Ինչու է ՌԴ-ն «տաք» պահում արցախահայերի վերադարձի թեման, ինչ հարց է փորձում լուծել դրանով. մանրամասնում է Քոչինյանը

Վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունը ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի շուրթերով պարբերաբար խոսում է արցախահայության վերադարձի հնարավորության և այդ հարցում Ադրբեջանի կառուցողական մոտեցման մասին՝ միտում ունենալով «տաք» պահել թեման և պարբերաբար հիշեցնել՝ «հնարավորություն եղել է ու կա»:

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի համոզմամբ՝ Ռուսաստանը սրանով փորձում է լուծել միանգամից մի քանի խնդիր:

«Առաջինը, որ պետք է անընդհատ հիշեցնել և մեղադրել ՀՀ իշխանություններին Ղարաբաղի անկման, կործանման, էթնիկ զտման համար՝ դրանով իսկ փորձելով սեփական դերը մինիմիզացնել: Երկրորդը՝ պետք է հնարավորինս շատ հարցերով կոնֆլիկտի հիմնական բաղադրիչը, ասել է թե, ԼՂ-ն ու դրա ճակատագիրը կենդանի պահել ու դրա համար շարունակել խոսել այդ թեմայից, անկախ նրանից՝ այդ խոսույթն իրատեսակա՞ն է, թե՞ ոչ, արցախցիներն ուզո՞ւմ են վերադառնալ, թե՞ ոչ: Երրորդը՝ դրան ի պատասխան՝ ադրբեջանական նարատիվը կա, որ եթե ուզում եք՝ Ղարաբաղի հայերը վերադառնան, ուրեմն պետք է վերադառնան նաև «Հայաստանից ժամանակին գաղթածները», դա ՌԴ-ի համար բավականին ձեռնտու խոսակցություն, նարատիվ ու զարգացում է, և իրենք դա շատ լավ գիտակցում են ու նաև դրա համար են այդ ամենը շարունակում: Եվ վերջապես չորրորդ պատճառն այն է, որ դա պրոցեսներից դուրս չմնալու փորձ է՝ անկախ նրանից, թե ինչ ազդեցություն է ունենում բուն պրոցեսի վրա»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է քաղաքագետը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ռուսական այդ նարատիվները ակտիվ շրջանառվում են նաև ներքաղաքական ընդդիմադիր շրջանակների կողմից՝ Քոչինյանը նկատում է՝ դա արվում է շատ կոնկրետ ռուսական շրջանակների կողմից, որոնց քաղաքական ընդդիմություն ասելը մեղք է. «Այդ շրջանակների կողմից նույն խոսույթը տարածելը հենց այն նպատակով է արվում, որով որ արվում է Ռուսաստանի կողմից, այսինքն՝ դա արվում է ռուսական թելադրանքով և պահանջով, և որևէ կասկած այդ առումով լինել չի կարող: Նույն տրամաբանությամբ կարող եք հարցնել, թե ինչո՞ւ է այդ մասին խոսում Կոպիրկինը. ինչ խոսում է Մոսկվան, նույնն ասում է Կոպիրկինը, և այն նույն մարդիկ, որոնց ընդդիմություն են համարում»:

Հարցին, թե արդյոք ՌԴ-ն ուզո՞ւմ է ԼՂ բնակչության վերադարձի խնդիրը լուծելով՝ նորից վերադառնալ ԼՂ խաղաղապահների տեսքով, Քոչինյանն արձագանքում է՝ դա նրանց ծրագիր նվազագույնն է. «Որը շատ քիչ հավանական է, որ կարող է իրականություն դառնալ, բայց դրա ճանապարհին շատ այլ հնարավորություններ կան, որոնք, կարծում եմ, իրենք կուզենան օգտագործել»:

Խոսելով Վարդան Օսկանյանի այն հայտարարությունների մասին, թե արցախցիները վերադարձը իրատեսական է, և եթե օրվա իշխանությունները անկարող են բանակցային օրակարգ ձևավորել, ապա պետք է թույլ տան, որ դա անեն ավելի կարող ուժեր, Քոչինյանը նկատում է՝ Օսկանյանը բավականաչափ երկար տարիներ է ունեցել՝ հարցը որևէ հանգրվանի բերելու համար. «Եվ այդ տարիները չօգտագործելով՝ հիմա նորից եկել ասում է, թե հարցն այսպես պետք է լուծվի. եթե այդպես պետք է լուծվեր, թող լուծեին, գրեթե 10 տարի եղել է արտաքին գործերի նախարար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ