Եվրոպամետ ուժերը հավաքել են Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ ստորագրությունները. ինչ ակնկալիք ունեն նրանք

«Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը խորհրդարան հասցնելու համար «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը հավաքել է անհրաժեշտ 50 հազար ստորագրությունը։

10 կազմակերպությունները, որոնցից 3-ը արտախորհրդարանական կուսակցություններ են, իսկ 7-ը՝ հասարակական կազմակերպություններ, գործընթացը մեկնարկել էին սեպտեմբերի 16-ին։ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ իրենց ձայնը ստորագրության տեսքով մարդիկ կարող էին ներկայացնել Երևանի 1000-ից ավելի հատվածներում և մարզերում։ Հոկտեմբերի 25-ին գործընթացը վերջնականապես կավարտվի։

Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի խոսքով՝ 50 հազար ստորագրությունը լրացել է հոկտեմբերի 16-ին, սակայն եղել են մարդիկ, որոնք խնդրել են երկարաձգել ժամկետը, որպեսզի իրենք էլ ստորագրեն։ Այժմ ստորագրությունների քանակը մոտենում է շուրջ 60 հազարի:

«Հիմա մենք երախտագիտության խոսքով դիմելու ենք ժողովրդին և աշխատելու ենք կարգի բերել փաստաթղթերը։ Հետո այն հանձնելու ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով, մեկ շաբաթից մինչև 10 օր ընկած հատվածում հանձնաժողովը արդյունքները կներկայացնի Ազգային ժողով։ Այս ամենը տեղի է ունենում բավականին լարված աշխարհաքաղաքական ենթատեքստով․ Մոլդովայում ընտրություններ են, Վրաստանում դրանք սպասվում են առաջիկայում, ԱՄՆ-ում ևս ընտրություններ են լինելու։ Այսինքն՝ մեր ստորագրահավաքը մեծ քաղաքականության մի մասն է կազմում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնում նա:

Վերջինս շեշտում է, որ, այնուամենայնիվ, 60 հազար ստորագրությունը չեն ասոցացնում ամբողջ ժողովրդի կամքի հետ, սակայն հիմքեր ունեն կարծելու, որ հայ հասարակության մեծ մասը կողմ է իրենց առաջարկին։

Նրա խոսքով՝ ստորագրությունների քանակով ակտիվը Երևանն է եղել, հետո՝ Շիրակի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի և մյուս մարզերը:

Հարցադրմանը՝ ի՞նչ են կարծում՝ Ազգային ժողովն այն կվավերացնի, Խզմալյանը պատասխանում է. «Հասկանում ենք, որ ռուսամետ դաշինքը և նախկինների ճամբարը կտրուկ դեմ է այս գործընթացին։ Մենք հույս ունենք, որ իշխող կուսակցությունը, որը մեծամասնություն է կազմում խորհրդարանում, տրամաբանական և ճիշտ որոշում կընդունի և ընթացք կտա այս օրինագծին։ Սա օրինագիծ է ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Ճիշտ է, Կառավարությունը կարծում է, որ դեռ վաղ է խոսել այդ մասին, դա պետք է լինի 2026 թվականին, բայց մենք կարծում ենք, որ չունենք այդ ժամանակը, և օր առաջ պետք է աշխարհին ու ինքներս մեզ դա ցույց տանք»։

Զրուցակցի խոսքով՝ Հայաստանում գրանցված արդյունքները գնահատել է նաև միջազգային հանրությունը։ Ըստ նրա՝ ստորագրահավաքը ոչ միայն ուշադիր ուսումնասիրվել է, այլ դրա արդյունքները փաստարկ են դարձել, ու մեծ սպասելիքներ կան:

«Ի՞նչ ռիսկեր ունենք դեպի ԵՄ անդամակցվելու ճանապարհին․ ամենամեծ ռիսկը ուշանալն է, որովհետև ԵՄ-ում և ԱՄՆ-ում բարդ գործընթացներ են տեղի ունենում, Թրամփի վերադարձի սպառնալիք կա, որովհետև 2020 թվականին ճաշակեցինք այդ նախագահի անտարբերության ու լռության պտուղները։ Պետք է կտրուկ փոխենք մեր մոտեցումները։ Ի տարբերություն այլ երկրների՝ մեզ համար Եվրաինտեգրումը հիմնված է անվտանգային ռեսուրսների վրա։ Հայտնվելով ռուս-թուրքական թակարդում՝ Հայաստանի այլընտրանքը հիմա Եվրոպան է: Ասելով Եվրոպա՝ մենք հասկանում ենք նաև Նահանգները։ Եվրամիությունը 2022 թվականի աշնան կեսերից ապահովում է մեր սահմանների անվտանգությունը դիտորդական առաքելությամբ»,- նկատում է նա։

Միևնույն ժամանակ Եվրոպական կուսակցության նախագահը ճիշտ չի համարում այն հարցադրումը, թե արդյոք Հայաստանին Եվրամիությունում սպասո՞ւմ են․ «Երբ այդպիսի հարց են տալիս, ես ասում եմ՝ երբ դուք ընդունվում եք բուհ, ձեզ այնտեղ սպասո՞ւմ են, ո՛չ, դուք իրացնում եք կրթություն ստանալու ձեր իրավունքը։ Այս տարվա մարտի 13-ին Եվրախորհրդարանն էլ 504 կողմ ու 4 դեմ ջախջախիչ արդյունքով հաստատեց, որ ԵՄ-ն կընդունի Հայաստանի հայտը։ Մենք պետք է մերձենանք Եվրամիության հետ, այլ ոչ թե մեր պատվիրակությունները հայտնվեն Մոսկվայում, Կազանում։ Հայաստանը դիտվում է Վրաստանի վատ օրինակը վերարտադրող, այդպես չպետք է լինի»։

Վերջինս ընդգծում է, որ Մոլդովան, Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը համարվում են ոչ թե Հարավային Կովկաս, այլ Հարավարևելյան Եվրոպա: Նրա համոզմամբ՝ կարևոր է ոչ թե աշխարհագրությունը, այլ քաղաքականությունը։

Եթե ՀՀ Ազգային ժողովը ընդունում է օրինագիծը, հետո՝ դնում քվեարկության, ԵՄ-ին անդամակցելու գործընթացը շարունակվելու է, եթե այն մերժվի, ապա, ըստ Խզմալյանի, ժողովրդավարական իշխանությունը հայտնվելու է այն քաղաքական դաշտում, որտեղ հիմա նախկին ուժերն են։ Իսկ ժողովրդավարական հարթակի ուժերը կսկսեն երկրորդ փուլը, այն է՝ հավաքել 300 հազար ստորագրություն, որպեսզի ապահովեն ԵՄ-ին անդամակցելու պարտադիր հանրաքվեն։

Տիգրան Խզմալյանի փոխանցմամբ՝ մոտ ապագայում սկսելու են նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթաց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ