Եթե ճիշտ լինեին պնդումները, թե փաստաթուղթը ՀՀ շահերից չի բխում, Կանոնակարգը վաղուց վավերացրած կլիներ Բաքուն. Ստեփանյան

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը անհասկանալի է որակում Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին Կանոնակարգի վերաբերյալ ՀՀ խորհրդարանական ընդդիմության մոտ առկա տրամաբանությունը։

Նրա խոսքով՝ այն, որ երկու ընդդիմադիր ուժերից մեկը Կանոնակարգը համարում է հակասահմանադրական, մյուսը՝ «հերթական հակապետական զիջումներին արդարացնելու միջոց», ցույց է տալիս միայն, որ Ազգային ժողովում ՀՀ իշխանության դեմ պայքար է տարվում։

«Ընդդիմությունը ցույց է տալիս, որ իրենց հաշիվները գցելը դեռ շուտ է, ու որ նրանք գոյություն ունեն և ինչ-որ կերպ պետք է արդարացնեն այն մանդատը, որը նրանց տվել են իրենց օգտին քվեարկած քաղաքացիները։ Ես կարծում եմ, որ այստեղ նաև ցանկություն կա սպասարկել այն օրակարգը, որը ձևավորվում է մեր երկրից դուրս։ Տվյալ դեպքում դա Ռուսաստանն է, որը շահագրգռված չէ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ գծված սահման լինի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինս, սակայն, տեղին չի համարում միանշանակ պնդել, թե ընդդիմության նմանատիպ քայլերը այս պահին ուղղորդվում են հենց Ռուսաստանից․ «Չգիտենք՝ ուղղորդվո՞ւմ են, թե՞ ոչ, բայց կարող ենք ասել, որ այս պարագայում ակնհայտ է Ռուսաստանի և Ադրբեջանի շահերի համընկնումը ընդդիմության հայտարարությունների հետ։ ՀՀ ընդդիմության գործելաոճն էլ համապատասխանում է այդ երկու երկրների հետ»։

Ստեփանյանը հիշեցնում է, որ Սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգին Ռուսաստանը դեմ է, քանի որ եթե Հայաստանը չունենա հստակ սահմաններ, ավելի հեշտ կլինի էսկալացիայի միջոցով պարտադրանքներ դնել ՀՀ-ի առջև։

«Եթե հաշվի չառնենք Ալիևի ցանկությունները, կտեսնենք, որ Ադրբեջանի դիրքորոշման հիմքում ընկած է նաև ՌԴ-ի ցանկությունները։ Այսինքն՝ ինչ է կատարվել․ Լեռնային Ղարաբաղն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ է, ՌԴ-ն ու հայերը այնտեղ չկան։ Հետևապես որպես կոնֆլիկտի հիմք մնում է հայ-ադրբեջանական սահմանը։ Եթե այդ սահմանն էլ հստակեցվում է, Ռուսաստանը այլևս անելիք չի ունենում այստեղ, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա անիմաստ կոնֆլիկտի էջը փակվում է, որովհետև 1991 թվականից ՌԴ-ի միակ ֆունկցիան կոնֆլիկտի վրա գործելն է, ինչը հիմա փորձում է անել, ու ստացվում է Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել խաղաղության պայմանագիրը, սահմանազատման հետ կապված գործընթացում էլ որևէ առաջընթաց չկա»,- ասում է նա։

Այդ ամենին զուգահեռ, ըստ զրուցակցի, Ադրբեջանի պաշտոնյանները ևս կարող են օգտագործել Կանոնակարգի վերաբերյալ հայաստանյան ընդդիմադիր գործիչների բացասական հայտարարությունները։ Դրանք, ճիշտ է, Ստեփանյանի խոսքով, ֆունդամենտալ ազդեցություն չեն ունենա, սակայն ադրբեջանական որևէ պաշտոնյայի խոսքում հղման տեսքով կարող են հայտնվել․ «Հատկապես երբ նրանք ինչ-որ ռևանշսիտներ են փնտրում Հայաստանում, որոնք իրականում չկան։ Ադրբեջանը շատ հմտորեն առիթներ է փնտրում ու գտնում։ Փորձում է այդ առիթներով արդարացնել Հայաստանի նկատմամբ սեփական դեստրուկտիվ քաղաքականությունը»։

Ինչ վերաբերում է ընդդիմության այն պնդումներին, թե Կանոնակարգը դավաճանական և կոլլաբորացիոնիստական փաստաթուղթ է, քաղաքագետը պարզաբանում է․ «Ես մանրակրկիտ ծանոթացել եմ այդ փաստաթղթին։ Փորձագետի աչքերով տեսել եմ, կարդացել եմ այն, և այնտեղ որևէ հակասություններ չեմ տեսնում ՀՀ շահերի հետ։ Իսկ թե ինչ բովանդակություն են այս պարագայում ակնկալում ընդդիմադիրները, լավ կլինի, որ դա ևս բացահայտեն։ Միգուցե ակնկալում են, որ Ադրբեջանը կապիտուլյացիա կստորագրի»։

Կապված Վազգեն (Բագրատ) Գալստանյանի հայտարարությունների հետ, ըստ որոնց էլ, հայրենիքից իբրև թե հանձնվել են տարածքներ, որից հետո ստեղծվել է աշխատանքային այս Կանոնակարգը, զրուցակիցը մի բան է կարևորում․ «Տարածքներ հանձնելու վերաբերյալ հայտարարությունները Գալստանյանի խղճին թող մնան։ Մինչ այս պահը ՀՀ-ն մի մետր տարածք Ադրբեջանին միակողմանի չի հանձնել, ես այդքանը գիտեմ։ Իսկ եթե մենք մի բան հանձնել ենք, ապա փոխարենը Ադրբեջանից ստացել ենք այլ տարածքներ, և դա տեղի է ունեցել սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Մենք չենք խոսում այն գործընթացների մասին, երբ, օրինակ, ՌԴ-ն հետ քաշվեց Տեղ գյուղի սահմանների մոտ, և տարածքներ կորցրինք»։

Քաղաքագետը վստահ է, որ, չնայած Ռուսաստան-Ադրբեջան-ՀՀ ընդդիմության պայքարին, ակնհայտ է, որ Կանոնակարգը Ազգային ժողովում վավերացվելու է։ Նրա խոսքով՝ այդ գործընթացը որևէ կերպ չի խանգարում Հայաստանին։ Եթե անգամ ճիշտ լինեին այն պնդումները, որ տվյալ փաստաթուղթը ՀՀ շահերից չի բխում, ապա, Ստեփանյանի կարծիքով, Կանոնակարգը վաղուց վավերացրած կլիներ հենց Ադրբեջանը, իսկ հիմա կհնչեին մեղադրանքներ, թե ինչու է հայկական կողմը այդ հարցում դանդաղկոտություն ցուցաբերում․ «Այդ փաստաթուղթը Ադրբեջանում չի էլ քննարկվում, դրա մասին չեն խոսում անգամ ԶԼՄ-ները։ Նրանք սպասում են Ալիևի հրամանին։ Հրամանը գուցե չկա, որովհետև Ալիևը սպասում է էսկալացիայի հնարավորությանը, ամեն դեպքում նա ժամանակ է ձգում ու չի ցանկանում շարունակել Հայաստանի հետ խաղաղության գործընթացը։ Ես այս տարի որևէ հիմքեր չեմ տեսնում Խաղաղության պայմանագրի համար»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ