Պսակը Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է, երբ այր ու կին ընտանիք կազմելու նպատակով միավորվում են՝ դառնալով մեկ ամբողջություն և ստանալով Սուրբ Հոգու շնորհները:
Արարատյան Հայրապետական թեմի Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ երբ անձը որոշում է ընտանիք կազմել, խնդրում է քահանային Աստծո օրհնությունը փոխանցել և Աստծո կողմից մեկ մարմին ճանաչվել։
«Պսակադրության խորհրդանիշներն էլ մատանին են, գինին, թագը․ մատանիները եկեղեցին օրհնում է, երբ զույգը դեռ նշանադրվում է։ Բայց հիմա ոչ բոլորն են նշանադրությունը կատարում եկեղեցում, դրա համար մատանիները օրհնվում են պսակադրության ժամանակ։ Գինին Քրիստոսի արյունն է և պսակադրության ժամանակ Քրիստոսի հետ միավորվելու խորհուրդ ունի։ Թագերը ևս խորհրդանշում են զույգի միությունը»,- մանրամասնում է նա։
Այժմ, սակայն, պսակադրության ոչ բոլոր ավանդություններն են պահպանվել, ընդգծում է քահանան, ժամանակակից զույգերը իրենց ամուսնության արարողությունները այլ կերպ են կազմակերպում. մեկնում են արտերկիր, կամ էլ՝ նշում որևէ այլ միջավայրում, այլ ոչ թե եկեղեցում ու քահանայի օրհնությամբ․ «Կարծում եմ՝ բոլոր ժամանակներում էլ եղել է, որ մարդիկ ամուսնանան առանց եկեղեցու, բայց քրիստոնյաների համար կարևոր է, որ ծեսը կատարվի եկեղեցում։ Ամեն դեպքում անձը իրավունք ունի իր պսակադրությունը անել այնպես, ինչպես ցանկանում է, սակայն դա չի համարվում Աստծո կողմից միություն։ Մարդիկ փոխվել են, ավելի ազատ մտածելակերպ ունեն, բայց հավատքով մարդը, անկախ ժամանակներից, եթե Աստծո հետ է, պետք է առաջնորդվի աստվածային օրենքներով»։
Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանի կարևորում է՝ եկեղեցին չի ընդունում նաև ամուսնալուծությունները։ Իսկ կինը կամ տղամարդը կարո՞ղ են տարբեր պատճառներով բաժանված լինելու դեպքում եկեղեցու միջոցով ընտանիք կազմեն երկրորդ անգամ, վերջինս մանրամասնում է․
«Երկրորդ ամուսնությունը տեղի է ունենում, եթե ամուսնալուծությունը եղել է դավաճանության կամ պոռնկության հիմքի վրա, որտեղ երկուստեք համաձայնություն կա խզելու ընտանեկան կապերն ու առանձին ապրելու։ Կամ երբ ամուսինը, կինը մահացել է, ու անցել է յոթ տարի։ Պսակադրությունը ինքնանպատակ չէ, որ անձը բաժանվի ու եկեղեցում հանգիստ ամուսնա։ Յուրաքանչյուր պսակադրություն կատարելուց առաջ քահանան զրույց, խորհրդակցություն է ունենում զույգի հետ, որպեսզի հասկանա՝ ինչ հանգամանք է եղել, նոր կատարի պսակադրության խորհուրդը»։
Եթե զույգերից մեկը չի խոստովանում իր անձնական կյանքի այդ դրվագները, այստեղ արդեն, ըստ քահանայի, մարդը մենակ է իր խղճի հետ․ «Քրիստոսն ասում է՝ քո խոսքով կարդարանաս, քո խոսքով կդատապարտվես»։
Եկեղեցին կատարում է «կույսի պսակ» և «երկրորդ պսակ» արարողությունները: Երկրորդ պսակն այն է, ինչի մասին ասվում է վերևում, իսկ առաջինը նշանակում է․ «Եկեղեցին պսակադրությունը կատարում է այն մարդկանց համար, որոնք չունեն սեռական կյանք, դրա համար կոչվում է «կույսի պսակ»։ Եկեղեցում հիմնական աղոթքով խնդրվում է Աստծուն, որ այլևս մեղք չհամարվի մարդու արդեն ամուսնական կյանքը։ Կինը պետք է կույս լինի, մինչամուսնական կապը եկեղեցին չի արտոնում»։
Առանց քահանայի ու եկեղեցու պսակադրություն, այնուամենայնիվ, ևս կարելի է անել, եթե այնպիսի իրավիճակ է, որ այլ տարբերակ չկա, ընդգծում է Տեր Բարդուղիմեոսը․ «Կարևոր է, սակայն, որ արարողությունը եկեղեցում լինի, որովհետև առաջին ընտանիքը (Ադամի ու Եվայի) կազմվել է դրախտում, եկեղեցին էլ դրախտի նախատիպն է, որտեղ կա Աստծո ներկայությունը, այն Աստծո տունն է։ Կարելի է նաև առանց քահանայի անել, կամ քահանայի ներկայությամբ, բայց՝ ոչ եկեղեցում»։
Պսակադրության պատրաստվող տղամարդն ու օրիորդը պետք է լինեն մկրտված և դրոշմված Հայ առաքելական Սուրբ եկեղեցում, սրանք, քահանա Հակոբյանի խոսքով, ամուսնության պայմաններն են:
Հայ առաքելական եկեղեցու որևէ հետևորդի պսակադրությունն այլադավանի կամ այլակրոնի հետ թույլատրելի է միայն Հայ առաքելական Սուրբ եկեղեցու դավանանքն ընդունելու և անդամ դառնալու պայմանով: Եկեղեցու սահմանած կարգի համաձայն՝ Պսակի խորհրդի համար անհրաժեշտ է նաև չափահասությունը, արյունակցական մոտ կապի բացակայությունը: Պսակվողները պետք է առնվազն յոթը պորտով բաժանված լինեն միմյանցից (որդին հոր հարաբերությամբ մեկ պորտ է, թոռը՝ երկու):
Մկրտության նույն կնքահոր երկու սանիկները չեն կարող ամուսնանալ: Չեն կարող ամուսնանալ նաև որդեգիրն ու որդեգրվածը:
«Շատ դեպքեր ենք ունենում, երբ այլ երկրից գալիս են՝ պսակադրությունը մեզ մոտ կատարելու համար, այդ պարագայում եկեղեցին ևս պահանջում է նախկին ամուսնությունները հաստատող կամ բացառող թղթերը, կամ էլ հասկանում է հանգամանքները։ Օրինակ՝ ռուսական անձնագրերում երևում է զագսի կնիքը։ Կարևոր է, որ որևէ մեկը չստի ու այլ անձանց ակամայից մեղքի մեջ չգցի։ Ամիսների հետ կապված նույնպես խնդիր չկա։ Այսինքն՝ երբ ժողովուրդն ասում է՝ մայիս-վայիս, դա սնապաշտություն է, ու չկա քրիստոնեական ընկալում։ Ամուսնություն չի կատարվում միայն Մեծ Պահքի ժամանակ»,- ասում է Արարատյան Հայրապետական թեմի Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվը։
Պսակվողները պետք է ունենան խաչեղբայր՝ ժողովրդական ձևակերպումով՝ քավոր, որը ևս պետք է մկրտված լինի Հայ առաքելական եկեղեցում: Ցանկալի է, որ խաչեղբայրը լինի ամուսնացած, ընտանեկան կյանքի օրինակելի փորձառություն ունեցող, որպեսզի կարողանա նորապսակներին ուղղորդել իր խորհուրդներով: Խաչեղբոր ազգական լինելը խրախուսելի չէ: Ժողովրդի մեջ ընդունված ավանդույթով հարսանիքի ժամանակ ներկա հարսնաքրոջ ու ազաբ եղբոր ներկայությունը քահանան չի պահանջում։
Հայրապետական թեմի Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը նաև պարզաբանում է, թե պսակադրության արարողությունը եկեղեցում արդյոք վճարովի՞ է։
«Մարդիկ նվիրատվություն են կատարում, դա կոչվում է այդպես, ոչ թե վճար։ Քրիստոսն իր աշակերտներին ասել է՝ երբ գնաք քարոզելու, ձեր հետ չվերցնեք ո՛չ ոսկի, ո՛չ դրամ, որտեղ քարոզեք, այնտեղ համայնքը թող ձեզ պահի։ Հիմա մեր քրիստոնյանները փորձում են նվիրատվություն կատարել որևէ արարողությունների ժամանակ։ Մարդու սիրտն ազատ է, որևէ գին սահմանված չէ»,- ասում է նա: