Լուրջ պատիժ ենք սահմանելու այն ֆիթնես մարզիչների համար, ովքեր առողջությունը բարելավելու փոխարեն զբաղված են աչքակապությամբ. արդյո՞ք նոր նախագիծը դաշտը կմաքրի ոչ պրոֆեսիոնալներից. դիտարկումներ

«Նախագիծը երկրորդ ընթերցման ենք տանելու, հիմա լուրջ քննարկումների մեջ ենք ոլորտային մասնագետների հետ, բոլոր նրանց հետ, ովքեր շահառու են, ովքեր կարող են լուրջ ներդրում ունենալ, որպեսզի դաշտը մաքրենք»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով ֆիթնես մարզիչների արտոնագրման վերաբերյալ ԿԳՄՍՆ-ի առաջարկած փոփոխությանը՝ ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Նշենք, որ դեռ օրեր առաջ ԱԺ-ում Կարեն Գիլոյանն անդրադարձել էր մարզաառողջարարական (ֆիթնես) մարզասրահների խնդրին՝ կարևորելով այնտեղ աշխատող մարզիչների ճիշտ արտոնագրումը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը մեզ հետ զրույցում մանրամասնեց նախագծի հիմնական դրույթները. «Վտանգված է մարզվողի առողջությունը, որովհետև ինքնակոչ բազմաթիվ մարզիչներ օգուտի փոխարեն վնաս են հասցնում ու մեծապես լուրջ հետևանքների առջև կանգնեցնում մարդկանց: Այստեղ ամենակարևորն այն է, որ մենք չենք ուզում կարգադրիչի կամ վերակացուի դեր ստանձնել, ուզում ենք, որ սովորական մարդը, որ գնա ֆիթնես ակումբ՝ առողջանա, ոչ թե հիվանդանա ու դառնա հաշմանդամ: Մտածում ենք կարգավորումներ, մարզիչների լիցենզավորում ունենալ, որպեսզի անցանկալի հետևանքներից զերծ մնանք: Դա պահանջում է ժամանակ, մեզ երկու ամիս ժամանակ է տրված, դեռ մոտ մեկ ամիս էլ ունենք քննարկումների համար ու շատ եմ ուզում, որ երբ նախագիծը երկրորդ ընթերցման տանենք, արդեն բոլոր հարցերի պատասխանները լիարժեք ունենանք»:

Գիլոյանն ընդգծեց, որ համագործակցելու են միջազգային ֆիթնես կազմակերպությունների հետ. «Ինչքան միջազգային լուրջ ֆիթնես կազմակերպություն կա, ուզում ենք իրենցից տասը առաջատարներն ընտրել ու համագործակցել, որ Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դիպլոմը միակը չլինի, որտեղ մարզիչները լիցենզավորվեն: Ցավոք, այսօր կարելի է ուղղակի մտնել մի ինչ-որ կայք, 15-րոպեանոց ծրագիր լսել, վճարել ինչ-որ գումար, ստանալ թղթի կտոր, ցույց տալ ու ասել՝ ես լիցենզավորված եմ, դա չի լինելու: Մենք ոլորտի ամենաառաջատարներին հնարավորություն ենք տալու»:

Կարեն Գիլոյանի կարծիքով՝ այսօր սոցհարթակներում էլ ֆիթնես մարզիչները շատ են գովազդներ անում՝ հաճախորդներ ներգրավելու համար. «Իրենք տարբեր կայքերից գնում են իրենց լիցենզիան, հետո սկսում են իրենք վաճառել, իրազեկման ու այլ միջոցներով պետք է մարդկանց հասկացնել, որ եթե միացնում են ինչ-որ մի հարթակ, որտեղ ինչ-որ մեկը սկսում է բաներ պատմել, դա պետք է որպես հալած յուղ չընդունել ու ճաշակել: Մարդն ի վերջո պետք է հասկանա, որ վստահել է պետք պրոֆեսիոնալներին, նրանց, ովքեր իրականում դրա իրավունքն ունեն, իսկ պրոֆեսիոնալներ դաշտում ունենք»:

Հենց նմանատիպ գովազդներն են՝ ըստ Գիլոյանի, արժեզրկում այս մասնագիտությունը. «Մեկը որոշում է գնալ ֆիթնես՝ առողջությունը պահպանելու, երկու դասից հետո փչացնում է այդ առողջությունն ու դառնում է հակաքարոզիչ, բոլոր տեղերում ասում է՝ ինչ ֆիթնես, գնացի՝ առողջությունս քայքայեցի, դա էլ ոլորտի վրա շատ վատ ազդեցություն է ունենում: Խնդիրը հիմա շատ արդիական է դարձել, դրա համար էլ այս օրենքի փոփոխության կարևորությունից ելնելով՝ ձեռնամուխ ենք եղել այդ ամենն իրականացնել»:

Մեր այն հարցին, թե երբ մարզվողի առողջությանը վնաս է հասցվում, այդ դեպքում ով պետք է պատասխանատվություն կրի՝ Կարեն Գիլոյանը պատասխանեց. «Եթե մարդը վնասվածք է ստանում ու ապացուցում է, որ ֆիթնես ակումբում մարզվելիս սխալ մարզման պատճառով է այդ վնասվածքը ստացել, ֆիթնես ակումբը պետք է ամբողջովին փոխհատուցի: Ֆիթնես ակումբը պետք է ձեռքերը չլվանա ու մի կողմ քաշվի, չասի՝ ես ինչ կապ ունեմ: Մենք ո՛չ ուզում ենք մարդկանց խանգարել աշխատել, ո՛չ էլ վերակացու դառնալ, մենք շատ ենք ուզում, որ ֆիթնես ակումբները միայն օգուտ տան»:

Անդրադառնալով մեկ այլ առաջարկի, որը ներառվելու է նախագծի մեջ՝ մեր զրուցակիցն ասաց. «Ես՝ որպես Համաշխարհային հակադոպինգային գործակալության գործկոմի անդամ, այս օրենքում նաև կետ եմ մտցնելու ֆիթնես ակումբների շահառուների հակադոպինգային թեստավորում անցնելու հետ կապված: Շատ վայ մարզիչներ, որպեսզի արդյունքը շատ արագ լինի, արգելված դեղամիջոցներ են տալիս իրենց մոտ մարզվողներին, որ մկանները մի քիչ ուռեցնեն, ասեն՝ տեսար ինչքան լավ ենք պարապում, որպեսզի այդ ամենը չլինի, հակադոպինգ էլ ենք անելու ու լուրջ պատիժ ենք սահմանելու բոլոր նրանց համար, ովքեր փոխանակ առողջություն կերտեն, զբաղված են աչքակապությամբ ու վնաս տալով»:

Իսկ թե ինչու է հենց այժմ առաջացել նման փոփոխություններ կատարելու պահանջ՝ Գիլոյանը նշեց. «Ամեն ինչ միանգամից չի արվում, ժամանակին այսքան ֆիթնես ակումբ չկար և հարցն այդքան էլ սուր չէր դրված, հետզհետե դրանց աճի հետ միասին ու ավելի մոդայիկ դառնալու հետ միասին՝ հարցն առավել կարևորվեց, հասկացանք, որ պետք է այդ հարցին մեկընդմիշտ լուծում տալ»:

Պրեմիում դասի ֆիթնես մարզիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Հովհաննես Ավագյանն էլ մեզ հետ զրույցում ՀՀ-ում լուրջ խնդիր համարեց այն, որ բացի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում գործող նոր բաժնից, այլ տեղեր չկան, որտեղ ֆիթնես մարզիչները կարող են իրենց գիտելիքները բարելավել. «Ֆիթնեսի մասով Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում նոր բաժին են բացել, որը դեռ երրորդ տարին է, ինչ գործում է, մինչև այդ մենք չենք ունեցել որևէ այլ տեղ առողջությանը վերաբերող ինչ-որ մի կուրս, որը ֆիթնես մարզչի գիտելիքները լիցենզավորված կարգով կբարձրացնի, խոսքը 5 կամ 7-օրյա կուրսերի մասին չէ: Մեր ֆիթնես ակումբը բավականին մեծ գումարներ է ծախսել, բերել է լուրջ կադրեր ու այդ կադրերը մեզ վերապատրաստել են: Ես մասնագիտությամբ սննդագետ եմ, երկրորդ մասնագիտությամբ կենսաքիմիկ եմ, այսինքն՝ ստացվում է, որ ես ինքս սովորել եմ, ինքնակրթվել, մրցույթների եմ մասնակցել ու իմ փորձի վրա եմ գիտելիքներս բարելավել»:

Ոլորտում առկա գլխավոր խնդիրը՝ ըստ Ավագյանի, այն է, որ ներկայումս ով ցանկանում է, դառնում է ֆիթնես մարզիչ. «Ցանկացած մարդ էլ կարող է գնալ 5-օրյա դասընթացներ անցնել ու աշխատել: Ցանկացած մարդ կարող է իրեն վերապահել ֆիթնեսի մարզչական դասընթացներ կազմակերպել, մարքեթինգ անել, մի քանի բլոգերներ հավաքել, իրենց մասին լավ բաներ ասեն, հավաքեն 30-40 հոգանոց թիմ, 1000 դոլար ամեն մեկից վերցնեն ու աշխատեն 30 հազար դոլար: Երբ գալիս են մեզ մոտ ընդունվելու, ես ասում եմ, արի դու այդ սերտիֆիկատը ճղի, գցի, ես քեզ լրիվ սովորեցնեմ, հետո պայմանագիր կապենք, որ միայն ինձ մոտ իրավունք ունես աշխատելու, որովհետև ես իմ գիտելիքն ու փորձը քեզ սովորեցնում եմ կարճ ժամկետում»:

Խոսելով նաև սոցկայքերում ակտիվացած ֆիթնես մարզիչների գովազդների մասին՝ Հովհաննես Ավագյանն ասաց. «Հիմա պրոֆեսիոնալն ու գովազդվածը դժվար է իրարից տարբերել, որովհետև պրոֆեսիոնալ մարզիչը կամ մասնագետը ցանկացած բնագավառում ժամանակ չունի գովազդվելու, կամ հարթակներում խոսելու: Ով ժամանակ ունի խոսելու, մարդկանց մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ նա պրոֆեսիոնալ է, որովհետև երբ պրոֆեսինալը չկա, ավտոմատ ոչ պրոֆեսիոնալը պրոֆեսիոնալի դեր է կատարում»:

Ավագյանը նաև շեշտեց, որ շատ դեպքերում ոչ պրոֆեսիոնալ ֆիթնես մարզիչը սխալ աշխատելու դեպքում կարող է վնասել մարդու առողջությունը. «Շատ դեպքեր կան, որ մարդկանց մոտ ողնաշարի, ծնկահոդի խնդիրներ են առաջացել: Այն մասնագետը, ով տասը տարվա և ավելի փորձ ունի, կարծում եմ նա արդեն այնքան մարդու է վնասել, որ դրա վրա սովորել է: Այն մարդն ով հինգ տարվա փորձ ունի, կարծում եմ, պետք է ատեստավորման քննություն հանձնի, իսկ այն մարդը, որն ընդհանրապես փորձ չունի, պետք է մասնագետների խումբ ձևավորվի, քննական հարցաշարեր կազմեն ու այդ մարդիկ դա հանձնեն, ապացուցեն, որ իրենք ֆիթնես մարզիչ են: Օրինակ՝ մեր մարզասրահում էլ մասնագետ ընտրելիս 100 հարցանոց քննական հարցաշար ունեմ, որը պետք է այդ մարզիչը լրացնի, հետո սկսում եմ հասկանալ այդ մարդն ինչից է թույլ ու աշխատում եմ այդ ուղղությամբ: Տարբեր մարզասրահներ տարբեր սկզբունքներով են աշխատում, նայում են, թե ում մոտ ավելի շատ մարզվողներ կան՝ իրենց են ընդունում. սա էլ է խնդիր»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ