Ինչ զիջումների մասին է խոսվում Ջո Բայդենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում. Կոնջորյանը մանրամասնել է

«ՀՀ դիրքորոշումների վերաբերյալ մենք մշտապես և պաշտոնապես հայտարարել ենք: Մեր դիրքորոշումներում որևէ բան չի փոխվել, այն, ինչ հայտարարել ենք, հայտարարում ենք և հայտարարելու ենք»:

Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որը վերաբերում էր ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցած նամակում խոսք եղած իբրև զիջումների մասին:

Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք Երևանը փոխզիջման որևէ բան ունի՞ այս պահին:

«Մեր դիրքորոշումները մեր թիմը՝ վարչապետի գլխավորությամբ, բազմիցս հայտնել ենք»,- նշեց Կոնջորյանը:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունի Երևանը ԱՄՆ-ից՝ տարածքային ամբողջականության վերականգնման հետ կապված, Կոնջորյանը նշեց՝ Հայաստանը մշտապես Միացյալ Նահանգների և մյուս գործընկերների հետ քննարկումների մեջ է խաղաղության օրակարգի և տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու վերաբերյալ:

«ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման և նաև վերականգնման մասով մենք նշել ենք, որ այսօր, ըստ էության, Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի կողմից օկուպացված շուրջ 207 քառակուսի կմ տարածք կա, որի վերաբերյալ նաև նշել ենք, որ Հայաստանն իր առջև խնդիր չի դնում ռազմական ճանապարհով վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը, որովհետև կարծում ենք, որ կա հնարավորություն՝ թե՛ սահմանազատման գործընթացի շրջանակներում և թե՛ խաղաղության հաստատման ճանապարհով, քաղաքական լուծումներով հասնել այդ նպատակի իրագործմանը»,- ասաց Հայկ Կոնջորյանը:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ նա վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ ամենասեղմ ժամկետներում գնալ համաձայնության. «Հիշում եք, որ այս պահին մենք կարող ենք ստորագրել համաձայնեցված հոդվածները և շարունակել մեր աշխատանքը մյուս հոդվածների կամ դրույթների շուրջ: Այդ տեսանկյունից որևէ բան չի փոխվել մեր դրույթների շուրջ, և մենք պատրաստ ենք ամենասեղմ ժամկետներում դա կատարել: Դա մեր մոտեցումն է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ