ԱՄՆ-ն վերջին շանսը տվեց Ադրբեջանին․ Բաքվի շուրջ բացասական մթնոլորտը թանձրանում է

Չնայած Միացյալ նահանգները երբեք պաշտոնապես չի պահանջել, որ խաղաղության պայմանագիրը պետք է մինչև COP29-ը ստորագրվի, սակայն, ամբողջ տրամաբանությունը դա էր՝ Ադրբեջանը պետք է որոշակի զիջումների գնար մարդու իրավունքների ոլորտում խստացումները մեղմելու, քաղբանտարկյալների ու հայ ռազմագերիների հարցը լուծվեր և խաղաղության պայմանագիրը ստորագրվեր։ Հենց անյպես չի որոշվել, որ այդ ֆորումը պետք է անցկացվի Բաքվում։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։

Ադրբեջանը բոլոր առումներով չի կատարել իր պարտավորությունները, մնում է միայն խաղաղության պայմանագրի ստորագրումը, որով նաև Արևմուտքն իր դեմքը կփրկի, որովհետև այդ երկրներում մամուլը, քաղհասարակությունը քննադատում է իշխանություններին՝ էկոլոգիական ֆորումը Բաքվում անցկացնելու համար։

«Սա վերջին հիշեցումն է, որ մենք ձեզ հնարավորություն ենք տալիս, որպեսզի լիովին ձախողված չլինի ու որոշ լիդերներ հրաժարվեն ներկա գտնվել COP29-ին», — ասաց Արմեն Հովհաննիսյանը։

Բացասական մթնոլորտը Բաքվի շուրջ, ըստ քաղաքագետի, գնալով թանձրանում է։ ԱՄՆ-ն վերջին շանսն է տվել Ալիևին։

Անդրադառնալով Մոլդովայում կայացած նախագահական ընտրություններին և Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեին Հովհաննիսյանն ասաց, որ Մոլդովան չկարողացավ հակադրվել պրոռուսական, քրեաօլիգարխիկ տարրերին։

Մոլդովայում քաղաքացիները մոտավորապես հավասարապես են քվեարկել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեին։ Դեռ ամբողջական արդյունքները ամփոփված չեն, սակայն ձայները գրեթե 50/50 են։ Մոլդովայի ընտրությունները Հայաստանի վրա, Հովհաննիսյանի կարծիքով, էական ազդեցություն չեն ունենա։ Ավելի կարևոր են Վրաստանում ընտրությունների արդյունքները։

«Մեծ հավանականություն կա, որ Իվանիշվիլիի ռեժիմը գնալու է վա-բանկ, ընտրությունների արդյունքները կեղծվելու են՝ հաշվի առնելով, որ ժողովուրդը դուրս է գալու փողոց, փորձելու են ուժային՝ ընդհուպ բելառուսական մեթոդներով լռեցնել մարդկանց։ Ըստ էության, տեղի է ունենալու իշխանության բռնազավթում՝ ըստ Իվանիշվիլիի պլանի», — նշեց Արմեն Հովհաննիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ