Հայաստանի Հանրապետությունում հարաբերությունների կարգավորման գործիքը հեռախոսը չէ, օրենսդրությունն է․ ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետությունում հարաբերությունների կարգավորման գործիքը հեռախոսը չէ, օրենսդրությունն է։

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

Վերջինս վարչապետին հիշեցրեց շաբաթներ առաջ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի և պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած միջադեպը՝ հարցնելով, թե դրանից հետո նա զանգել է Գլխավոր դատախազին:

Վարչապետը նկատեց․ «Եթե մենք կոռուպցիայի հետ կոմպրոմիս ունենայինք, դա տեղի կունենար, և դուք դրա մասին ո՛չ կիմանայիք, ո՛չ կլսեիք, ո՛չ էլ հարց կտայիք ու, ձեր ասածով, ՀՀ-ն կցնցվեր։ Եթե կոմպրոմիս ունենայինք, դրանք կայացած, ձեռք ձեռի տված ամեն ինչ կլինեն, բայց դա չի նշանակում, թե ձեր հետևությունների հետ ես կարող եմ համաձայնվել: Մյուս կողմից բոլոր իրավական ընթացակարգերը տեղի չեն կարող չունենալ, պետք չէ, որ ես հեռախոս վերցնեմ կամ չվերցնեմ։ Իմ ամբողջ ասածի իմաստը դա է՝ պրոցեսները պետք է տեղի ունենան՝ անկախ նրանից՝ հեռախոս վերցնող կա՞, թե՞ ոչ։ Իսկ այն, ինչ տեղի է ունեցել նախորդ շաբաթ խորհրդարանում, իմ կարծիքը նրա մասին է, որ այդ ձևաչափով լսումներ պետք է տեղի ունենան տարին առնվազն մեկ անգամ։

Ինչի՞ պետք է Հովիկ Աղազարյանը այստեղ նստած չլինի, ինչ է տեղի ունեցել, դատավճի՞ռ է կայացվել, մարդու մեղավորությո՞ւն է ապացուցվել: Որ այդ հայտարարություններով առաջնորդվեինք, ապա ձեր խմբակցությունը ընդհանրապես այստեղ չպետք է նստած լիներ»։

Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի միջև տեղի էր ունեցել միջադեպ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ