Ալեն Սիմոնյանը չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը փակուղում է

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի համարում, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների գործընթացը փակուղում է։ «Ազատությանը» տված հարցազրույցում նա հայտարարեց՝ նաև պետք է թույլ չտանք, որ այդ գործընթացը մտնի փակուղի։

«Եվ դա այն է, ինչ ուզում են այն մարդիկ, այն պետությունները, որոնք թշնամաբար են տրամադրված Հայաստանի և միգուցե Ադրբեջանի նկատմամբ», — ասաց նա։

ԱԺ նախագահը վերահաստատեց ՝ Հայաստանն առաջ է գնում իր խաղաղության հաստատման օրակարգով, նաև անդրադարձավ Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ չկայացած հանդիպմանը և այլ հարցերի։

«Ազատություն». — Անցած մայիսին ասել էիք, որ առայժմ համաձայնություն չկա Ալմա-Աթայի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու հարցում, և այդ հայտարարությունից հետո էլ այս հարցի վերաբերյալ հստակություն չի հնչել։ Հիմա կա՞ այդ հղումը։

Ալեն Սիմոնյան. — Ես չեմ խոսի պայմանագրի մեջ հստակ կետերի վերաբերյալ, որովհետև չեմ ուզում որևէ ձևով բացասական կերպով առիթ տալ այս պայմանագրի հետ կապված թեկուզ ամենափոքր խոսակցությունների ադրբեջանական կողմից։ Ես կասեմ մի բան՝ այն փաստաթուղթը, որը հաջորդ շաբաթ կգա Ազգային ժողով, փաստացի հենց Ալմա-Աթայի չափանիշներով և տրամաբանության մեջ փաստաթուղթ է, և այնտեղ, մեծ հաշվով, դա ամրագրված է։

«Ազատություն». — Դուք խոսում եք կանոնակարգի մասին, որ ինչպես նշեցիք հաջորդ շաբաթ կլինի խորհրդարանում. փաստաթղթի ստորագրումից առաջ, երբ Ադրբեջանին փոխանցվեցին 4 գյուղերը Ղազախ-Տավուշ հատվածում, և ընդդիմությունը Հայաստանում բողոքի ցույցեր սկսեց, Հայաստանի իշխանությունն ասում էր, որ Երևանին հաջողվել էր ամուր երաշխիք ամրագրել տարածքային ամբողջականության համար, բայց շաբաթներ առաջ Բաքվից հայտարարություն հնչեց, որ հղումը Ալմա-Աթայի հռչակագրին չի նշանակում ամենևին, թե որտեղով են անցնում սահմանները, և որ տարածքը որ երկրին է պատկանում, ինչը անգամ ստիպեց ՀՀ ԱԳՆ-ին հարց բարձրացնել՝ արդյոք սա նշանակում է, որ Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց։ 10 օր է՝ Բաքվից արձագանք չկա։ Այսինքն՝ երաշխիքն այդքան էլ ամո՞ւր չէր։

Ալեն Սիմոնյան. — Այդ տրամաբանության մեջ որևէ երաշխիք ամուր չէ, որովհետև նույն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կային ամենաբարձր երաշխիքները, և երաշխավորը Ուկրաինայի անվտանգության հանդիսանում էր Ռուսաստանի Դաշնությունը, և որևիցե խաղաղության պայմանագիր երբևիցե խոչընդոտ չի եղել պատերազմ սկսելու համար, այլ հարց է, թե մենք որ ուղղությամբ ենք շարժվում և ինչ ենք ուզում անել և ինչ ենք անում և ինչ տրամաբանություն ենք դնում։ Երբ մենք ասում ենք, որ 4 գյուղերի հարցը քննարկելիս մենք ստացանք երաշխիք, մենք ստացանք դեմարկացված և դելիմիտացված սահման, այն 12 կմ-ի չափով վերհանեցինք այն սահմանը, որը որ, ես պատմական եմ համարում այն լուսանկարը՝ սյունը, որ տեղադրված է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ