Իրական Հայաստանի հայեցակարգը իրագործված է Կիրանցում, բոլորը կարող են տեսնել՝ բխո՞ւմ է, թե՞ չի բխում ՀՀ շահերից. վարչապետ

«Այս ամբիոնից մի անգամ խոսեցի այն մասին, որ այստեղ իրականում տեղի է ունենում շատ կարևոր և էական քաղաքական հայեցակարգային բանավեճ, և խոսեցի նաև Պատմական և Իրական Հայաստանների մասին. հիմա ի՞նչ է նշանակում Հայաստան՝ սահմանազատված սահմաններ, դա նշանակում է Իրական Հայաստան: Ինչո՞ւ են մեր գործընկերներն ասում, որ սահմանազատումը չի կարող բխել Հայաստանի շահերից, որովհետև իրենց գործունեության հիմքում Պատմական Հայաստանի տեսլականն է, որի տեսակետի հետ մենք համաձայն չենք»:

Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի այն դիտարկմանը, թե ԱԺ-ն այսօր վավերացրել է Կանոնակարգ, ինչը կարևոր փաստաթուղթ է. «Պետք է արձանագրել, որ խորհրդարանական ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը, ինչը ցույց է տալիս իրենց վերաբերմունքը մեր պետության, պետականության նկատմամբ: Սա նաև զուգորդվում է մեկ այլ իրականության հետ. ՀՀ-ում կա կուսակցություն, ավելին՝ նրա անդամները պատգամավոր են (-Խմբ. նկատի ունի Դաշնակցությանը), որոնք համարում են, որ սահմանազատումը և սահմանագծումը երբեք չեն կարող բխել հայ ժողովրդի շահերից: Ուզում եմ խնդրել հնչեցնել ձեր մոտեցումը և գնահատականը այս իրողության հետ կապված»:

Վարչապետի խոսքով՝ ընդամենը ամիսներ առաջ փորձ էր արվում Կիրանցը դարձնել ՀՀ կառավարող մեծամասնությանը թիրախավորելու առանցքային պատճառ և գործոն. «Հիմա եկեք գնանք Կիրանց և տեսնենք՝ սահմանազատումը բխո՞ւմ է ՀՀ շահերից, թե՞ չի բխում: Իրական Հայաստանի հայեցակարգը իրագործված է Կիրանցում, և բոլորը հնարավորություն ունեն գնալ, տեղում տեսնել դա և ասել՝ դա բխո՞ւմ է, թե՞ չի բխում ՀՀ շահերից, իմ կարծիքով՝ միանշանակ և աներկբա բխում է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ