Ի՞նչ էիք անում դուք, որ ԼՂ-ն չէիք ճանաչում որպես անկախ և թողնում էիք Արցախը Ադրբեջանի կազմում. Սիմոնյանը՝ Մանուկյանին

«Դուք «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել եք՝ հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանի տարածքներ օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից. Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»:

Այս մասին ԱԺ նիստում՝ դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ապա հարցրեց.

«Էդ հիմարագույն թեզը, որ Ադրբեջանն ուներ լեգիտիմ իրավունք ո՞վ է խորհուրդ տվել ձեզ»:

Սիմոնյանը նշեց, թեպետ հարցն օրակարգին չի վերաբերում, բայց ինքը կապատասխանի․

«Դուք, որ Արցախի Հանրապետությունը չէիք ճանաչում որպես անկախ պետություն և թողնում էիք Արցախը որպես Ադրբեջանի կազմ, երբ վարչատարածքային բաժանման մասին օրենք էիք քննարկում ու ընդունում, անձամբ ձեր կուսակցությունը՝ Դաշնակցությունը և նշում էիք, որ դա Ադրբեջան է, բա ի՞նչ էիք անում:

Խոսքը գնում է լեգիտիմ իրավունքի մասին և որևիցե նոր բան իմ ասածի մեջ չկա: Ինչ վերաբերում է Ձեր մեկնաբանությանը՝ ո՞րն է հիմարությունը, ո՞րն է ճիշտ, պատմությունը, կարծում եմ, դրա պատասխանը տվեց»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը նաև նկատեց՝ կարելի է մի բառից կախվել ու ինչ-որ թեզ կառուցել, բայց փաստը մնում է փաստ, որ այդ տարածքը միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածք է եղել և կա․

«Պատրաստ եմ քննարկման, բայց այդ քննարկումը Դուք այստեղ ծավալել եք բազմիցս և բազմիցս էլ տապալվել եք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ