ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան. նախագիծ

Քննարկվում է Կառավարության ներկայացրած՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանի խոսքով՝ օրինագծի նախագծի մշակումը պայմանավորված է ինչպես ԱԱԾ-ից ՊՊԾ-ի առանձնացման հետևանքով մի շարք օրենքներում տեխնիկական բնույթի լրացումներ կատարելու անհրաժեշտությամբ, այնպես էլ որոշ իրավահարաբերությունների կարգավորումների վերանայման անհրաժեշտությամբ:

Անդրադառնալով օրինագծով առաջարկվող առավել բովանդակային կարգավորումներին՝ նշեց՝ օրինագծով առաջարկվում է ծառայության պետի և պետի ոչ զինվորական տեղակալներին վերապահել ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն՝ օրենքով ծառայության ծառայողների համար նախատեսված դեպքերում և կարգով:

Առաջարկվում է նաև ծառայողների գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումն իրականացնել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով սահմանված ընթացակարգով, ինչպես նաև առաջարկվում է նվազեցնել բարձրագույն և գլխավոր խմբի պաշտոններում նշանակվելու համար համապատասխանաբար գլխավոր և ավագ խմբի պաշտոնում ծառայության համար անհրաժեշտ ժամկետները՝ դրանք 3 տարվա փոխարեն դարձնելով 1 տարի:

Բացի դրանից՝ նախագծով առաջարկվում է պետական պահպանությունն իրականացնող մարմնում ծառայության հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման համար ծառայության պետի վրա տարածել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքով լիազոր մարմնի ղեկավարին վերապահված մի շարք լիազորություններ, ինչպես նաև լիազորել պետին՝ հաստատելու պետական պահպանության ոլորտի գործառույթին առնչվող մեթոդական ուղեցույցները և ուսումնական ձեռնարկները:

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ծառայությունում ներդրվել է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորում անցկացնելու նոր համակարգ:

Օրինագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում և արժանացել դրական եզրակացության:

Հարակից զեկուցող, պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ նախագիծը շատ հավասարակշռված է, խնդրեց կողմ քվեարկել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ