Դատավորները՝ հիբրիդային պատերազմի «զոհ». իրավագետը ահազանգում է, դիմում՝ իրավապահ կառույցներին

Իրավագետ Արտաշես Խալաթյանի համոզմամբ՝ «Սրբազան պայքար» կոչված շարժումը և դրա տարրերը Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմի դրսևորում են, որի թիրախը պետական ինստիտուտներն են:

«Փորձ է արվում հետևողականորեն նսեմացնել, հեղինակազրկել պետական ինստիտուտները՝ թուլացնելով երկրի ինքնիշխանությունը: Բնական է, որ առաջին գծում պետականության պաշտպանության, իրավունքի գերակայությունը երաշխավորող պետական կառույցներն են՝ ոստիկանությունը և նաև դատարանները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է իրավագետը:

Ըստ Խալաթյանի՝ այդ կառույցների թիրախավորման նպատակը մեկն է՝ թուլացնել երկրի դիմադրողունակությունը և դիմադրողականությունը. «Այդ առումով գործ ունենք ՀՀ պետականության դեմ վարվող ահռելի տեղեկատվական և քաղաքական արշավի հետ, որի դրվագներից մեկը Սահմանադրական դատարանի դատավորների դեմ ուղղված զազրելի ակցիան էր, դատավորների լուսանկարները պաստառներին փակցնելը և ամենատարբեր նվաստացնող արտահայտություններ գրելն ու վանկարկելը, ինչը տեղավորվում է այդ ամբողջ տրամաբանության մեջ»:

Զրուցակիցը հիշեցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասը, որով հստակ քրեական պատասխանատվություն է նախատեսվում դատավորի պատիվը, արժանապատվությունը նվաստացնող, կամ նրա իրավունքները և օրինական շահերը նսեմացնող տեղեկատվության տարածման համար, ընդհուպ՝ մինչև ազատազրկում:

«Տվյալ պարագայում մենք գործ ունենք հենց այս հոդվածով նկարագրված հանցակազմի հետ, որովհետև Սահմանադրական դատարանի դատավորների վերաբերյալ տարածվում են թռուցիկներ, փակցվում՝ լուսանկարներ նրանց պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններով, նրանց անվանում են «իշխանության ծառա», «պետական դավաճան» և նման այլ որակավորումներ են տալիս: Ես ակնկալում եմ, որ իրավապահ համակարգը ընթացք կտա այս գործողություններին՝ քրեական վարույթ կնախաձեռնի: Սա ամենևին չի համարվում խոսքի ազատության դրսևորում, այլ իրականում հանցագործության սահմանները հատող գործողություններ ու վարքագիծ է, որը արդեն ոչ միայն հակաբարոյական, ոչ էթիկական գործողություններ են, այլ հստակ հակաիրավական՝ հանցավոր գործողություններ»,- կարծում է Խալաթյանը:

Վերջինիս համոզմամբ՝ նման սադրիչ գործողություններով փորձ է արվում հնարավոր իրավական հակազդեցության պարագայում դա ներկայացնել որպես քաղաքական հետապնդում, որպեսզի նոր շունչ հաղորդեն թերևս մարող գործընթացներին:

Միաժամանակ, իրավագետի խոսքով, պետական ինստիտուտների դեմ այս արշավը խիստ վտանգավոր է ՀՀ ազգային անվտանգության համար. «Ստացվում է, որ փաստաբանական, դասախոսական և դատական համայնք ներկայացնող Սահմանադրական դատարանի հարգարժան դատավորները դարձել են ինչ-որ կասկածելի հետագծով մարդկանց թիրախավորման զոհ, որոնք իրենց չգիտես՝ ինչպես և չգիտես՝ ինչու ներկայացնում են ժողովրդի ներկայացուցիչներ, երբ չունեն դրա համար ո՛չ իրավական, ո՛չ բարոյական և ո՛չ էլ որևէ այլ հիմք:

«Չեմ կարող ասել՝ Բագրատ Գալստանյանը գիտակցաբա՞ր է գնում այդ քայլին, թե՞ ոչ, բայց այսպես թե այնպես ինքն այդ մեծ սցենարի մաս է կազմում: Մասնակիցների մի մասը կարող է դա անել գիտակցաբար, մյուս մասը՝ անգիտակցաբար, մի մասն էլ իրենց քաղաքական ամբիցիաների զոհ են դառնում, և իրենք էլ կարող են չնկատել, թե ինչպես են շահարկվում այլ շրջանակների սցենարիստների կողմից: Սակայն փաստը մնում է փաստ, որ այդ ամենը նպատակամղված արդեն մի քանի տարի վարվող քաղաքականություն է, իսկ եթե ավելի լայն, ապա «Թավշյա» հեղափոխության հենց հաջորդ օրվանից մշակվող և հընթացս փոփոխությունների ենթարկվող սցենար է»,- նկատում է նա:

Խալաթյանի համոզմամբ՝ իրենք մի ձեռքով փորձում են պետականության ինստիտուտները թուլացնել, իսկ մյուս կողմից՝ «Թավշյա» հեղափոխությանը նմանակել:

«Դա ցույց է տալիս իրենց գործողությունների հակասությունը, որովհետև մի կողմից նրանք «Թավշյա» հեղափոխությամբ արձանագրված քաղաքական արդյունքը պախարակում են, մյուս կողմից այդ գործընթացը դիտարկում իշխանափոխության հասնելու միակ լեգիտիմ միջոց: Այսինքն՝ իրենք իրենց քաղաքական խոսույթում և պատկերացումներում կարծես թե խորը հակասությունների մեջ են և, ըստ էության, կարծես թե վերակենդանանալու համար ավելի շատ ընտրում են քաղաքական սադրանքների և ակնհայտ ոչ իրավաչափ գործողություններով գործելակերպը»,- եզրափակում է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ