Պետական սահմանի փոխարեն գերադասում են ծայրագավառային սահման ունենալ

Ազգային ժողովը 67 կողմ ձայնով վավերացրեց հայ-ադրբեջանական սահմանազատման կանոնակարգը։

Հարցի քննարկմանն ու քվեարկությանը չմասնակցեցին ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ պատճառաբանելով, որ կանոնակարգի վավերացումը հակասում է Հայաստանի պետական շահին:

Փաստաթուղթը նախատեսում է, թե ինչպես պետք է իրականացվի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը: Գլխավոր սկզբունքը, որն ամրագրված է կանոնակարգում՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Այս սկզբունքով Հայաստանն արդեն սահմանազատել է Ադրբեջանի հետ սահմանի Տավուշի հատվածը։

Տավուշում սահմանազատման գործընթացի ավարտը իսկական սառը ցնցուղ էր ընդդիմության համար, որոնք դեռ գործընթացի առաջին օրերին սկսել էին քաղաքական ներկայացումներ կազմակերպել Ոսկեպարում և Կիրանցում։ Սահմանազատման ավարտից հետո փաստացի ստացվեց, որ ընդդմիության, կամ ինչպես իրենք էին իրենց կոչում՝ «Տավուշի փրկիչների» հոռետեսական կանխատեսումները չիրականացան, իշխանությունը Տավուշը չհանձնեց, այլ հակառակը՝ Տավուշի մարզի սահմանամերձ որոշ գյուղեր համեմատաբար ավելի անվտանգ դարձրեց, քան մինչև սահմանազատումն էր։

Հիմա, գրեթե նույն տրամաբանությամբ, այդ նույն փրկիչները հոռետեսական կանխատեսումներ են անում սահմանազատման կանոնակարգի վերաբերյալ․ մի կողմից ասում են, թե իբր դեմ չեն սահմանազատմանը, մյուս կողմից հանրությանը փորձում են համոզել, որ սահմանազատումը հակասում է Հայաստանի պետական շահին։ Մինչդեռ իրականությունն այն է, որ սահմանազատումը հակասում է հենց ընդդիմության և այդ ընդդիմությանը հովանավորող օտար երկրի շահերին։

Խորհրդարանական ընդդիմությանը, կամ այն ուժերին, որոնք հիմնականում առաջնորդվում են այլ երկրի շահերով, Հայաստանը պետք է առանց հստակ սահմանների։ Նրանց համար Հայաստանը պետք է հարևանների հետ բաժանված լինի միայն խրամատներով, որպեսզի հարկ եղած դեպքում Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը ավելի հեշտ հանձնվի, ավելի հեշտ սակարգման առարկա դառնա։

Ի դեպ, սա փաստում են հենց այդ նույն ուժերը, որոնք իրենց ներքին խոհանցում Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը զիջելու մասին շրջաբերականներ են շրջանառում։ Այդ հայտնի ուժի քաղաքական տանիքներից մեկը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ժամանակին նույնպես ասում էր, որ զուտ անվտանգության տեսանկյունից մենք միգուցե ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունենք․․․ տվյալ դեպքում խոսքը վերաբերել է Ռուսաստանի հետ միութենական պետությանը։

Ի դեպ հատկանշական է, որ նման մոտեցում ունեն նաև հայ կոմունիստները։ Այս կուսակցության անդամներն օրերս վերակենդանացել էին և դուրս էին եկել Երևանի փողոցներ ու տոնում էին ռուսական ցարական կայսրության կողմից Երևանի բերդի գրավելու տարելիցը։ Կոմունիստները, որոնք հիմնականում ծածանում էին ռուսական եռագույն դրոշներ, հայտարարում էին, որ Հայաստանը պետք է մաս կազմի Ռուսաստանի հետ նոր միութենական պետությանը։

Այս տեսակետները կրող ուժերի ու անհատների համար բնականաբար պետք է, որպեսզի Հայաստանը չունենա հստակ սահմաններ, նրանց պետք է, որպեսզի Հայաստանն ունենա ծայրագավառային սահմաններ, որոնք գծում է Ռուսաստանը։

Բնականաբար խոսքի ազատությունը կարևոր գործիք է ժողովրդավարության ամրապնդման համար, սակայն խոսքի ազատությունը չպետք է դառնա ամենաթողություն, հատկապես եթե այդ ամենաթողության թիրախը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ