Հարցաքննվել են տուժողը, ուսուցիչը. հայտնի է՝ Երևանի որ դպրոցում ու ինչպես է վիրավորում ստացել 15-ամյա աշակերտը

Քննչական կոմիտեն դպրոցում անչափահասի կողմից հրազենային վնասվածք ստանալու մասին տարածվող լուրերի առնչությամբ մանրամսներ է հայտնել:

«Հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևանի թիվ 93 դպրոցի ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից «աջ ազդրի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մեկ անչափահաս:

Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ մարմնական վնասվածքը պատճառվել է ռազմագիտության դասարանում մեկ այլ աշակերտի կողմից օդամղիչ (տիրի) հրացանով պատահաբար կրակոց արձակելու հետևանքով:

Դեպքի առթիվ 2024թ․ հոկտեմբերի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող և հարցաքննվել։ Վերջինս ավելի վաղ դուրս է գրվել հիվանդանոցից։

Հարցաքննվել է նաև ռազմագիտության ուսուցիչը։

Նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից օդամղիչ հրացանն առգրավվել է անհրաժեշտ հնարավոր ապացուցողական, վարութային գործողություններ կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվել կատարվածի հանգամանքները պարզելու, միջադեպի մասնակից անձանց գործողություններին իրավական գնտահատական տալու նպատակով։

Այս պահին չկան նշված միջադեպի ժամանակ ՀՐԱԶԵՆԻ կիրառման կամ անչափահասին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ տվյալներ։

Մնացածը՝ ըստ նշանակված փորձաքննության արդյունքների»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էիք, որ որ Երևանի դպրոցներից մեկից հրազենային վնասվածքով Երևանի պոլիկլինիկաներից մեկում բուժօգնության էր դիմել մի աշակերտ, որը ռազմագիտության դասարանում օդամղիչ հրացանից արձակված գնդակից ստացել է մարմնական վնասվածք։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ