ՊՈՒ քարտուղարը թող բացահայտի, թե ինչպես էին պաշտոնի նշանակվում եւ ազատվում իր կուսղեկի նախագահության օրոք

ԱԺ-ում նախորդ շաբաթ տեղի ունեցած լսումների ժամանակ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի և ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի ունեցած բանավեճը, ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, քարոզչական «սնունդ» էր քաղաքական օրակարգ չունեցող ու «օրվա հացով» ապրող ընդդիմության համար։ Ականջ են ծակում երանություն արտահայտող բացականչությունները, այսպես ասած՝ «օխայ»-ները, թե՝ «իշխանությունը ճաքեր է տալիս», «արդեն սկսել են իրար ուտել ու իրար վրա բոչկա գլորել», և այսպես շարունակ։ Ոմանց վերլուծական միտքն էլ, օրինակ, բավականացրել է եզրակացնելու, որ իշխանության ներսում, այսպես ասած, «չիստկա» է տեղի ունենում գալիք ընտրություններին ընդառաջ, սակայն այդ «չիստկան» իրականում միտված է պրոֆեսիոնալներից ու նվիրյալներից ձերբազատվելուն։

«ՔՊ-ի ներսում կա ձևավորված խմբավորում, որը գործում է Նիկոլ Փաշինյանի ուղղորդմամբ, և նրանց նպատակն է ընտրություններին ընդառաջ մաքրել համակարգը և բոլոր կարևոր պաշտոններում նշանակել մարդկանց, որոնք բացառապես ՔՊ-ական արժեքներ են կրում։ ՔՊ-ական արժեքները արժեքային համակարգի բացակայությունն է, որովհետև դժվար է այս իշխանության քաղաքական կուրսի մեջ ինչ-որ արժեքային համակարգ տեսնել, ընդհակառակը՝ դրա բացակայությունն է։ Եվ ինչ է անում իշխանությունը, որը տարբեր փուլերում դա արել է և այժմ էլ դա անում է՝ փորձում է օգտագործել տարբեր պաշտոնյաների, օգտագործում է նրանց հնարավորությունները, ռեսուրսները, բայց նրանց ի վերջո ճանապարհում է այդ ձևով։ Այսինքն՝ նրանց չեն էլ կանչում գեղեցիկ, սիրուն ձևով ասում՝ քո ժամանակն ավարտվել է, դու պետք է գնաս։ Նրանց ոճին դա հարիր է՝ բոլորին արժեզրկել…»։

Միանգամից ասենք, որ մեջբերումը ոչ թե մոտակա «բեսեդկայում»՝ նարդի խաղալու ու «սեմուշկա» չրթելու արանքում արված «քյարթու» վերլուծությունից է, այլ ժամանակին տարբեր, այդ թվում՝ նախագահի խորհրդականի, պաշտոններ զբաղեցրած օպոզիցիոն մի գործչի՝ ՊՈՒ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հարցազրուցից։ Փաստորեն, ժողովրդի մանդատը ստացածների մեջ կան այնպիսիք, որոնց մոտ սարսափելի կաղում է տարրական տրամաբանությունը, և այս «թոփալ» տրամաբանությամբ էլ այս մարդիկ ուզում են իշխանափոխություն անել և նորից զավթել երկրի կառավարումը։ Ինչ է ստացվում՝ Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ ուժի լիդեր, որը պետք է տրամաբանորեն գալիք ընտրություններին ընդառաջ ամրացներ (ամրացնի) թիմը, նորոգի (նորոգեր) բոլոր «ճաքերը», հարստացներ (հարստացնի) կառավարման համակարգը պրոֆեսիոնալներով, գաղափարի նվիրյալ, ձեռնահաս և ամենակարևորը՝ քաղաքականապես չփչացած գործիչներով, որոշել է «փչացնել» իր «տոնը»՝ «մաքրել» համակարգը, բայց ոչ թե ոչ պրոֆեսիոնալներից ու իրենց վստահված ոլորտը ձախողածներից, այլ… կարողություններ ունեցողներից։ Երևի այդպես է որոշել վարվել, որ մինչև գալիք ընտրություններ կատարելապես ձախողի երկրի կառավարումը և հող նախապատրաստի ժողովրդի կողմից 2018-ի նմանությամբ մերժվելու և ժողովրդի իշխանությունը Տիգրան Աբրահամյանի կուսակցությանը հանձնելու համար՝ մերժված Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։

Տրամագիտության մեջ դատողության այս տեսակը երևի թե պետք է կոչել «ՀՀԿ-ածին» և ինչու չէ՝ մեդալ տալ Տիգրան Աբրահամյանին՝ սեփական կուսակցության արժեբանությունը, երկրի կառավարման սերժսարգսյանական դոկտրինը հանգամանորեն բացահայտելու համար։ Ինչպե՞ս էր կառավարվում ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի իշխանությունը. այո, պաշտոնների էին նշանակվում նրանք, ովքեր ի վիճակի էին անել մի քանի կարևոր բան՝ «մուծվել» վերևներին գործի ընդունվելիս, մուծվելու ընթացքում և հավատարմության երդում տալ նույն այդ վերևներին, որ կատարելու են «հագապատիվի» կողմից իջեցված բոլոր հրահանգները, մասնավորապես՝ անել ամեն ինչ իշխանությունը չկորցնելու համար և անել անհնարին ամեն ինչ՝ նորից վերարտադրվելու համար։ Իսկ եթե ոչ… ապա գործի էր դրվում «շեղյալներին» պատժելու նուրբ կամ կոշտ մեխանիզմը, այդ թվում՝ կոմպրոմատների թղթապանակը։

Այլապես ո՞ր արժանիքի կամ պրոֆեսիոնալ որակների համար էր, ասենք, Արամ Հարությունյանը, նույն ինքը՝ խոշոր կոռուպցիոն գործով հետախուզման մեջ գտնվող բնապահպանության նախկին նախարար «Բուլկի Արամ»-ը, նշանակվել այդ պաշտոնին, հետագայում էլ՝ այլ պաշտոնների։ Կամ, ասենք, ո՞ր բարոյական արժանիքի կամ ինտելեկտուալ, կառավարչական բացառիկ հատկությունների համար էր Հովիկ Աբրահամյանը երկար տարիներ զբաղեցնում ՏԿԵ նախարարի, ապաև՝ ԱԺ նախագահի, հետո էլ՝ վարչապետի պաշտոնը։ Ի դեպ, այդպես էլ չիմացանք, թե 2016-ին «մի գիշերվա մեջ» ինչ կատարվեց Սերժ Սարգսյանի «հոգու դավթարում», որ որոշեց «ոչ սիրուն ու գեղեցիկ ձևով» ազատվել իր լավ ու վատ օրերի զինակցից։ Չիմացանք նաև, թե ո՞ր արժանիքի ու կարողության համար հենց Կարեն Վիլհելմովիչը նշանակվեց Արգամիչի փոխարեն։ Համառ լուրեր կային, թե ՌԴ-ի պարտադրանքով՝ ապրիլյան պատերազմից հետո երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը կոտրելու և «նոր ֆասադով» 2017-ի ԱԺ ընտրություներին մասնակցել-վերարտադրվելու, ապաև՝ իշխանությունը սահուն կերպով ՌԴ-ի մարդուն փոխանցելու համար։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ «ամենահետաքրքիր պահին», բոլորին է հայտնի. Տիգրան Աբրահամյանի կուսղեկը ոչ այնքան գեղեցիկ ձևով «քցեց» Կարապետյանին՝ դրժելով ավելի վաղ տված իր խոստումն ու դառնալով ՀՀ վարչապետ։ Դրա համար էլ ունեցանք այն, ինչ ունեցանք։

Ինչ վերաբերում է գործող իշխանության, կառավարող թիմի ներսում տեղի ունեցող, ինչպես Աբրահամյանի մի շարք գործընկերներ են բնորոշում՝ «ռազբորկաներին», ապա դրանք, եթե անգամ կան, միտված են կառավարման համակարգի առողջացմանն ու ժողովրդավարացմանը, մի պրոցես, որը օրգանապես անհամատեղելի էր ՀՀԿ-ի կառավարման փիլիսոփայությանը, «տառին և ոգուն»։ Այդ փիլիսոփայությունը շատ դիպուկ բնորոշել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ դեռևս 2007 թ. իր հայտնի ելույթում. «Մոնղոլների պես, չունենալով բավարար մարդկային և պրոֆեսիոնալ ռեսուրսներ, Հայաստանի մերօրյա խաները ստիպված են երկրի կառավարման հոգսը հիմնականում դնել տեղական պաշտոնյաների և երևելիների վրա՝ նրանց շնորհելով նախարարական ու պատգամավորական տիտղոսներ, միաժամանակ օժտելով սեփականատիրական և գործարարական որոշ իրավունքներով ու արտոնություններով։ Վերջիններս, միջնադարյան վասալների նման, հլու-հնազանդ կատարում են տերերի հրամանները՝ բավարարվելով սեփական ժողովրդի կեղեքումից ու հարստահարումից իրենց հասնող բաժնով։ Նրանց սեփականությունն ու բիզնեսը ապահովագրված չեն իրավական երաշխիքներով, այլ ամբողջովին կախված են Քոչարյանի և Սարգսյանի քմահաճույքից։ Եթե Միշա Բաղդասարովին, Բարսեղ Բեգլարյանին, Լևոն Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին, Սամվել Մայրապետյանին, Հրանտ Վարդանյանին, Հարություն Փամբուկյանին թվում է, թե իրենք սեփականատեր ու բիզնեսմեն են, ապա չարաչար սխալվում են։ Ցանկացած պահի, խաների քմահաճույքով, նրանք կկորցնեն թե՛ իրենց սեփականությունը, թե՛ բիզնեսը։ Եթե նրանցից մեկին ասվի, որ քո հեռուստաընկերությունն ու բանկը պիտի վաճառես մի ուրիշի, ապա այդպես էլ պետք է անի։ Եթե «Հայծխախոտ» ընկերության մի մեծ բաժնետիրոջ հրամայվի, որ իր բաժինը զիջի երրորդ անձի՝ պիտի ենթարկվի։ Եթե օրինական սեփականատիրոջից խլված ցեմենտի մի գործարան առաջարկվի մի այլ մեծահարուստի՝ պիտի համաձայնի, և այլն։ Իսկ անհնազանդներն ու կիսվել չցանկացողները, առավել ևս՝ անկախ մտածողները, ենթակա են ոչնչացման, Հայաստանի ներկա իշխանությունները թաթար-մոնղոլներին նույնանում են նաև գաղափարախոսության բնագավառում դրսևորած անլուրջ և ոչ հետևողական վարքագծով։ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մինչև 1990 թվականը կոմունիստ էին, այն էլ ոչ շարքային։ Հետո դարձան ՀՀՇ-ական. Քոչարյանը նույնիսկ ընտրվեց ՀՀՇ-ի վարչության կազմում, իսկ Սարգսյանն առաջադրվեց, բայց չհավաքեց դրա համար անհրաժեշտ ձայները։ Այնուհետև Քոչարյանը, թեև ոչ ֆորմալ, հակվեց դեպի Դաշնակցություն և Հայ դատ, իսկ Սարգսյանը գլխավորեց Նժդեհացեղակրոն կուսակցությունը։ Եթե պետք լինի, վաղը նրանք կդառնան մուսավաթական»։

Հ. Մանուկյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ