ՀՅԴ-ականներից ովքե՞ր են կողմ քվեարկել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենք»-ին․ Սահմանազատման կանոնակարգի քվեարկությունից որոշել են փախչել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ ՀՅԴ-ի հեգեմոնությամբ, կառավարության ներկայացուցչին`փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ուղղված խաչաձեւ, օվալաձեւ, մեկումեջ էլ՝ տձեւ հարցադրումների միջոցով նախօրեին փորձում էին ապացուցել՝ սահմանազատման գործընթացը՝ «դըզ ա», այդ գործընթացը կարգավորող կանոնակարգն էլ «քըխ ա», հետեւապես իրենք չեն մասնակցի համապատասխան նախագծի քվեարկությանն ու մասնակիցը չեն դառնա այս «քըխա-դըզային» պրոցեսին։ Տրամաբանությունը, սակայն, հուշում էր, որ ՀՅԴ-ն «դեմ ըլլալով» սահմանազատված, այն է՝ նյութականացված, ամրակայված սահմաններով երկիր ունենալու գործընթացին պետք է անպայմանորեն մասնակցեր քվեարկությանն ու մատի խրոխտ ու գիրթ սեղմումով «դեմ» քվեարկեր նախագծին։ Բայց, փաստորեն, որոշվել է փախուստի տրամաբանությունը որդեգրել՝ չենք մասնակցելու քվեարկությանը, քանի «կանոնակարգն ամբողջությամբ հակասահմանադրական է»։ (Նույն դիրքորոշումն ունի նաեւ ՊՈՒ-ն):

Տրամաբանությունը, նկատենք, մեկ այլ բան էլ է հուշում՝ ձեռնպահ մնալ սեփական եւ իրեն ունկնդրողների թանկագին ժամանակն ու նյարդերն անիմաստ վատնելուց, այն է՝ քաղաքական սադոմազոխիզմից, եւ ընդամենը մի քանի վայրկյան հատկացնելով քննարկմանը՝ մեջբերել աղմկահարույց 004 շրջաբերականի այս հատվածը։ «Սահմանազատման, սահմանագծման գործընթացը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը երբեք չեն բխում Հայաստանի և հայ ժողովրդի շահերից, ուստի անհրաժեշտ է վիժեցնել այդ գործընթացը, իսկ նվազագույնը՝ խոչընդոտներ ստեղծել այդ գործընթացն առաջ մղելու ճանապարհին»։ «Վսյո»։ Հակիրճ ու հասկանալի։

Փորձը ցույց է տալիս, որ երբ ՀՅԴ-ն որոշել է ինչ որ բան վիժեցնել կամ դրա իրագործման ճանապարհին խոչընդոտներ ստեղծել, ապա դրա անմիջական հետեւանքը եղել է սեփական՝ առանց այն էլ անկում ապրած քաղաքական վարկանիշի է՛լ ավելի վիժեցումն ու գալիք ընտրությունների ժամանակ ԱԺ-ում հայտնվելու ճանապարհին լրջագույն խոչընդոտներ ստեղծելը։ Որեւէ այլ պրոցես՝ վիժեցնել եւ կամ գլուխ բերել, ՀՅԴ-ն ի վիճակի չէ, քանի որ չի ունեցել եւ չունի դա անելու համար ուժ եւ կարողություն։

Ի դեպ, 14 տարի առաջ (2010 թ․-ին) այդ նույն ԱԺ-ի նիստերի դահլիճում նույն ՀՅԴ-ն կողմ քվեարկեց ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքին (փոփոխություններ եւ լրացւմներ կատարելու մասին նախագծին), որում նկարագրված են Հայաստանի Հանրապետության վարչական սահմանները, վերարտադրված է սահմանագիծը հարեւան պետությունների հետ, մասնավորապես՝ Ադրբեջանի Հանրապետության, Վրաստանի Հանրապետության։ Ահա մի մեջբերում այդ օրենքից՝ մասնավորապես Տավուշի մարզից։ «Կիրանց-պետական սահման (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանագիծը՝ «Ա»-«Բ»։

«Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ: ․․․․Ոսկեպար, Կիրանց և Ոսկեպար (Ասկիպար) գյուղական համայնքների տարածքների բաժանման «Թ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, ապա հարավ, դաշտային ճանապարհի թիվ 1-2 սահմանակետերով անցնում 471 մ, հասնում է թիվ 3 սահմանակետին, այնուհետև թեքվում է դեպի արևմուտք․․․․»։

Երեկ ԱԺ-ում խնդրո առարկա՝ սահմանագծման կանոնակարգի նախագծի քննարկման ժամանակ վերստին հղում արվեց հիշյալ օրենքին։ Մասնավորապես Արծվիկ Մինասյանն, արձագանքելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նշեց՝ «հերթական անգամ ստեցիք եւ կեղծեցիք՝ մեղադրելով ՀՅԴ-ին՝ Արցախը Ադրբեջանի տարածք ճանաչելու մեջ, եւ այն էլ, ոչ ավել, ոչ պակաս, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի վրա հղում կատարելով։ Թողեք էդ վարքագիծը, մի ասեք բաներ, որոնք իրականության հետ կապ չունեն»։ Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը մասնավորապես արձագանքեց․ «Ինչ վերաբերում է ստելուն, ստում եք դուք, որովհետեւ ձեր հետեւը նստած պատգամավորը՝ առնվազն Դաշնակցությունը ներկայացնող, քվեարկել է «Վարչատատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ, որտեղ սահմանից էն կողմ գրված է Ադրբեջանի Հանրապետություն․․․Ես զարմանում եմ, թե պարոն Մինասյանը տեղյակ չի, թե ով է քվեարկել։ Եթե պետք ա, ես ձեզ ցուցակը կուղարկեմ քվեարկածների»։ Իր հերթին՝ Արծվիկ Մինասյանը հակադարձեց, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը բացարձակ կապ չունի Արցախի հարցի հետ, եւ երբ այդ օրենքին կողմ են քվեարկել, Ալեն Սիմոնյանի ասած «տրամաբանությունը չի եղել մեջը, ավելին, իրավական առումով էլ ձեր ասածը կապ չունի այդ օրենքի հետ»։ «Երբ որ էս, էս շրջանը, ըստ (Լեռնային Ղարաբաղի) Սահմանադրության համարվում է Ղարաբաղի մաս, իսկ դուք էստեղ ձեր գործընկերների հետ կոճակ եք սեղմում եւ ներպետական օրենքով սահմանում եք, որ դա՝ ո՛չ, Լեռնային Ղարաբաղ չէ, դա Ադրբեջանի Հանրապետություն է, ու հիմա գալիս եք զարմացած դեմքով ու ինձ ստի մեջ եք մեղադրում, խնդրում եմ, դրա համար իրավաբան լինել պետք չի լինել, դրա համար ընդամենը տառաճանաչ է պետք լինել եւ պարկեշտություն է պետք ունենալ, որպեսզի տեսնել, թե դուք ինչ եք արել եւ հիմա ուրիշներին չմեղադրել»։

Civic.am-ը Աժ պաշտոնական կայքից դուրս բերեց «Վարչատարածքային բաժանման մասին օրենքի» նախագծի՝ անհատական քվեարկության տեղեկանքը։ Մասնավորապես օրենքի նախագծի առաջին ընթերցման ժամանակ, որը տեղի է ունեցել 2010 թ․ապրիլի 28-ին, ՀՅԴ խմբակցությունից կողմ են քվեարկել Արտյուշա Շահբազյանը, Արծվիկ Մինասյանը, Արայիկ Գրիգորյանը, Կարեն Վարդանյանը, Հրայր Կարապետյանը, Լիլիթ Գալստյանը։ Ձեռնպահ են քվեարկել Արա Նռանյանը, Բագրատ Սարգսյանը, Գագիկ Գեւորգյանը։ Ալվարդ Պետրոսյանը, Վահան Հովհաննիսյանը, Արթուր Աղաբեկյանը, Արմեն Ռուստամյանը, Աշոտ Ափոյանը, Միքայել Մանուկյանը բացակա են եղել։

Երկրորդ ընթերցման ժամանակ, որը կայացել է 2010 թ․ հունիսի 24-ին, կողմ են քվեարկել Վահան Հովհաննիսյանը, Ռուզաննա Առաքելյանը, Արծվիկ Մինասյանը, Արայիկ Գրիգորյանը, Հրայր Կարապետյանը, Բագրատ Սարգսյանը, Լիլիթ Գալստյանը, Արա Նռանյանը, Գագիկ Գեւորգյանը։ Արմեն Ռուստամյանը բացակայել է երկրորդ ընթերցման քվաերկությունից, Կարեն Վարդանյանն էլ չի մասնակցել քվեարկությանը։ Այսինքն, ՀՅԴ-ից եւ ոչ մի պատգամավոր դեմ չի արտահայտվել հիշյալ օրենքի ընդունմանը, եւ քվեարկության ժամամանակ իր վերաբերմունքն արտահայտել է ձեռնպահ կամ կողմ լինելու տեսքով՝ չհաշված բացակաները։ Երկրորդ ընթերցման ժամանակ «Դեմ» են քվեարկել «Ժառանգություն» խմբակցության երեք պատգամավորները՝ Ստեփան Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Անահիտ Բախշյան։ Վարդան Խաչատրյանը չի քվեարկել, իսկ մնացած պատգամավորները՝ Լ․Ալավերդյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Զարուհի Փոստանջյան, բացակայել են։

Ի դեպ, մենք էլ մեր հերթին վկայակոչենք մեկ այլ նախկին պատգամավորի, ապաեւ՝ Արդարադատության նախարար, ՀՀԿ-ա-ական Արփինե Հովհաննիսյանին։ Նա 2020 թվականի դեկտեմբերին, որպես ՀՓՇ խորհրդի անդամ տված իր հարցազրույցում, խոսելով «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի մասին, մասնավորապես հայտարարել է․ «Կա վարչական սահման, կա պետական սահման, վարչական սահմանները, բնականաբար, նշում են ուղղակի բնակավայրերը եւ որոնք սահմանակից են տվյալ դեպքում Ադրբեջանին։ Եվ բնականաբար, քանի որ մենք այդ ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչել, Արցախի հետ վարչատարածքային բաժանման մասին չէիք խոսելու։ Այլապես ինչ որ մեկը կարող էր ասել, որ դրանով իսկ ճանաչել ենք Արցախի անկախությունը, այսինքն՝ էս խնդիրը կար։ Այսինքն, զուտ վարչատարածքային բաժանման մասին է խոսքը, իսկ պետական սահման չկա ․․․»։

Արծվիկ Մինասյանը, ենթադրում ենք, չի կասկածում Արփինե Հովհաննիսյանի ոչ կոմպետենտությանը, ոչ էլ․․․ անկեղծությանը։

Ի դեպ, այս նախագիծը ԱԺ էր բերել ՀՀ կառավարությունը, իսկ ՀՀԿ-ական պատգամավորների ճնշող մեծամասնությունը այս օրենքին կողմ է քվեարկել՝ ՀՀ պետական սահմանից անդինը համարելով Ադրբեջան։

Հ․Մանուկյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ