BRICS գագաթնաժողովի օրակարգն ուղիղ առնչվում է նաև Հայաստանի Հանրապետությանը․ վարչապետ

Կազանում BRICS գագաթնաժողովին բարձր մակարդակով ներկա գտնվելը կարևոր է Հայաստանի Հանրապետության համար։

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին, թե որն է եղել շարժառիթը BRICS գագաթնաժողովի հրավերը ընդունելու։

«Մենք բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, և այս տրամաբանությամբ մասնակցում ենք «3+3» ձևաչափով հանդիպմանը: Մեզ համար կարևոր է քննարկումների տարբեր հարթակներում ներկա գտնվելը, տարբեր հարթակներում տարբեր գործընկերների հետ Հայաստանի Հանրապետության տեսակետները և դիրքորոշումները կիսելն ու իրենց ուղերձները լսելը։ Մանավանդ, որ BRICS գագաթնաժողովը վերաբերում է գլոբալ հարավի խնդիրներին: Կարծում եմ, որ այդ օրակարգն ուղիղ առնչվում է նաև Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ BRICS գագաթնաժողովը հնարավորություն է տալու այդ թվում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելու համար։

«Ակնհայտ է, որ միջազգային հանրության շրջանում «Խաղաղության խաչմերուկ»-ի նկատմամբ հետաքրքրությունն աճում է կայուն ձևով, և նման հարթակները կարևոր են մեր ասելիքը ասելու համար։ Ոչ պակաս շարժառիթ նաև, որ հրավեր եմ ստացել ՌԴ նախագահից անձամբ և ընդունել եմ այդ հրավերը։ Կարծում եմ, որ այնտեղ գտնվելը կարևոր է Հայաստանի Հանրապետության համար»,- նշեց Կառավարության ղեկավարը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ