Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը «չի կիրառում». ինչ է փոխվել ՌԴ-ի դիրքորոշման մեջ

«Օվերչուկն է օգտագործել մի քանի օր առաջ «коридор» (միջանցք) արտահայտությունը, ինչն այստեղ մեծ աղմուկ բարձրացրեց, երևի այդ աղմուկից դրդված են ասում՝ չենք օգտագործել: Սա առաջին անգամը չէ, որ մեկ ասում են՝ միջանցք չէ, մեկ «коридор» է, մեկ ասում են՝ վերահսկողություն, մեկ՝ մոնիթորինգ: Կարճ ասած՝ այստեղ պարզապես բառախաղ է գնում»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի արձագանքը ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ՌԴ-ն «Զանգեզուրի միջանցք» տերմինը չի օգտագործում, այս տերմինաբանությամբ չի գործում:

Դալլաքյանի համոզմամբ՝ ռուսական կողմը կցանկանար, որ ընդհանրապես չբացվեր այդ ճանապարհը, այսինքն՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը չլուծվեր, սակայն, ըստ նրա, քանի որ աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնները՝ Նահանգները, Չինաստանը, Եվրոպան, Հնդկաստանը, հետաքրքրված են այդ ճանապարհով, փորձում է գոնե նվազագույնը ստանալ, այն է՝ վերահսկողություն:

«Ցանկանում են դուրս չմնալ կարևոր հաղորդուղիների նկատմամբ գոնե վերահսկողությունից, ու քանի որ Ադրբեջանին նվիրել են Լեռնային Ղարաբաղը, ունեն լծակ, ճնշում են, մյուս կողմից ասում են՝ ավելի լավ է՝ մե՞նք այդտեղ կանգնենք, թե՞ Հայաստանը վերահսկի, կամ նույնիսկ արևմտյան որևէ կազմակերպություն, պարզ է, որ Ադրբեջանը մինիմալ չարիքը կընտրի՝ Ռուսաստանը, որովհետև Արցախում իրենք ունեն գործակցության փորձ, որը հօգուտ Ադրբեջանի էր: Ադրբեջանն էլ գուցե մտածում է, որ հետագայում, երբ ՌԴ-ն թուլանա, այդտեղից էլ կհանեն, ինչպես Ղարաբաղից հանեցին: Այսինքն՝ Ադրբեջանին այդ առումով ճնշելու, կամ պրիտենզիա ներկայացնելու խնդիր չունեն, այստեղ Հայաստանն է, որ ասում է՝ չենք տալու. ՀՀ-ն, Արևմուտքը և նաև Իրանը չեն ուզում արտատարածքային միջանցք, դրա համար խնդիրը այդ երեք կողմերի հետ է»,- մանրամասնում է նա:

Անդրադառնալով Զախարովայի ավելի վաղ արած այն հայտարարությանը, թե բազմիցս խոսել են և շեշտել Ադրբեջանի կառուցողական քայլերը՝ իրենց տները լքած բնակչության վերադարձի առումով, Դալլաքյանը նկատում է՝ արցախահայության վերադարձի իրավունքը ՌԴ-ն միշտ օգտագործելու է և՛ Հայաստանի, և՛ նաև Ադրբեջանի դեմ. «Հարցը նաև Արևմուտքի համար փակ չէ, որովհետև Արևմուտքն էլ ունի իր շահերը: ՀՀ-ն ինքը պիտի բարձրացնի այդ հարցը, բայց օրենքի՝ միջազգային իրավունքների շրջանակներում, որպեսզի ով ուզի, ինչպես ուզի՝ արցախցիներին չհանի տնից, հետո հետ բերի»:

Քաղաքագետը չի բացառում, որ առաջիկայում արցախահայության վերադարձի մասին խոսակցություններն էլ ավելի կակտիվանան, իսկ ՌԴ-ն կկիրառի ցանկացած մեթոդ՝ նորից ԼՂ-ում հայտնվելու համար:

«Օսկանյանի խումը, որը զբաղվում է արցախահայերի հարցով, խոսակցություններ կան, որ ստորագրահավաք է ուզում անել, որ արցախցիները նորից վերադառնան Արցախ՝ ՌԴ պաշտպանության ներքո: Արցախում հյուպատոսություն բացելու խոսակցություններից հետո էլ նույնիսկ խոսակցություններ կան, որ ՌԴ քաղաքացի դարձած արցախցիները կարող են այնտեղ վերադառնալ, ՌԴ-ն նրանց կարող է անգամ ստիպել, 2-3 հազար արցախցին հերիք է, որ նրանք էլի գնան, այդտեղ կանգնեն: Դրանով ՌԴ-ն նաև Ադրբեջանի վրա է ճնշում գործադրելու, էլ չասած, որ կկարողանան այստեղ ներքաղաքական իրավիճակը սրած պահել, ասել՝ տեսեք ՌԴ-ն ասում է՝ հետ եկեք, եկեք գնանք, իսկ այստեղի իշխանությունները ոչինչ չեն անում: Այսինքն՝ Արցախի հարցը մահակ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար»,- կարծում է զրուցակիցը:

Նրա համոզմամբ՝ արցախցիները պետք է կոլեկտիվ հայցով դիմեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի, իսկ երբ ՀՀ ղեկավարությունը համարի, որ պատրաստ է զբաղվել այդ հարցով, ապա Հռոմի ստատուտի շրջանակներում էթնիկ զտման հիմքով արդեն պետք է դիմի ՄԱԿ քրեական դատարան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ