ՄԻՊ գործունեությանը միջամտելու, ապատեղեկատվություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է. ՄԻՊ

Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Արմեն Մնացականյանին ուղիղ մեկ ամիս է, ինչ ապօրինի և միայնակ պահում են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային բաժանմունքում՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը: Նա նաև նշել է, որ արդեն 3 օր է, ինչ այս մասին գրավոր և բանավոր եղանակներով տեղեկացրել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին, մինչդեռ, բացի մտահոգություն արտահայտելուց, որևէ արդյունք չի արձանագրվել։

ՄԻՊ-ն արձագանքել է՝ նշելով, որ նման անթույլատրելի գործելաոճով և ձևակերպումներով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը միջամտելու, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ ճնշում գործադրելու, հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է:

«Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Էրիկ Բեգլարյանը՝ հանդես գալով Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անունից և հղում կատարելով փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառմանը, սոցիալական ցանցի իր օգտահաշվում զետեղել է հրապարակում՝ անթույլատրելի գնահատականներ հնչեցնելով Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեության վերաբերյալ:

Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Արմեն Մնացականյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող բողոքը փաստաբան Ռոման Երիցյանի կողմից Պաշտպանի աշխատակազմ է մուտքագրվել 2024 թվականի հոկտեմբերի 15-ին, որից անմիջապես հետո Պաշտպանի հանձնարարությամբ բարձրացված խնդիրը հրատապության կարգով քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, բանավոր ընթացակարգով ստացվել են որոշակի պարզաբանումներ, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձի անվտանգությունն ապահովելու հարցերի առնչությամբ: Բացի այդ, հաշվի առնելով բարձրացված խնդրի հրատապությունը՝ հոկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է որոշում փաստաբան Ռոման Երիցյանի բողոքը քննարկման ընդունելու մասին (չնայած ՄԻՊ օրենքով սահմանված ժամկետը 30 օրն է), որի շրջանակում անհրաժեշտ պարզաբանումների պահանջով գրություն է ուղարկվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքի քննարկման և ՄԻՊ իրավասության շրջանակում ձեռնարկվող միջոցների վերաբերյալ Պաշտպանի ներկայացուցիչը տեղեկացրել է նաև փաստաբանին:

Ընդգծենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը գործում է օրենքով սահմանված ժամկետներում և բացառապես օրենքով ու միջազգային չափանիշներով թույլատրելի մեթոդաբանությամբ, ինչն առավել քան պահպանվել է սույն բողոքի քննարկման շրջանակներում։

Վերոգյալի հաշվառմամբ հատուկ ընդգծում ենք, որ նման անթույլատրելի գործելաոճով և ձևակերպումներով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը միջամտելու, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նկատմամբ ճնշում գործադրելու, հանրության շրջանում ապատեղեկատվություն տարածելու ցանկացած փորձ անընդունելի է, առավել ևս երբ նման հրապարակմամբ հանդես է գալիս մասնագիտական փաստաբանական գործունեություն իրականացնող անձը:

Փաստաբանական գործունեություն իրականացնող անձանց կողմից ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների հետ շփումներում բազմաթիվ են փաստաբանական էթիկայի սկզբունքների և փաստաբանի վարքագծի կանոնների չպահպանմամբ հաղորդակցության դեպքերը, այդ թվում՝ հրապարակային ձևաչափով։ Այս հանգամանքն անթույլատրելի ենք համարում ոչ միայն ՄԻՊ հաստատության հետ շփումների, այլ ընդհանուր առմամբ իրավական պետության սկզբունքների պահպանման տեսանկյունից։

Կարևորելով ՀՀ Փաստաբանների պալատի հետ ձևավորված կայուն համագործակցությունը, արձանագրելով բազմաթիվ դրական արդյունքներ փաստաբանների հետ համատեղ կառուցողական աշխատանքի շրջանակներում՝ ընդգծում ենք նման գործելաոճի անթույլատրելիությունն ու հրավիրում ՀՀ Փաստաբանների պալատի ուշադրությունը նման երևույթները հասցեավորելու անհրաժեշտությանը։ Փաստաբանական էթիկայի սկզբունքներն ու փաստաբանի վարքագծի կանոնները սահմանված են ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային բազմաթիվ փաստաթղթերով։

Հավելենք, որ ՄԻՊ մանդատն ու գործունեության սկզբունքները, վերջինիս անկախությունն ու մանդատը հարգելու չափանիշները սահմանված են միջազգային մի շարք փաստաթղթերում։ Դրանց մի մասին կարող եք ծանոթանալ ՀՀ ՄԻՊ հաստատությանն ի աջակցության Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կողմից հրապարակված հայտարարության տեքստում, որում կարևորվում է նաև նշված չափանիշները չպահպանելու պարագայում պատասխանատվության անխուսափելիությունը»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ