Դաշնակցության թեզն է, որ ՀՀ-ն չպետք է սահմանազատված սահման ունենա. Գրիգորյան

«ԱՄՆ նախագահի այս նամակը Ադրբեջանի նախագահին ցույց է տալիս քաղաքական մեսիջ, որ ԱՄՆ-ն կարևորում է խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, և գտնում են, որ սա այն ժամանակահատվածն է, որ պետք է պայմանագիրը ավարտին հասցվի։ Մենք կարծում ենք, որ ոչ միայն այս նամակով, այլև շատ այլ գործողություններով մեր միջազգային գործընկերները ցույց են տալիս իրենց դիրքորոշումը, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը կարևոր է, ու իրենք ավելի շատ շեշտը դնում են Ադրբեջանի քաղաքական կամքի անհրաժեշտության վրա և իրենց հայտարարությւոններում ունեն այդ մեսիջը, որ Ադրբեջանը պետք է կամք դրսևորի»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բայդենի կոչին, ով հույս էր հայտնել, որ այս տարվա ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի։

Ըստ Գրիգորյանի՝ Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների կանոնակարգը շատ կարևոր է Հայաստանի համար, և դա պետք է վավերացվի ԱԺ-ում, իսկ խորհրդարանական ընդդիմությունը դեմ է, քանի որ դեմ է սահմանազատմանը. «Ընդդիմության կողմից փորձ է արվում հասարակությանը մանիպուլացնել ու մտահոգություններ առաջացնել, էլ չասեմ, որ Դաշնակցությունը չի հերքում այն հակապետական թեզը, որ իրենց իսկ շրջաբերականում ասվում է, որ սահմանազատումը չի բխում ՀՀ շահերից։ Սա է այս քաղաքական ուժի գաղափարախոսությունը, չեն ցանկանում, որ ՀՀ-ն ունենա միջազգայնորեն ճանաչված և սահմանազատված սահման»։

Պատգամավորը նշեց, որ ընդդիմության ու Ադրբեջանի թեզերը սինխրոն են, իսկ սահմանազատման կանոնակարգի վավերացումը որևէ տեսակի ռիսկ չունի, եթե նույնիսկ Ադրբեջանը չվավերացնի փաստաթուղթը, քանի որ դա ուժի մեջ կարող է մտնել միայն այն ժամանակ, երբ կողմերը փոխանակվեն վերջին ծանուցումներով, իրենց ներպետական կարգավորումները կատարելուց հետո։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ