Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, ենթատեքստում՝ զգուշացում. Բայդենի՝ Ալիևին հղած նամակի մեսիջները

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը կարծում է, որ ԿՈՊ 29-ը Ադրբեջանին հենց այնպես չի տրվել, այլ Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու համատեքստում: Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը՝ ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, արձանագրում է վերոնշյալը:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի զրույցում՝ մեկնաբանելով Բայդենի նամակը՝ ուղղված Ալիևին:

«Սա Ալիևին տրված կոնկրետ վերջնաժամկետ է, որից հետո, եթե նա չգնա խաղաղության, ըստ էության, կհետևեն կոնկրետ քայլեր: Իհարկե, մի հանգամանք կա. եթե նոյեմբերի 5-ին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվի Դոնալդ Թրամփը, ապա իրադարձությունները այլ հունով կզարգանան, բայց եթե ընտրվի Հարրիսը, ապա մինչև տարեվերջ, նույնիսկ՝ ԿՈՊ 29-ը, կարծում եմ՝ Ալիևը կգնա որոշակի փաստաթղթի ստորագրման: Կրկնում եմ՝ սա Բայդենի կողմից վերջնաժամկետ էր Ալիևին»,- համոզված է Առաքելյանը:

Նրա դիտարկմամբ՝ այս հայտարարությունը վերջին ամիսների, կամ գուցե տարիների ԱՄՆ ամենաբարձր մակարդակով Ալիևին ուղղած կոչ հիշեցում է և ենթատեքստում զգուշացում. «Եթե, այնուամենայնիվ, ԱՄՆ-ում նախագահ ընտրվի Հարրիսը, ապա համոզված եմ, որ սա չի լինի հերթական ինչ-որ հայտարարություն Ալիևի համար, կլինեն նաև հետևանքներ. գործնական ընթացք կունենան պատժամիջոցների վերաբերյալ հայտարարությունները»:

Միաժամանակ նա նկատում է, որ նամակի և դրա բովանդակության հետ չեն կարող հաշվի չնստել Ադրբեջանում. «Մեկ փոքր դիկտատորի քմահաճույքները չեմ կարծում, որ պետք է լուրջ ազդեցություն ունենան այնպիսի խոշոր խաղացողների վրա, ինչպիսին ԱՄՆ-ն է, առավել ևս, երբ տարածաշրջանում կան լուրջ շահեր: Միացյալ Նահանգների այս տեսակետը՝ խաղաղության գնալու հետ կապված, պաշտպանում է նաև Իրանը, դա որոշակիորեն ընդունում է նաև Թուրքիան, և հետևաբար տարածաշրջանում միակ ֆիգուրը Ալիևն է, որ բոյկոտում է խաղաղության գործընթացը»,- ասում է Առաքելյանը:

Վերջինս կրկնում է՝ հնարավոր սցենարներից մեկը Հարրիսի ընտրվելու դեպքում այն է, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը կգնա խաղաղության գործընթացի, իսկ նրա չընտրվելու դեպքում, եթե Բայդենի ադմինիստրացիան մինչև իր գործառույթների ժամկետի ավարտը որոշակի պատժամիջոցներ կիրառի, Թրամփի գալուց հետո դրանք դուրս են գալու. «Դրա համար մեզ համար շատ կարևոր է հատկապես նման հայտարարության ֆոնին, որ նախագահի պաշտոնում ընտրվի Հարիսը: Իսկ պատժամիջոցների փաթեթը կարող է լինել անհատական պատժամիջոցներից մինչև պետության կոնկրետ տնտեսական ստրատեգիական ոլորտներին ուղղված, տվյալ դեպքում՝ նավթի, գազի վրա դրվող պատժամիջոցները: Եվ, բնականաբար, անհատապես թե՛ Ալիևների ընտանիքի, թե՛ այդ օլիգարխիկ համակարգին հարող անձանց նկատմամբ որոշակի պատժամիջոցների կիրառումը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ