Հորդորում եմ նման դեպքում Գառնիկ Դանիելյանին դիմելուն զուգահեռ դիմել իրավապահ մարմիններին կամ քաղաքապետարան. Փամբուխչյան

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Ազգային ժողովում պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հնչեցրած խնդրին, որը վերաբերում էր թաղման բյուրոյի աշխատակիցների կողմից կաշառք վերցնելու դեպքերին:

«Հոկտեմբերի 23-ին ՀՀ Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր հարցում նշել է, որ իրեն դիմել են քաղաքացիներ, որոնց պնդմամբ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի (թաղման բյուրո) աշխատակիցները գերեզմանատեղ տրամադրելու կամ այլ աշխատանքների իրականացման համար կաշառք են պահանջում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվական աղբյուրներով բազմիցս թեմային անդրադարձել ենք, ևս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում բացի պետական վճարներից և սահմանված վճարովի ծառայություններից այլ բնույթի գումար պահանջելն անօրինական է:

Հորդորում եմ քաղաքացիներին ցանկացած տեսակի նման տեղեկատվություն ունենալու դեպքում Գառնիկ Դանիելյանին և այլոց դիմելուց բացի, զուգահեռ դիմել իրավապահ մարմիններին կամ ինձ և/կամ քաղաքապետարանի աշխատակազմին»,- գրել է Փամբուխչյանը:

Նշենք՝ Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, թե կոռուպցիան Հայաստանում աճում է:

ՀՀ վարչապետն էլ, ի պատասխան, խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին, նշել էր. «Ինքս հրապարակային և ոչ հրապարակային բազմիցս տարբեր առիթներով ասել եմ, որ դժգոհ եմ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունից և կարծում եմ, որ մենք պետք է այս հարցում առավել հետևողական լինենք, որպեսզի ունենանք գործուն մեխանիզմներ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ