Հայաստանը պետք է փոխի խաղի ընդհանուր կանոնները, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ պարզված ձեռքը կարողանա սեղմել. Բաբաջանյան

Իշխանությունը 50 հազար մարդու կարծիքի հետ հաշվի չնստել չի կարող, սա արդեն նոր իրողություն է և պետք է երկրի արտաքին քաղաքական իրողություններին նոր լույսի ներքո նայել:

Այս մասին Առաջին ալիքի եթերում ասաց Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացին:

Ընդդիմությունն այս նախագծին այլ լույսի ներքո է նայում՝ ասելով, որ դուք իշխանության «ծպտված պրոյեկտ»-ն եք՝ Պետրոս Ղազարյանի դիտարկմանն ի պատասխան, Բաբաջանյանն ասաց.

«Չեմ ուզում այդ անհեթեթությունները մեկնաբանել, մենք հիմա լուրջ վեճ ունենք իշխանությունների հետ: Գոնե հրապարակային, գետնի վրա մեզ դեռևս աջակցող որևէ հայտարարություն չի եղել և կան կանխատեսումներ, որ իշխանությունները վախեցած են նույն Ռուսաստանից և մերժելու են ԱԺ-ում: Ես դժվար եմ պատկերացնում, թե եթե լիագումար նստաշրջանի քննության առարկա դառնա, ինչպես են «Քաղաքացիական պայմանագրի» իմ շատ հարգելի նախկին գործընկերներն, օրինակ, քվեարկելու «Հայաստան» դաշինքի, կամ «Պատիվ ունեմ»-ի հետ նույն տրամադրությամբ և որակով:

Սա կլինի իհարկե, խայտառակություն, բայց դա կլինի նաև շատ հստակ ահազանգ, որ իշխանությունները ի վիճակի չեն կատարել գոնե էն խոստումները, որ իրենք արել են վերջին ժամանակահատվածում, խոսքը հենց ԵՄ-ի հետ ինտերգրվելու, մերձենալու խոստման մասին է, որը հնչել է ՀՀ վարչապետի կողմից, բայց գործնական, բավարար քայլեր չենք տեսնում այդ ուղղությամբ:

Իրավիճակը տարածաշրջանում հասունացել է այն աստիճան, որ այդ մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու մեկ ճանապարհ կա. Հայաստանը պետք է փոխի խաղի ընդհանուր կանոնները և տարածաշրջանում առանձնահատուկ դիրք պետք է զբաղեցնի, առանձնահատուկ ուժ պետք է հավաքի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը պարզված ձեռքը կարողան սեղմել»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ