«Հոկտեմբերի 27»-ի տարելիցին ընդառաջ ՀՅԴ-ն ամբիոն է տրամադրում «անժամանցելի» զազրախոսներին ու նրանց բերանով «մահապարտներ» հավաքագրում

Երբ ԱԺ ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է հրավիրում, կարելի է ենթադրել՝ երկրի թիվ մեկ ամբիոնը այդ օրը դառնալու է վուլգար բառամթերքի, ատելության խոսքի, վիրավորանքի, ընդհուպ՝ «ամեն գնով իշխանափոխության հասնելու» մասին կոչերի տիրաժավորման վայրի։ Ընդդիմադիր երկու խմբակցությունները, կհամաձայնեք, մահու չափ զզվեցրել են հասարակությանը իշխանությանն ուղղված հրաժարականի կոչերով, ուստի բազմազանության համար այդ կոչն անելու հերթը մեկումեջ զիջում են արտախորհրդարանական «անսամբլի» «վաստակավոր» մենակատարներին՝ բոլորն էլ նախկին իշխանության օրոք տարբեր պաշտոններ զբաղեցրած։ Նախօրեին տեղի ունեցած լսումները՝ Անկախության հռչակագրի անժամանցելի արդիականության մասին, ցուցանեցին՝ կապ չունի, թե ինչ թեմայով է օպոզիցիան միջոցառում կազմակերպում, հայտնի՝ ոջիլի մասին անեկդոտի տրամաբանությամբ այդ միջոցառման հրավիրյալներին հրահանգված է իրենց ասելիքը տանել-հանգեցնել իրենց համար անժամանցելի և արդիական թեմային՝ Նիկոլ Փաշինյանի «վռնդմանը»։ Այդ լսումները, բացի դրանից, նաև վերաապացուցեցին՝ ընդդիմությունը չունի քաղաքական կենսունակ օրակարգ և պեղում է արհեստական թեմաներ, որոնց շուրջ լսումներ կազմակերպելով ու թեմային մասսայականություն հաղորդելով, այն է՝ գլխավոր ամբիոնը «անժամանցելի» զազրախոսներին տրամադրելով, նրանց ելույթներով սիրտը հովացնելով, կկոմպենսացնի իշխանափոխության փողոցային և ներխորհրդարանական պայքարի ձախողումը, հանրությանը ցույց կտա, որ «տեղում» է, ավելին՝ «բզբզում» է, մինչև կբացվի փողոցային հերթական շարժումն սկսելու սեզամը, ներողություն՝ սեզոնը։

Այդ՝ «ամեն գնով իշխանափոխության» մասին ԱԺ բարձր ամբիոնից հերթական անգամ ու նույն ոգեղենությամբ նախօրեին ազդարարեց նախկին դաշնակցական (հայտնի խոսք կա՝ «դաշնակի նախկինը չի լինում»), հետո Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» մտած, ապաև՝ ելած, այժմ էլ՝ կուսակցական անհայտ պատկանելության գործիչ Ռուբիկ Հակոբյանը։ Սույն գործիչը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության միջով անցած օրենսդիր մարմնում վերստին շրջանառեց «մահապարտների բանակ» ստեղծելու, ապստամբելու և գործող իշխանությանը հեռացնելու մասին իր հայտնի թեզը։ Չգիտենք՝ ովքեր էին Հակոբյանի երբեմնի կուսակից Նաիրի Հունանյանին ու նրա «բանդային» ժամանակին «դուխ տվել»՝ ազատվել «ժողովրդի արյունը ծծող» օրվա իշխանությունից, բայց ենթադրում ենք, որ այդ՝ «դուխ տվողները» նրանց ահաբեկչության նախապատրաստելիս առաջնորդվել են նույն՝ ռուբիկհակոբյանական էնտուզիազմով։ Պատահական չէ, որ «Հայաստան» խմբակցությունը, որտեղ ՀՅԴ-ականները, ի դեպ, թվաքանակով գերակշռում են, 1999 թվականի ահաբեկչության տարելիցին ընդառաջ կազմակերպված լսումներին հրավիրում է մարդկանց, ովքեր ԱԺ ամբիոնից մերօրյա պոտենցիալ նաիրիհունանյաններին հավաքագրելու կոչեր են անում։

Նշենք, որ 2023-ի փետրվարին նույնպես «Հայաստան» խմբակցության կազմակերպած հերթական լսումների ժամանակ նույն Ռուբիկ Հակոբյանը «թասիբի էր գցում» Նիկոլ Փաշինյանին և «ինքնասպան լինելու» կոչ անում։ «Հարգելի ընդդիմություն, իմ լավ ընկերներ, չեք գտնո՞ւմ, որ ձեր քաղաքականության արդյունքում է նա դեռ նստած աթոռին։ Հենց այդ քաղաքականության արդյունքն է, որովհետև նա այսօր իրավունք չունի պետություն ներկայացնելու։ Համաշխարհային պատմությունը փորձ ունի՝ այսպիսի դաժան պարտության տարած քաղաքական գործիչը իրավունք չունի շարունակելու ներկայացնել պետությունը։ Կան, դեպքեր կան. ա՛յ Հիտլերը, որի քաղաքականության շարունակությունն է այսօրվա իշխանության կեցվածքը, էդքան տղամարդկություն ունեցավ իր տիկնոջ հետ ինքնասպանություն գործելու համար, Գեբելսը շատ ավելի դաժան գտնվեց, որովհետև իր 6 երեխաների և կնոջ հետ ինքնասպանություն գործեց, իսկ իտալացի ֆաշիստին գարիբալդիականները գնդակահարեցին։ Իհարկե, այդքան տղամարդկություն չունի, որ հասկանա իր ողբերգության չափը, բայց այդուհանդերձ։ Քանի ինքը կա իշխանության, մենք ամենօրյա ռեժիմով պարտվելու ենք, և գլխատվելու է մեր ազգային արժանապատվությունը։ Պետք է ձևավորվի մահապարտների թիմ, որը շատ վստահություն ներշնչի ժողովրդին և կարողանա այս իշխանությանը հեռացնել և մաքրել այդ «ավգյան ախոռները», որ վիրուսակիր է դարձել և կործանում է այսօրվա Հայաստանը»,- հայտարարել էր Հակոբյանը։

Նրա այս «մարտակոչը»՝ մահապարտների մասով, հավանության արժանացրեց լսումներին հրավիրված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որի սան Վազգեն Գալստանյանն, ինչպես հայտնի է, նախօրեի լսումների հրավիրյալներից էր՝ եկել էր իր շարժման շահառուների հարկը օրհնելու և ատելության խոսքի իր «դոզան» բաց թողնելու։

Վերադառնալով Ռուբիկ Հակոբյանին՝ նշենք, որ նա մահապարտների հավաքագրման կոչով հաջորդիվ հանդես եկավ նաև 2023-ի նոյեմբերին՝ «Հայաքվե»-ի առիթով ընդդիմության հրավիրած ԱԺ լսումներիժամանակ։ «Թիվ մեկ խնդիրը, որ այսօր պետք է լուծենք, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նրան (Նիկոլ Փաշինյանին-խմբ.) հեռացնենք իշխանությունից։ Ընդ որում՝ հեռացնենք բոլոր միջոցներով, որովհետև հակասահմանադրական վիճակով ինքը այսօր պահում է իշխանությունը։ Սահմանադրական մեր իրավունքը, նաև միջազգային նորմերին համապատասխան այն է, որ եթե քո իրավունքը ոտնահարվում է իշխանության կողմից, դու կարող ես ցանկացած միջոցով նրան հեռացնել»,- ոգևորված ու շիկնած հայտարարեց Հակոբյանը, ապաև կրկին հիշեցրեց Հիտլերի, Գեբելսի ինքնասպան լինելը։ Իսկ խոսքի մյուս հատվածում ակամա արդարացրեց նաև «անցանկալի իշխանությունից» ազատվելու գնդակահարության եղանակը. «Մենք թույլ տվեցինք, նույնիսկ սրբադասեցինք իրեն, երբ 2021 թվականին նորից ընտրվեց վարչապետ։ Երբ կսովորենք դավաճաններին պատժել, դավաճաններ քիչ կունենանք։ Ինչպես ժամանակին Արամ Մանուկյանն ու Խորեն Կաթողիկոսը որոշեցին, որ պետք է դասալիքներին, դավաճաններին գնդակահարել, գնդակահարում էին փողոցներում, իսկ հաջորդ օրը բոլոր եկեղեցիներում զանգեր էին ղողանջում, որ ազգը, պետությունը կործանվում է, և ազգը ոտքի կանգնեց»։

Հակոբյանի՝ «ցանկացած եղանակով» իշխանափոխություն անելու կրկնվող հայտարարությունները, հուսանք, պատշաճ կվերլուծվեն իրավապահների կողմից, և համապատասխան իրավական միջոցառումներ կիրականացվեն։

Ոչ միայն Ռուբիկը, Աղվանն էլ

Նկատենք, որ մահապարտների թեմայով ելույթ ունենալը միայն Քոչարյանի օրոք ՌԴ-ում 8 տարի հյուպատոս աշխատած Հակոբյանի մենաշնորհը չէ։ Նրա մեկ այլ բախտակից ընկեր՝ ՀՅԴ-ից հեռացված Աղվան Վարդանյանը նույնպես այս թեման շրջանառել է իր հարցազրույցներից մեկում՝ մասնավորապես հայտարարելով՝ իշխանությանը հեռացնելու համար անհրաժեշտ է 100 տղամարդ, որոնք կունենան նույն նպատակը ու կկանգնեն մինչև վերջ՝ պատրաստ կյանքը զոհելու։ Հարցազրուցավարի ճշտող հարցին՝ կարո՞ղ են այդ մարդկանց անվանել քաղաքական մահապարտներ, Աղվան Վարդանյանն արձագանքել էր՝ այո։ «Ընդդիմության դաշտում մենք ունենք այդ 100 մարդը։ Ես նշումներ եմ անում, 200-ից ավելի մարդկանց անուն եմ գրել, բայց նրանք ամենատարբեր շերտերի ներկայացուցիչներ են ու տարբեր տեղերում։ Ստացվում է՝ կա իշխանություն՝ մոնոլիտ, և կա ընդդիմություն՝ բաժան-բաժան՝ անմիաբան, ուստի անհրաժեշտության դեպքում կարող եմ հրապարակել այդ 200-ից ավելի մարդու անունը՝ ցույց տալու համար, որ մենք ունենք մարդկային ռեսուրս։ Այդ մարդիկ պետք է զինվորական ռազմական ռեժիմով խնդիրը ձևակերպեն և գնան մինչև վերջ»,- հավելել էր Վարդանյանը։
Հետո արդեն՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, Վարդանյանը մասամբ սրբագրել էր ինքզինքը, թե՝ խոսքը քաղաքական ճանապարհով իշխանությանը հեռացնելու մասին է։ «Այդ մարդիկ պետք է լինեն պատրաստ, վճռական անձնազոհության, մինչև վերջ գնալու, որպեսզի այս չարիքից երկիրն ազատենք։ Այդ մարդիկ ամենատարբեր ոլորտների մարդիկ են՝ և՛ քաղաքական գործիչներ, և՛ գործարարներ, և՛ հոգևորականներ, մշակութային գործիչներ, ռազմական գործի մասնագետներ։ Ուղղակի մենք պետք է կարողանանք պարտադրելով, ստիպելով ձևավորել հայկական, միևնույն արժեքներով պետական, ազգային մտածողությամբ առաջնորդվողների էլիտա»,- պարզաբանել էր նախկին դաշնակցականը:

Արդյոք կարելի՞ է ենթադրել, որ Վարդանյանի նշած հոգևորականների թվում, որոնք պատրաստ պետք է լինեին դիմել անձնազոհության և գնալ միչև վերջ, հենց Գալստանյանն էր, որ կար։

Ի դեպ, նա մեկ անգամ չէ, որ ազդարարել է՝ իր անձն ու ունեցած ամեն ինչն էլ դրել է զոհասեղանին և պատրաստ է գնալ մինչև վերջ՝ մինչև շարժման հաղթական ավարտը։ «Ես անձնապես հայրենիքի ու մեր պետության այս մեծ զոհասեղանին դրել եմ ամեն ինչ, ինչ որ ունեմ կյանքում։ Զոհաբերել եմ ամեն ինչ, ինչ որ Աստված ու մեր ժողովուրդն ինձ տվել է։ Ես ուզում եմ տեսնել, թե դո՞ւք որքանով եք վճռական ու պատրաստ այս բոլոր պահանջներն իրականացնելու»,-«սրբազան շարժման» հավաքներից մեկի ժամանակ հայտարարել էր մերօրյա «մի խումբ ռոմանտիկ»-ներից ամենառոմանտիկը, որի «նապառնիկի»՝ Գառնիկ Դանիելյանի նախկին կուսակցական ընկերները, փաստորեն, արդեն քանի տարի է՝ մահապարտների բանակ հավաքագրելով են զբաղված։ Սա պատահականություն լինել չի կարող։

Հ. Մանուկյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ