Իրանի գործակալները փորձել են սպանել ինձ և կնոջս. Նեթանյահուն՝ անօդաչուով հարվածի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանին մեղադրել է իրեն և կնոջը սպանելու փորձի համար և դա որակել «ահռելի սխալ»։ Այս մասին գրում է Times of Israel-ը:

«Իրանի գործակալները, որոնք այսօր մահափորձ են կատարել իմ և կնոջս դեմ, վիթխարի սխալ թույլ տվեցին: Դա չի խանգարի ինձ և Իսրայել պետությանը մեր թշնամիների դեմ պայքարում, որպեսզի ապահովենք ապագա սերունդների անվտանգությունը», — ասել է Նեթանյահուն:

Նա հավելել է, որ յուրաքանչյուր ոք, ով կվնասի Իսրայելի քաղաքացիներին, «ծանր գին կվճարի դրա համար»։

«Մենք կշարունակենք ոչնչացնել ձեր ահաբեկիչներին, վերադարձնելու ենք մեր պատանդներին Գազայից և ապահովելու ենք հյուսիսում գտնվող մեր քաղաքացիների անվտանգությունը, մենք կհասնենք բոլոր պատերազմական նպատակներին, որոնք սահմանել ենք մեր առջև»,- ասել է Իսրայելի վարչապետը:

Երեկ Իսրայելի Պաշտպանության բանակը հաղորդել էր Լիբանանից արձակված երեք անօդաչու թռչող սարքերի մասին, որոնցից երկուսը որսացել են, իսկ մեկը հարվածել է Կեսարիայի տարածքում գտնվող շենքին, որը ներառում է վարչապետի առանձնատունը:

Ավելի ուշ Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ հարվածի պահին այնտեղ չեն եղել ո՛չ վարչապետը, ո՛չ էլ նրա կինը: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ