Արթուր Բաղդասարյանն ու նրա ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն

ԱԺ նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՕԵԿ երբեմնի նախագահ Արթուր Բաղդասարյանը, նրա ընտանիքի անդամները՝ կինը, որդին, հայրը, հոկտեմբերի 29-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազոության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ civic.am-ը «Ազդարար» հարթակում հրապարակված՝ Աննա Բաղդասարյանին ուղղված ծանուցագրից տեղեկացավ, որ Արթուր Բաղդասարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր և որի հիման վրա Աննա Բաղդասարյանի անվամբ հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա: Դատելով դատախազության մյուս ծանուցագրերից՝ ուղղված Բաղդասարյանի որդուն և հորը, վերջիններիս անունով հաշվառված գույքերը նույնպես հանդիսանում են բռնագանձման առարկա։

Նշենք, որ մամուլը տարիներ շարունակ գրել է նախկին պաշտոնյային պատկանող բիզնեսների ու ահռելի ունեցվածքի մասին։ 2018-ին վերջինս հայտարարեց ակտիվ քաղաքականությունից հեռանալու և կուսակցության նախագահի պաշտոնը թողնելու մասին։

Նշենք, որ ԱԺ նախկին խոսնակին է պատկանում 2010-ին գրանցված, ալկոհոլային խմիչքներ արտադրող «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ն։ Դրա 100 տոկոս իրական շահառուն (անուղղակի մասնակություն) ըստ պետռեգիստրի 2024 թ․ մայիսի տվյալների՝ Արթուր Բաղդասարյանն է, ռեզիդենտ ընկերությունը՝ Գավեքս Գրուպ»-ը։

2022-ին «Հետք»-ը գրեց, որ 2019-ի սեպտեմբերին Լիոնի հարևան Ռիյո լա Պապ քաղաքում (1 Allée Marcel Pagnol, Rillieux-la-Pape, France) գրանցվել է «AB Invest France» ընկերությունը: Դրա հիմնադիրը, ըստ փաստաթղթերի, Ա. Բաղդասարյանի հայկական «Գավեքս Գրուպ» ՍՊԸ-ն է, բայց վերջնական շահառու սեփականատերը հենց նախկին պաշտոնյան է:

Հ․Մ․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ