջանակում կայացավ նաև Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում, որից հետո տարածվեց հայտարարություն. «Սա երրորդ նմանատիպ հանդիպումն է վերջին ժամանակներում, առաջինը ՝ արտգործնախարարների միջև ԱՄՆ-ում, երկրորդը՝ Թուրքիայում էլի արտգործնախարարների միջև, և երրորդն արդեն պետությունների ղեկավարների միջև Կազանում: Երեք հանդիպումից հետո էլ մենք տեսնում ենք, որ նմանատիպ հայտարարություններ են տարածվում, որ աշխատանքները պետք է շարունակվեն: Ինչպես և կանխատեսել էինք՝ միտումն այն է, որ գործընթացն այս պահին առկախված վիճակում է, ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ Հայաստանն ու Ադրբեջանը սպասում են ԱՄՆ ընտրություններին և դրանից հետո աշխարհակարգում տեղի ունեցող փոփոխություններին, որից հետո նոր պարզ կլինի, թե ինչ ուղղությամբ պետք է շարունակել աշխատանքները»,- եզրափակեց քաղաքագետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ