Որտեղ հնարավոր լինի, մենք ՀՀ սահմանը ֆիքսելու ենք՝ 1 մետր, կես մետր, 30 սանտիմետր, 85 միլիմետր. Փաշինյան

«Տիկին Վարդանյան, որքան էլ ձեր ծննդյան օրն է այսօր, դա չի նշանակում, որ ես ասել եմ, որ կադաստրի թուղթը ոչ մի բան չի նշանակում: Ես ասել եմ, որ կան դեպքեր, երբ, օրինակ, կադաստրի թուղթ է ի հայտ գալիս, ասենք՝ խարդախության, ապօրինի, անօրինական գործարքի արդյունքում»:

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի այն հարցին, թե ողջունում է այն անկեղծությունը, որով այսօր վարչապետը հայտարարել է, որ կադաստրի կողմից վկայական ունենալը դեռ չի նշանակում, որ դա ՀՀ է:

Ապա հարցին, թե դուք ստեղծել եք քարտեզների խառնաշփոթ և ամբողջ գործընթացն իրականացնում են Ադրբեջանի պահանջով, վարչապետն արձագանքեց. «Քարտեզների հետ կապված բանավեճը պետք է լավ հասկանալ: Կանոնակարգում սահմանվել է ամենակարևոր բանը՝ բազային սկզբունքը՝ Ալամթիի հռչակագիրը, որն ասում է, որ իր ընդունման պահին գոյություն ունեցող սահմաններով են ճանաչվում տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը: Էլի ուզում եմ ասել, որ այս բանավեճը անհասկանալի է. դուք չեք կողմնորոշվում. ձեր խմբակցության մի մասն ասում է՝ չէ, հատվածական չանեք, դուք ասում եք՝ գնանք, սկզբում էս հատվածում, հետո՝ էս, հետո էս հատվածներում անենք սահմանազատում»:

Կրկին խոսելով սահմանազատման գործընթացի մասին՝ վարչապետը նկատեց, որ իշխանության և ընդդիմության մոտեցումները չեն համընկնում:

«Ցանկացած տեղում, որտեղ մենք տեսնենք ՀՀ սահմանը ֆիքսելու դե յուրե հնարավորություն, մենք պետք է այդտեղ սահմանը ֆիքսենք, որովհետև դա այդքանով ավելացնում է ՀՀ անվտանգության երաշխիքը: Մենք ՀՀ սահմանը ֆիքսելու ենք՝ 1 մետր, կես մետր, 30 սանտիմետր, 85 միլիմետր. բոլոր տեղերում մենք սահմանը ֆիքսելու ենք: Ձեզ պետք է սահմանազատման գործընթացը դնել մի տրամաբանության մեջ, որ առաջ չգնա, մեզ պետք է դնել մի տրամաբանության մեջ, որ ինքը անխուսափելիորեն գնա առաջ»,- ասաց վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ