Փաստաբանները պնդում են՝ Սերժ Սարգսյանի դստեր բնակարանը գնվել է նրա տատիկի և պապիկի օգնությամբ

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա դստեր՝ Սաթենիկ Սարգսյանի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Այս նիստին հետազոտվեցին Սերժ Սարգսյանի և կնոջ տարբեր տարիներին ներկայացրած հայտարարագրերը։ Պատասխանողի ներկայացուցիչը նշեց, որ հայտարարագրում ներկայացված ավանդը իրականում պատկանում է Ռիտա Սարգսյանին, ինչին հակառակ դատախազ Տիգրան Ենոքյանն ասաց՝ ավանդի իրական շահառուն հանդիսանում է Սերժ Սարգսյանը, որը չի հիմնավորվել օրինական եկամուտներով․ «Բացի այդ, այս հայտարարագիրը ևս մեկ անգամ հավաստում է ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման 10-րդ կետը, որով ապացուցվում է՝ Ռիտա Սարգսյանը հանդիսանում է Սերժ Սարգսյանին փոխկապակցված անձ»։

Փաստաբան Վահագն Գրիգորյանը հարցրեց, թե հայցի հիմքում, որով Ռիտա Սարգսյանին պատկանող ավանդը պահանջվում է բռնագանձել որպես Սերժ Սարգսյանին պատկանող գույք, այդ պահանջի հիմքում դրված է այն պնդումը, որ Սերժ Սարգսյանը Ռիտա Սարգսյանին պատկանող գույքերի շահառո՞ւն է, թե՞ այն պնդումը, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանում է 2-ին էլ, հետևաբար այդ փաստի ուժով պետք է նաև համարվի Սերժ Սարգսյանինը։ Դատախազը ասաց՝ երկու ձևակերպումներն էլ կիրառելի են, բայց դիտարկվել է նաև այն, որ ավանդի վերագրումն իրականացվել է հենց որպես Սերժ Սարգսյանի վերահսկմամբ ամուսնության ընթացքում կատարված գործարք։

Նրա խոսքով՝ տվյալ փուլում ապացուցվում է օրենքի կարգավորումը թե՛ իրական շահառուի ինստիտուտի, և թե՛ որպես անձին պատկանող գույք մասով։

 

Վահագն Գրիգորյան

Դատարանն ապացուցման բեռը բաշխելիս նշել է, որ դատախազությունը պարտավոր է ապացուցել՝ հայցի առարկայում նշված դրամական միջոցներն ավանդի տեսքով պատկանում են Սերժ Սարգսյանին, Ռիտա Սարգսյանի դեպքում պետք է ապացուցվի, որ իրական շահառուն է հանդիսանում վերջինիս անվամբ ներդրված ավանդի և հաշվեգրված տոկոսներ։ Պետք է հայցվորը կողմը ապացուցի, որ Սաթենիկ Սարգսյանի անվամբ հաշվառված Տերյան փողոցի 66-րդ շենքի և երկու ավտոկայանատեղիների իրական շահառուն Սերժ Սարգսյանն է։

Պատասխանողի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանն ասաց․ «Ապացուցման բեռը բաշխելու մասին որոշմամբ դատարանը որպես գործի քննության էական նշանակություն ունեցող փաստեր, չի առանձնացրել տվյալ ավանդի՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված լինելը, տվյալ ավանդի համատեղ սեփականության իրավունքով Սերժ Սարգսյանին պատկանելը, հետևաբար, որքան էլ, որ իրավասու մարմնի ներկայացուցիչը ասում է, որ երկու ինստիտուտներն էլ իրենց կողմից վկայակոչվել են, ոչ միայն դրանք չեն վկայակոչվել, այլև, կարելի է ասել, որևէ ինստիտուտ չի վկայակոչվել»։

Գրիգորյանը նշեց, որ ըստ հայցադիմումի 2016 թ․ ընթացքում Սերժ Սարգսյանը ստացել է 11 միլիոն 765 հազար 504 դրամի չափով աշխատավարձ, մինչդեռ ըստ հայտարարագրի՝ Սարգսյանը բացի նշված գումարից, նաև նախագահի աշխատակազմից ստացել է 2 միլիոն 82 հազար 93 դրամի չափով աշխատավարձ։

Ենոքյանը հայտնեց՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սերժ Սարգսյանը նախագահի աշխատակազմից ստացել է 11 միլիոն 765 հազար 504 դրամ աշխատավարձ, բայց մյուս գումարի մասով որևէ տեղեկատվություն չի եղել․ «Հետևաբար, ես չեմ կարող ասել՝ որպես ինչ է նշվել, և ինչու է առանձին 7․1, 7․2 կետերում նշված, որ նույն վայրից ստացվել է 2 միլիոն 82 հազար 93 դրամի չափով աշխատավարձ, ամենայն հավանականությամբ, խոսքը կրկին գործուղման դիմաց ստացված փոխհատուցմանն է վերաբերում, որն իրավասու մարմինը չի դիտարկում որպես եկամուտ, քանի որ դա հատկացված նպատակային գումար է՝ գործուղման ընթացքում սպառելու համար»։

Վահագն Գրիգորյանն ի պատասխան դատախազի՝ ասաց, որ եթե դա նույնիսկ լինի գործուղման նպատակով տրամադրված գումար, չկա որևէ պատճառ՝ ինչու այն պետք է համարվի աշխատանքի վարձատրությանը հավասարեցված վճարում, և, ըստ այդմ, օրինական եկամուտ։

Ուսումնասիրելով տվյալ տարվա հայտարարագիրը՝ փաստաբանը նշեց, որ 2018 թվականին իրավասու մարմինը հաշվարկել է 15 միլիոն 714 հազար 614 դրամ աշխատավարձ, մինչդեռ հայտարարագրում նշված է 15 միլիոն 470 հազար 10 և 689 հազար 78 դրամ աշխատավարձի մասին։ Ընդգծեց, որ հայտարարագիր ներկայացնողը նշել է, որ տեղյակ է հայտարարագրում կեղծ տվյալ լրացնելու համար Քրեական օրենսգրքի 314․2, 314․3 հոդվածներով նախատեսված պատասխանատվության մասին։ Դատախազը հավելեց՝ նշում կա, որ միանվագ տրվող գումարները եթե գերազանցում է 2 միլիոն դրամը, դրանք պետք է պարտադիր անկանխիկ եղանակով կատարվեն, բայց նման բան իրենք չեն նկատել։

Տիգրան Ենոքյան

Պատասխանող կողմի պնդմամբ՝ գործում առկա և իրավասու մարմնի կողմից ներկայացված ապացույցները տարբեր տեսանկյուններից պետք է դիտարկել։ Փաստաբանի խոսքով՝ նույնիսկ, երբ իրավասու մարմինը նշում է, որ հայցի հիմքում ապացույցները դրված չեն, բայց դրանք ուսումնասիրության ենթակա են, տեսականորեն հնարավոր է, որ դրանք պարունակեն պատասխանողի «պնդումների իսկությունը պարունակող տեղեկատվություն»։

«Մենք ներկայացրել ենք մեր բացատրությունները, բոլոր անհրաժեշտ ապացույցները, թե ինչպես են ձևավորվել ֆինանսական այն միջոցները, որոնցով Սաթենիկ Սարգսյանը ձեռք է բերել Տերյան 66 շենքում գտնվող բնակարանը»,-ասաց Գրիգորյանը։

Պատասխանողի մյուս ներկայացուցիչը հայտնեց, որ Սաթենիկ Սարգսյանը ներկայացրել է, որ բնակարանի գումարները տրվել են իր տատիկների և պապիկների կողմից՝ որպես նվիրատվություն․ «Մենք ներկայացրել ենք նաև ապացույց այն մասին, որ Ալեքսանդր Սարգսյանը, ով հանդիսանում է Սաթենիկ Սարգսյանի հորեղբայրը, հոգացել է իր՝ ԼՂ-ում բնակվող ծնողների ամենամսյա ծախսերը, այդ 2 ապացւոյցը ներկայացրել ենք ու ցույց ենք տվել, որ այդ գումարները առաջացել են էս միջոցներից, այսինքն՝ բնակարանը գնվել է տատիկ-պապիկի կողմից տրված գումարներից»։

Նա հայտնեց, որ հաստատվում է Ալեքսանդր Սարգսյանի կողմից բավականին խոշոր գումարներ հայտարարագրելու հանգամանքը։

Դատախազ Տիգրան Ենոքյանն այս հայտարարությունների վերաբերյալ հետևյալը նշեց․ «Եթե նույնիսկ Ալեքսանդր Սարգսյանը որոշակի գումարներ ուղարկել է ծնողներին, ես չեմ բացառում, բայց տրամաբանական կապը կտրվում է, թե ինչպես են ուղարկել տատիկներն ու պապիկները Սաթենիկ Սարգսյանին։ Այս մասով պատասխանող կողմն ապացույցներ չի ներկայացրել, և մենք էլ պնդում ենք, որ դրանք իրականությանը չենք համապատասխանում, քանի որ Սաթենիկ Սարգսյանը հաշվառման ընթացքում դեռևս ամուսնացած չի եղել, բնակվել է ծնողների հետ համատեղ, և մենք այդ կանխավարկածից ելնելով՝ նշել ենք, որ այդ բնակարանի իրական շահառուն հանդիսացել է Սերժ Սարգսյանը»։

Նիստը հետաձգվեց, հաջորդ նիստին կշարունակվեն հետազոտվել ներկայացված ապացույցները։

Լուսանկարներն արվել են այս գործով այլ դատական նիստերի ընթացքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ