Մարմնի տարբեր մասերը թափահարելով՝ պոպուլիստական հայտարարություն անողները. ՀՅԴ-ականները կրկին «նոպայի» մեջ են

Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցը գերիների վերադարձի վերաբերյալ հուշում է, թե որն է լինելու հիշյալ խմբակցության առաջիկա պոպուլիստական նախաձեռնությունը։

Ենթադրվում է, որ այս անգամ էլ ընդդիմադիր երեսփոխանները հերթական հայտարարության նախագիծը կդնեն շրջանառության մեջ, որում կոչով կդիմեն Ադրբեջանի Միլի Մեջլիսի իրենց գործընկերներին եւ կհորդորեն իրենց հերթին հորդորել Ալիեւին՝ մարդ լինել ու մարդասիրական քայլ անել՝ ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայազգի գերիներին՝ շեշտելով մասնավորապես ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Հայտարարության նախագիծն էլ հատուկ դիտավորությամբ այնպես կշարադրեն, այնպիսի ձեւակեպումներով, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը առարկություններ հայտնի ու չմիանա դրան։ Եվ այս՝ չմինալու հանգամանք էլ կօգտագործեն քարոզչական էժանագին ուղերձներ հղելու նպատակով, թե՝ տեսեք, հայ ժողովուրդ, «Արցախը հանձնածները» չեն միանում մեզ, այսինքն՝ դեմ են, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու մյուս գերիներն ազատ արձակվեն, քանի որ, ինչպես կասեր մեկ այլ ՀՅԴ-ական՝ Գառնիկ Դանիելյանը, «լեղաճաք են լինում նրանց Հայաստան վերադառնալուց»։

Մինչ «Հայաստան» խմբակցությունը կմտմտա իր ենթադրյալ հայտարարության նախագծի շուրջ, նկատենք՝ Լիլիթ Գալստյանը (նա, ի դեպ, առաջին անգամը չէ, որ գերիների վերաբերյալ հարց է հղում վարչապետին, հերթական հարցադրումը փետրվարին էր) Կառավարության ղեկավարին փորձում էր մղել պոպուլիզմի՝ ակնկալելով, որ վերջինս Դաշնակցության «ջրերը» կընկնի ու կխոստանա, որ հրեն հա, COP 29-ին ընդառաջ մի պարտադրագիր էլ ինքն է հղելու Ալիեւին ու «Չարի վերջ»-ի անպատկառ աղվեսի տոնայնությամբ պահանջելու է «ձգել» բոլոր գերիներին Հայաստան, թե չէ․․․ «կացինը հրեն սրած, գնամ, բերեմ, ծառը կտրեմ․․․»։

«Մի՞թե ճիշտ պահը չէ, որ Հայաստանը պաշտոնական հայտարարությամբ պահանջի գերիների, մասնավորապես՝ ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը, որը մեզանից յուրաքանչյուրի ազգային արժանապատվության, Հայաստան պետականության խնդիրն է․․․․»,- երկարաշունչ նախաբանից հետո հարցը մի կերպ ձեւակերպեց տիկին դաշնակցականը, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց ՀՀ-ի՝ ոչ պոպուլիստական դիրքորոշումը. «Ձեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ նախորդ տարի դեկտեմբերին, երբ մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան, վերադարձան ոչ թե այն պատճառով, որ մենք պաշտոնական եւ հրապարակային հայտարարություններ էինք անում, այլ վերադարձան այն բանի շնորհիվ, որ մենք աշխատանքային մակարդակում փնտրում էինք եւ գտնում հնարավորություն՝ նրանց վերադարձելու համար»։

Նիկոլ Փաշինյանը միաժամանակ նկատեց, որ Գալստյանը հարցը ձեւակերպելիս մոռացավ ամենակարեւոր դրվագի մասին՝ ինչ հանգամանքներում է, որ հնարավոր եղավ ապահովել 32 գերիների վերադարձը։

Հիշեցնենք, որ այս՝ չափազանց կարեւոր հանգամանքը չարանենգորեն անտեսում է ընդդիմության քարոզչամեքենան, երբ խոսք է բացվում COP 29-ը Ադրբեջանում անցկացնելու, դրանում Հայաստանի ունեցած «մեղավորության» մասին։

Հիշեցնենք, այդ թվում նաև՝ Լիլիթ Գալստյանին եւ մյուսներին, որ որպես բարի կամքի քայլ՝ Հայաստանը նախորդ տարի դեկտեմբերին իր աջակցությունն էր հայտնել «COP29»-ը հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը։

ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում էլ Ադրբեջանը 2023թ. դեկտեմբերին ազատ արձակեց գերեվարված 32 հայ զինծառայողի:

Այս պայմանավորվածության հանրայնացումից ընդամենը օրեր առաջ, նկատենք, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն էր «գերիացավի» հերթական նոպան ունեցել։

Նա ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին մեղադրեց «Արցախին մենակ թողնելու» և մասնավորապես գերիների ազատ արձակման հարցում ձախողվելու համար։

«Ի՞նչ կապեր ունեք Արցախի ղեկավարության հետ, ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում, եւ ի՞նչ է արվում գերիներին վերադարձնելու ուղղությամբ և հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին պաշտպանելու, դիվանագիտական ճանապարհով հետ վերադարձնելու համար, որովհետև նրանք ահաբեկիչներ չեն»,- նշել էր Օհանյանը։

Վարչապետն էլ, պատասխանելով Օհանյանին, նախ երախտամոռության համար էր մեղադրել «Արցախին մենակ թողնելու» մասին նարատիվը թութակողներին, ապա հավելել՝ «գերիների հնարավոր վերադարձի ուղղությամբ արվում է ամենօրյա աշխատանք, ամենօրյա»։

Հարցուպատասխանից օրեր անց իրականություն դարձավ 32 գերիների վերադարձը։

Այն, որ Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների վերադարձը Հայաստանի օրակարգում է, անցած մի քանի ամիսներին հայտարարել են ՀՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ՝ վարչապետը, ԱԽ քարտուղարը, ԱԺ նախագահը, ինչպես նաև՝ ԱԳՆ-ն։ Այս հավաստիացումներն ու ոչ հրապարակային աշխատանքը, փաստրեն, չեն գոհացնում ու համոզում լիլիթգալստյաններին եւ մյուսներին, նրանց թվում է, թե մարդասիրական հարցերի լուծման միակ ու լավագույն ձեւը ամբիոնների առաջ մարմնի տարբեր մասերը թափահարելը, ծեքծեքալն ու անիմաստ «շուխուռ» սարքելն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ