Կներեք, իսկ ի՞նչ է պատահել Գյումրիում, ասեք, ի՞նչ է կատարվելու՝ մենք էլ իմանանք. վարչապետը՝ Մհեր Մելքոնյանին

«Տևական ժամանակ բոլորի ուշադրության կենտրոնում Գյումրու շուրջ ծավալվող իրադարձություններն են: Չհամակերպվելով այն փաստի հետ, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը չունի լիարժեք իշխանություն, այսօր իշխանական մեքենան լծվել է այդ փաստը շտկելու աշխատանքին: Օգտագործելով իշխանական ճնշում գործադրելու բոլոր անհնար ու հնարավոր մեթոդները, փորձում եք Ախուրյանի, Վանաձորի, Ալավերդու օրինակով իշխանությունը նվաճել նաև Գյումրիում: Ո՞րն է հաջորդ համայնքը»:

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Մհեր Մելքոնյանի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Կներեք, ի՞նչ է պատահել Գյումրիում, որ էդքան տեղեկացված եք, մեզ էլ ասեք ինչ է կատարվելու Գյումրիում, մենք էլ իմանանք»:

Մելքոնյանն ասաց՝ Գյումրիում «Բալասանյան դաշինք»-ը հանձնելու է իշխանությունը և իր կարծիքով, ՔՊ-ն արտահերթ ընտրության է գնալու:

«Եղավ, շնորհակալություն»,- արձագանքեց վարչապետը:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին «Բալասանյան դաշինք»-ը իր բացակայությամբ տապալել էր Գյումրու ավագանու նիստը։

Սեփական որոշմամբ՝ հոկտեմբերի 15-ից աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես հեռավար իրականացնելու որոշում է կայացրել քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Բալասանյան դաշինք»-ը մանդատները վայր կդնի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ այն նույն միասնականությամբ, ինչպես հոկտեմբերի 11-ին չներկայացան ու բոյկոտեցին ավագանու նիստը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ