Հիմա պադեզդներում որևէ մեկին չեն ծեծում, հետապնդում, դրա համար ազատ խոսում են. Սիրունյանը՝ ԱԺ-ից հնչած ելույթների մասին

«Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված Անկախության հռչակագրի թեմայով խորհրդարանական լսումներն աչքի ընկան ոչ թե ծանրակշիռ բովանդակությամբ, այլ իշխանության հասցեին վիրավորանքներ հնչեցնելով:

Փաստաբան, հասարակական գործիչ Ալեքսանդր Սիրունյանը, անդրադառնալով ընդդիմադիրների այս վարքագծին, նկատում է՝ Հայաստանում 2018 թվականից բացարձակ ժողովրդավարություն է, այդ թվում՝ ապահովված է մարդկանց խոսքի ազատության իրավունքը։

«Դրա համար միշտ կարող են լսումներ հրավիրել, անբովանդակ ազատ խոսել։ Մեզ մոտ թե՛ տեղաշարժվելն է ազատ, թե՛ կամքն արտահայտելը։ Այս ամենի համար ոչ մեկն էլ պադեզդներում երեկոյան ժամերին որևէ մեկին չի ծեծում, ոչ ոք անտեղի չի պատժվում, հետապնդվում։ Ժողովրդավարությունը Հայաստանում այնքան բարձր է, որ անգամ ոչ միայն ընդդիմությունը, այլ նաև փողոցի, զաբոռ ջարդող, խուժան, ոստիկանության նկատմամբ բռնություն կատարող ու տարածող տերտերը նույնպես հասանելիություն ունի խորհրդարանական ամբիոնին»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։

Վերջինս նկատում է՝ այդ լսումները ևս մեկ անգամ փաստում են, որ ընդդիմությունն ու իշխանությանը դեմ ուժերը հեռու են նորմալ քաղաքականությունից։

«Վիրավորական արտահայտություններով ԱԺ ամբիոնից յուրաքանչյուրի խոսքը վկայում էր տվյալ մարդու մակարդակի մասին։ Մենք արդեն ունենք նոր ձևավորվող քաղաքական բլոկ, որի արտաքին դրսևորումը հայհոյախոսությունն է, ու կարող եմ ասել, որ անգամ դա չի կարողանում կրկնօրինակել ընդդիմությունը։ Նրանց վերաբերյալ չենք կարող ասել՝ այս մարդը քաղաքականությամբ է զբաղվում, գաղափարներ է առաջ տանում, ուրեմն 2026 թվականին, կամ եթե արտահերթ ընտրություններ լինեն, ես իրեն եմ գնահատելու։ Հետևաբար եթե ուզում են այսպես շարունակել, թող շարունակեն։ 2018 թվականին հեղափոխության ընթացքում հազարավոր մարդիկ էին փողոցում, ու մի կաթիլ արյուն չի թափվել»,- նշում է նա:

Սիրունյանը նաև մի բան է հիշեցնում, հատկապես լսումների մասնակիցներից նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին, որը Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ամբիոնից սուր քննադատեց իշխանությանը։ «Ալեն Սիմոնյանի մասին արտահայտվում է մեկը, որը, իմ հիշելով, երեք կուսակցությունում է եղել։ Հիմա ո՞վ է այցեքարտով։ Թող ասի՝ «ես այցեքարտով չեմ»։ Դու եկել ես ԱԺ, եղել ես նաև նախկին պատգամավոր, չե՞ս ամաչում, ամբիոնի մոտ կանգնում ես նման արտահայտություն կատարելու համար։ Դու կարող ես չհարգել ԱԺ նախագահին, բայց ստացվո՞ւմ է՝ պետությանն էլ չես հարգում։ Սիմոնյանը, օրինակ, այժմ էլ համաշխարհային մակարդակով հանդիպումներ մեջ է»։

Զրուցակիցը չի բացառում, որ ընդդիմադիր ուժերի կողմից ՀՀ բարձր ամբիոնից տարբեր հակապետական հայտարարությունները հնչում էին գուցե նաև արտաքին ուժերին որևէ բան իրենց մասին ապացուցելու համար․ «Օրինակ՝ Վիսոցկին երգիչ չէր, պոետ էր, դերասան, բայց նաև ազատ մարդ էր ու որոշակի չափով իրեն համարում էր հակախորհրդային էլեմենտ։ Երբ արտասահմանում էր, որոշակի ուժեր սկսել էին հակախորհրդային լսումներ անել, ինքն էլ ասել էր՝ ես իմ պետության նկատմամբ հարցեր ունեմ, բայց ձեզ հետ չեմ պատրաստվում քննարկում անել։ Հենց այդպես էլ լինում է հայրենասերը, հայրենիքը սիրողն է հայրենասերը»։

Սիրունյանը չի կարծում, թե խորհրդարանական լսումների կազմակերպման ընթացքի մեջ որևէ փոփոխություն է անհրաժեշտ՝ որոշ անձանց մուտքը ԱԺ չթողնելու համար։ Ինչ վերաբերում է այդ լսումների ժամանակ Վազգեն (Բագրատ) Գալստանյանի կողմից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը ձայն տված 680 հազար քաղաքացիներին անուղղակի կերպով «հող հանձնող» անվանելուն, վերջինս ընդգծում է․ «Կարիք չկա, պետք է գան, ազատ խոսեն, ժողովուրդն էլ տեսնի, թե ովքեր են այդ ամբիոնից խոսում։ Մենք պարզապես ժողովրդավարությունը հռչակել ենք 90-ականներին, բայց ոչ մի րոպե չենք տեսել այն, դրա համար հիմա ինչ կատարվում է, մեզ համար զարմանալի է։ Բայց մենք խոսքերից նեղացող անձ չենք, որովհետև քաղաքական ուժերի գործունեությունը գնահատում է միայն ժողովուրդը»։

Ալեքսանդր Սիրունյանը կարծում է, որ խորհրդարանական ընդդիմությունն արդեն սպառել է իրեն․ «Միայն ասում են՝ սխալ է, սխալ է, ասում ես՝ բա՞ հետո, էլի ասում են՝ սխալ է։ Այդպես իմ շունն էլ է ինձ վրա հաչում»։

Մերի Խաչատրյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ