Բնակարան Երևանում, մեքենա, աշխատավարձ և վարկ. ինչ է հայտարարագրել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2024 թվականի մայիսի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ նա Երևանի Արաբկիր վարչական շրջանում ունի համատեղ սեփականությամբ բնակարան, որը գնել է 2020 թվականին։

Որպես շարժական գույք Գրիգորյանը հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերած 2005 թվականի արտադրության «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա, որը 2023 թվականին 7 մլն 350 հազար դրամով վաճառել է։ Ինչպես նաև տվյալ տարվա ընթացքում նա 11 մլն 500 հազար դրամով ձեռք է բերել 2020 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա։

Գրիգորյանի դրամական միջոցները կազմել են 908 հազար 718 դրամ, որը տարեվերջին դարձել է 978 հազար 894 դրամ։ Կանխիկ դրամ նա չի հայտարարագրել։

ԱԽ քարտուղարի տարվա եկամուտները կազմել են 32 մլն 816 հազար 57 դրամ, որից 4 մլն 500 հազար դրամը նա որպես ստացված փոխառություններ ստացել է «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից, 5 մլն 456 հազար 423 դրամ այլ եկամուտներ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Վարչապետի աշխատակազմից որպես աշխատանքի վարձատրություն նա ստացել է 22 մլն 859 հազար 634 դրամ։

ԱԽ քարտուղարն ունի նաև բնակարանի հիփոթեքային վարկ, որի մայր գումարի չափը կազմում է 46 մլն 209 հազար 413 դրամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ